Հոկտեմբերի 11-12-ին Բաքվում կկայանա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծով հանձնախմբերի ժողովը: Հիշեցնենք, նմանօրինակ նախորդ ժողովը կայացավ Երեւանում:
Հանձնախմբերի ժողովին, որի օրակարգում են «տարածաշրջանային հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ սոցիալ-ժողովրդավարական զարգացման հնարավորությունները», պետք է մասնակցի նաեւ ՀՅԴ պատվիրակությունը: Արդեն իսկ հայտնի է դաշնակցական պատվիրակության կազմը` ՀՅԴ բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյան եւ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան. նրանք պատրաստակամություն են հայտնել մեկնելու Բաքու: Սակայն ՀՅԴ պատվիրակության մասնակցությունը ժողովին առ այսօր երաշխավորված չէ, քանի որ Թբիլիսի-Բաքու ավիաթռիչք իրականացնող «Ազալ» ադրբեջանական ավիաուղիների թբիլիսյան գրասենյակը պահանջում է նրանց այցի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել Վրաստանում Ադրբեջանի դեսպանատնից կամ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից: Այժմ այս խնդիրների լուծմամբ զբաղվում է Սոցինտերնը:
Հավելենք նաեւ, որ 2008-ին դաշնակցական Մարիա Թիթիզյանն ընտրվեց Սոցինտերնի փոխնախագահ, նույն թվականին Մարիո Նալբանդյանը ընտրվեց կազմակերպության ԱՊՀ-ի եւ Կովկասի, ինչպես նաեւ Սեւ ծովի հանձնախմբերի համանախագահ:
Հ. Ա.