Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով վաղը` հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 11-ին Սլովենիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետեւ Սլովենիայի նախագահը կհյուրընկալվի Հայաստանի նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում են Հայաստանի եւ Սլովենիայի նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ Դանիլո Թյիրկը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահի նստավայրում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սլովենիայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ:
Ա. Հ.