Վերջնական ապահովագրավճարներըՙ 19 000-110 000 դրամ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը եւ Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի (ԱԱԲ) գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը երեկ «Նովոստի» գործակալությունում լրագրողներին ներկայացրին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վճարների սակագները: Հիշեցնենք, որ խոսքը ավտոտրանսպորտային միջոցների կողմից երրորդ անձանց պատճառված առողջական կամ գույքային փոխհատուցման մասին է, այլ ոչ թե մեղավոր կողմի մեքենային պատճառված վնասի փոխհատուցման:
Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ անցկացվել են հաշվարկներ առկա տվյալների հիման վրա եւ համադրվել միջազգային փորձի հետ, որի արդյունքում ԱԱԲ-ն կայացրել է իր եզրակացությունները ավտոապահովագրման վճարների հետ, որոնք էլ գրանցվել են Կենտրոնական բանկի կողմից: ԱՊՊԱ սակագների հաշվարկման համար հաշվի են առնվել ռիսկայնության հետեւյալ գործոններըՙ տրանսպորտային միջոցների տեսակ, օգտագործման նպատակ, վարորդի տարիք եւ ապահովագրական ստաժ, շարժիչի հզորություն: Որպես ռիսկային գործոններ հաշվի չեն առնվել տրանսպորտային միջոցի շահագործման վայրը, շահագործման տարեկան ինտենսիվությունը, ապահովադրի առողջական վիճակը:
Ըստ Վաչե Գաբրիելյանիՙ սահմանված սակագների նվազագույն եւ առավելագույն սահմանները գտնվում են 19 հազար դրամից մինչեւ 110 հազար դրամի սահմաններում: Ըստ ԿԲ փոխնախագահիՙ ապահովագրական ընկերությունները բարձր շահութաբերություն չեն ունենալուՙ 5-6 տոկոս, եւ կարող են մրցակցել 5-6 հազար դրամի սահմաններում: Նվազագույն սակագնի դեպքում դա 25 հազար դրամի, առավելագույնի դեպքումՙ 106 հազար դրամի ժամանակ:
Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առավելագույնՙ 106 հազար դրամ պետք է վճարի, ենթադրենք, «Համմեր» մեքենայի 23 տարեկանից ցածր վարորդը, որն ունի 3 տարուց ցածր վարելու փորձ եւ այդ մեքենան վարում է որպես տաքսի: Իսկ ընդհանրապես, մինչեւ 80 ձիաուժ հզորություն ունեցող «Գազ» 2101-2109, «Վազ», «Մոսկվիչ», «Օկա», 80-141 ձիաուժ ունեցող «Վազ» 2110-2115, «Նիվա», «Վոլգա», VW Golf, Mercedes C180, E180, Opel Vectro, Toyota Corolla, Kia մեքենաների ավտոապահովագրավճարը սկսվում է միջինը 25 հազար դրամից, մինչեւ 32 հազար դրամ: Ըստ ԿԲ փոխնախագահի, այս երկու խմբերում ընդգրկված է ավտոտրանսպորտային միջոցների մոտ 80 տոկոսը: Վաչե Գաբրիելյանը հայտարարեց նաեւ, որ Կենտրոնական բանկի համապատասխան որոշումըՙ պարտադիր ավտոապահովագրության մասին, ուժի մեջ կմտնի 10 օրից, ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 18-ից ապահովագրական ընկերությունները կսկսեն կնքել ապահովագրական պայմանագրերը:
Արդեն գրանցվել են 370 ապահովագրական գործակալներ, որոնց թիվը, ԿԲ փոխնախագահի հավաստմամբ, կավելանա եւ մինչեւ ամսվա վերջ կհասնի 500-ի: Նրանք բոլորը գրանցվելու են Կենտրոնական բանկում, եւ ամեն մի անձ կարող է ԿԲ կայքից տեղեկանալ, տվյալ գործակալը գրանցվա՞ծ է, թե՞ ոչ:
Վահան Ավետիսյանն ասվածին ավելացրեց, որ սահմանված են պայմանագրերի կնքման պայմաններն ու ձեւերը: Դրանք բոլորը նույնն են լինելու, որի նպատակն է ապահովել դրանց հեշտ ընկալելը: ԱԱԲ տնօրենի հավաստմամբ, ապահովագրական շուկայում պարտադիր ապահովագրության արդյունքում կշրջանառվեն 10-12 մլրդ դրամ: Այդ գումարի 72-78 տոկոսը, ԱԱԲ հաշվարկներով ուղղվելու է փոխհատուցումներին: Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն է կրում մեքենայի սեփականատերը, եթե սահմանված ժամկետում մեքենան չի ապահովագրում դրա այս կամ այն պատճառով չօգտագործվելու դեպքում, Վահան Ավետիսյանն ասաց, որ ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրությունից խուսափելու դեպքում մեքենան վարելիս տուգանքը կազմում է 50 հազար դրամ: Եթե մեքենան չի օգտագործվում եւ չի ապահովագրվում, ապա դարձյալ տուգանվում էՙ յուրաքանչյուր 10 չապահովագրված օրվա համար 5 հազար դրամ, բայց ոչ ավելի, քան տարեկան 100 հազար դրամը: Չօգտագործվող մեքենայի չապահովագրվելու միակ հիմքը այն հաշվառումից հանելն է:
Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ վերջնական ապահովագրավճարների չափերը կհրապարակվեն ԱԱԲ կայքում: