«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2010-10-07 | #183, 2010-10-08 | #184, 2010-10-09


Ո՞ՒՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑՈՐԵՆԸ

Հացով որոշակի ինքնաբավությունը նպատակ հռչակելով աստիճանաբար հայտնվում ենք աննպատակ իրավիճակում:

Օրեր առաջ հայաստանյան հանրությունը ականատեսն ու ունկնդիրը դարձավ իրեն անչափ հուզող հարցի արծարծման. ՀՀ կառավարությունն աննախադեպ քայլեր է ձեռնարկում երկիրը սեփական պարենային ցորենի որոշակի քանակով ապահովելու ուղղությամբ, այդ նպատակով ՌԴ-ում ձեռք բերելով 900 տոննա էլիտար հացահատիկի սերմացու: ՀՀ գյուղնախարարը այս առումով նշեց, որ 1 հա-ի հաշվով 300 կգ ցանքը, մի շարք նախապայմանների բավարարման պարագայում, երաշխավորում է բարձր բերք: Ցավոքՙ չնշեց ինչքան, քանզի ՌԴ-ի հացահատիկային դաշտերում ստացվող 2.5-3 տ բերքատվությունը հարաբերականորեն կարելի է բարձր համարել:

Ընթերցողին ներկայացնենք բերված թվերի պարզ վերլուծությունը: Ստացվում է, որ 900 տոննայով ցանք կարելի է կատարել 3000 հեկտարի վրա, ուր միջինը 3 տ բերքի պարագայում ստացվում է 9000 տ ցորեն, որը ՀՀ ակնարկվող 600 հազար տոննա պահանջարկի 1,5 տոկոսն է կազմում, սերմացուի մոտ 15 տոկոսը: ՀՀ-ում դժվար գտնվի մեկը, որ այս թվերը ոգեւորություն ներշնչող համարի: Թեեւ մամուլի որոշ միջոցներ արդեն հեռարձակել են գյուղհամայնքների ու հողագործների խոսքերը տրվելիք 1 միավոր սերմացուի դիմաց եկող աշնանը 2 միավոր վերադարձնելու աննպատակահարմարության շուրջը, այսուհանդերձ նախաձեռնությանը հաջողություն մաղթենք, հուսալով, որ անշահախնդիր ամեն ինչ արվում է հայաստանցի հողագործին օգնելու նպատակով:

ՀՀ գյուղացուն օգնելու քայլեր անշուշտ իրականացվում են, թեեւ խոչընդոտներ ստեղծելը, ասենքՙ ջրավարձի բարձրացումը, առավել է խփում գյուղացու աշխատանքին: Այսուհանդերձ ինչ-որ բաներ արվում են, որոնք, թող ներվի ասել, տեսանելիորեն չեն բարելավում գյուղացու ու գյուղական համայնքների վիճակը, քանզի չեն բխում բուն գյուղքաղաքականության էությունից, ՀՀ գյուղատնտեսությունը կողմնորոշում են դեպի այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդը դառնալուն, բանանա-սրճա-թեյայինի մի նոր տարբերակի: Կարծիքը խիստ համարողների համար նշեմ, որ գնահատականը անգամ մեղմ կարելի է նկատել, քանզի տարեցտարի մեր պարենային անվտանգությունն առավել է կախման մեջ դրվում ներկրումներից, հայ գյուղացուն հողից հոգնեցնելու հետեւանքով: Որեւէ լուրջ հարցադրում, թե ինչո՞ւ, դնելու ցանկություն պարզապես չկա, այն իրենցից հեռու են վանում ՀՀ գյուղի համար պատասխանատու 2 նախարարությունները` տարածքային կառավարման ու գյուղատնտեսության պետական կառույցները:

Արված գնահատականը հաստատվում է ՀՀ ԱՎԾ-ի տարեկան հաղորդումների գյուղոլորտին վերաբերող վիճակագրությանը ծանոթանալով: ՀՀ-ում բուսաբուծությանը բաժին է ընկնում գյուղարտադրանքի երկու երրորդը, անասնաբուծությանըՙ մեկ երրորդը, երբ զարգացած գյուղոլորտ ունեցող երկրներում գրեթե հակառակն է: ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության մի ուսումնասիրության համաձայնՙ ՀՀ-ից արտահանվող 5 հիմնական պարենապրանքներն են ալկոհոլը, ծխախոտը, աղացած ու հատիկ սուրճերը եւ տոմատը: Իսկ ահա տեսեք, թե 10 հիմնական միս արտահանող երկրների ցանկում ում ենք հանդիպում. Բրազիլիայից ու ԱՄՆ-ից հետո երրորդը Հոլանդիան է, Գերմանիային ու Ավստրալիային հաջորդում է Դանիան, Ֆրանսիայինՙ Բելգիան, Կանադայինՙ Նոր Զելանդիան: Ուղղակի զարմանալ կարելի է, թե 43 հզ. ք.կմ տարածք ունեցող Դանիան ինչպես է կարողանում 4,5 մլն տոննա հացահատիկ արտադրել: «Զարմանալ կարելի է» ասում եմ, թեեւ տեղյակ եմ, որ վարելահողերի շուրջ 40 տոկոսը հացահատիկի մշակման տակ են դնում, ուր 1 հեկտարից 7-8 տոննա բերքը միջին ցուցանիշ է: Նշենք, որ երկրի բնակլիմայական պայմանները պարզապես նպաստավոր չեն եգիպտացորենի մշակման համար: ՀՀ-ում գեթ մեկ մասնագետ չեք գտնի, որ կպատասխանի, թե ինչպես են դանիացիները նման արդյունք ապահովում 55 աստիճանից վերեւ գտնվող իրենց տարածքներում: Դրա համար թերեւս մասնագիտական մոտեցում է պետք, որը ՀՀ-ում փոխարինվում է «հայ գյուղացուն ոչինչ սովորեցնել պետք չէ, նա յուրաքանչյուր մասնագետից շատ ավելին գիտի» ինքնաարդարացմամբ: ՀՀ բյուջեի հաշվին պահվող մասնագիտական կառույցը նվազագույն առնչություն ունի գյուղում ծավալվող իրադարձություններին, քանզի երկրով մեկ մշակվող հացահատիկային մշակաբույսերի 1 հա-ի միջին բերքատվությունը տատանվում է 2-2,5 տ-ի միջեւ: Պատճառաբանություններ ինչքան ուզեք, գյուղքաղաքականությունը վերանայելու նախաձեռնություն` ոչ մի դեպքում:

Հարցը, թե ինչքանով է իրատեսական 600 հզ. տոննա ցորենի պարագայում ՀՀ պարենային ապահովությունը ինքնաբավ համարել, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ երբ 2007-ին արձանագրվեց 453 հզ. տոննա հացահատիկի արտադրություն, որեւէ մեկի մտքով չանցավ հացով մեր ապահովվածությունը հասցնել 75 տոկոսի, քանզի նման հայտարարությունը նվազագույնը տարակուսանք կառաջացներ: ՀՀ-ի համար ահռելի հռչակվող այս ծավալի կողքին այդ տարում երկիրը 375 հզ. տոննա ցորենի, 13 հզ. տոննա ալյուրի, 11 հզ. տոննա հացաբույսերից մթերքների ու մակարոնեղենի ներմուծում է իրականացրել: Ստացվում էՙ պետք է հավատալ ՀՀ ԱՎԾ-ի այն հաղորդագրությանը, ըստ որի ՀՀ 1 բնակչի հաշվով հացամթերքի օրական փաստացի սպառումը կազմում է 490 գրամ: Այս թվերի արդյունքում ՀՀ բնակչության տարեկան սպառումն անցնում է 500 հզ. տոննայից, որին դժվար է համակերպվել հենց թեկուզ այն պատճառով, որ նույն ԱՎԾ-ն վերջին տարիներից յուրաքանչյուրում ՀՀ-ում սպառվող հացամթերքի քանակը ցույց է տալիս 300 հզ. տոննայի սահմանում: ՀՀ գյուղնախարարությունը իր ռազմավարական փաստաթղթերից մեկում նշում է. ոչ պաշտոնական տվյալներով հանրապետությունում օրական թխվում է մոտ 500 տ հաց: Տարեկան ստացվում է 180 հզ. տոննա:

Այս խառնաշփոթը լավագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ լուծել, քանզի տեսնում ենք, որ ոչ միայն պարզություն չկա ՀՀ բնակչության կողմից հացամթերքների սպառման հարցում, այլեւ պարզ չէ, թե ցորենի ինչ քանակ է օգտագործվում օղու թորման նպատակով, ինչ ծավալ է կազմում լավաշը, եւ ինչքան է անասնակերի նպատակով ծախսվողը: Վերջինը գյուղոլոտում արդյունքների հասած երկրները փոխարինում են առավել արդյունավետ եգիպտացորենի հատիկի օգտագործմամբ, որը ՀՀ-ում գրեթե բացակայում է: Եթե ցորենի համաշխարհային արտադրությունը 2000-2007 թթ. 586 մլն տոննայից հասել է 607 մլն տոննայի, ապա եգիպտացորենի հատիկը համապատասխանաբար 592 եւ 822 մլն տոննա է կազմել: Հանրահայտ «կուկուռուզի հատիկը» արդեն մեկ տասնամյակ երկիր մոլորակի թիվ 1 մշակաբույսն է դարձել, որը մեզանում չեն տեսնում ու ընդունում: Ցորենի համեմատ ցանքսի աննշան, իսկ բերքատվությամբ զգալիորեն գերազանցող այս մշակաբույսը ահռելի քանակներով աճեցնում են ԱՄՆ-ում ու Չինաստանում, Եվրոպայում ու Աֆրիկայի հարավում, Բրազիլիայում ու Օվկիանիայում. այն անասնակերում օգտագործելը երաշխավորում է անասունի բարձր մթերատվություն, արդյունավետ կաթնամսաարտադրություն, դրանց մատչելիություն բնակչությանը, որն իր հերթին նվազեցնում է հացամթերքների օգտագործումը: ՀՀ-ի պարագայում ունենք 100 միլիոնավոր դոլարների հասնող մսամթերքների, պատրաստի սննդի արտադրանքի, կաթի փոշու ու պանրի, հատիկաընդեղենի ու մակարոնի, վարունգի ու խաղողի, սոխ-սխտորի ու անգամ գազարի ներկրումներ. ցորենի պետական գնման մասին ընդհանրապես չի խոսվում, որը զգալի օգնություն կլիներ գյուղացուն, թե՛ բերքի երաշխավորված իրացման, թե՛ գնի հարցում. տխուր ու մտահոգիչ է, եթե այլ խոսքեր չօգտագործվեն: Ի դեպ, օրերս ՌԴ-ն արգելեց բրազիլական մսի ներմուծումը ինչ-ինչ պայմաններ չբավարարելու արդյունքում. արդյոք հայաստանցիներս առավել դիմացկո՞ւն ենք այդ պայմանների հանդեպ:

Ի՞նչ է անհրաժեշտ այս վիճակը շտկելու համար: Թերեւս ՀՀ բարձրագույն ղեկավարության երկրի գյուղքաղաքականությունը կանոնակարգելու վճռականություն, որն առայժմ փոխարինվում է հերթական նախարարի ոլորտի հանդեպ պատկերացումներով ու հայերիս հիմնախնդիրը կիսամիջոցներով լուծելու արդեն բազմիցս հաստատված անհեռանկարային փորձարկումներով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 2006-2008թթ ՀՀ գյուղնախարարի խորհրդական


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4