«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2010-10-07 | #183, 2010-10-08 | #184, 2010-10-09


ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են

Տրանսպորտի եւ կապի նախարարությունում երեկ եռակողմ հուշագիր ստորագրեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության ՊՈԱԿԻ տնօրեն Ֆելիքս Փիրումյանը, «Էգիս Բիսոմ ինտերնեյշնլ» ֆրանսիական կազմակերպության ծրագրի ղեկավար Ջոն Ֆրիզերը եւ Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Մինչ հուշագրի ստորագրման արարողությունը տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողներին ասաց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, տեղի են ունեցել առաջին տրանշի նախագծման, երկրորդ եւ երրորդ տրանշների վերահսկման աշխատանքների մրցույթները, որոնցում հաղթել է ֆրանսիական «Էգիս Բիսոմ ինտերնեյշնլ» ընկերությունը: Նախարարի խնդրանքով ընկերությունը համաձայնել է ճանապարհի կառուցման ընթացքում ներգրավել նաեւ Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի բարձր կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողներինՙ 78 հոգու: Եռակողմ հուշագրի ստորագրումը հենց այս պայմանավորվածության վավերացումն էր:

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մանրամասները ներկայացրեց Ֆելիքս Փիրումյանը: Նա տեղեկացրեց, որ 556 կմ երկարությամբ այդ ճանապարհը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին, լինելու է արագընթացՙ 100 կմ/ժ արագությամբ, անցնելու է մեր երկրի ամբողջ տարածքով, կապելով Մեղրին Բավրայի հետ: Երեւանից Աշտարակ եւ Երեւանից Արարատ հատվածները ընդգրկված են կառուցման առաջին տրանշի մեջ, որի արժեքը կկազմի 70 մլն դոլար: 60 մլն դոլարը տրամադրել է Ասիական զարգացման բանկը, 10 մլն դոլարըՙ համաֆինանսավորել Հայաստանի կառավարությունը: Մինչ աշխատանքները սկսելը, ինչպես հայտնեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի տնօրենը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դիմել է աշխարհի 15 առավել հայտնի ճանապարհաշինական ընկերություններին, մեր երկրում հավատարմագրված դեսպաններին, Հայաստանի արտգործնախարարության միջոցովՙ արտերկրում Հայաստանի դեսպանատներինՙ արտերկրի լավագույն փորձն այս ճանապարհի կառուցման աշխատանքներում ներգրավելու համար:

Ֆելիքս Փիրումյանը նաեւ հայտնեց, որ առաջին տրանշի շինարարության տարբեր հատվածներում կկառուցվի երկու տեսակի ճանապարհՙ ասֆալտբետոնե եւ միայն բետոնային ծածկով: Կախված այն բանից, թե որն ավելի դիմացկուն կլինի մեր բնակլիմայական պայմաններում, այդ տեխնոլոգիայով էլ կշարունակվեն կառուցվել ճանապարհի մյուս հատվածները:

«Էգիս Բիսոմ ինտերնեյշնլ» ֆրանսիական կազմակերպության ծրագրի ղեկավար Ջոն Ֆրիզերը իր ուրախությունը հայտնեց ճանապարհաշինական ծրագրերում Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների ընդգրկմամբ: Նա նաեւ հայտնեց, որ իր ներկայացրած կազմակերպությունն իրականացնելու է առաջին տրանշի նախագծման, երկրորդ եւ երրորդ տրանշների վերահսկման աշխատանքները, որոնցում ներգրավված են 10 միջազգային եւ 19 տեղի փորձագետներ:

Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարեւորեց, որ իր ղեկավարած բուհի ուսանողները կմասնակցեն ճանապարհի կառուցման ամբողջ ընթացքինՙ նախագծումից մինչեւ շինարարական աշխատանքներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4