«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2010-10-07 | #183, 2010-10-08 | #184, 2010-10-09


ՄԻԼԱՆԴԱ ԴԸ ՄՈՆՏ-ԳՐԻԳՈՐՅԱՆԸՙ ԳՈՍՖՈՐԴԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Ավստրալական Գոսֆորդ քաղաքի տեղական կառավարման խորհրդի հովանավորությամբ «Շրջանային արվեստի պատկերասրահի» հիմնադրման 10-րդ տարեդարձին նվիրված արվեստների ամենատարբեր (նկարչության, քանդակագործության, լուսանկարչության, տեղակայման, կերամիկական եւ տեսագրման) բնագավառների ցուցահանդես-մրցույթում համընդհանուր մրցանակի (10 հազար դոլար) է արժանացել միջազգային ճանաչում ձեռք բերած հայազգի աբստրակտ նկարչուհի Միլանդա դը Մոնտ-Գրիգորյանը: Այս մասին է տեղեկացնում «սրտանց եւ ուրախությամբ» այդ առթիվ հրապարակված հաղորդագրությունը, որ նաեւ տեղեկացնում է, թե Միլանդան բնակվում է Ավստրալիայում (Սիդնեյ) եւ Գերմանիայում եւ այցելել է Երեւան 2004, 2009 եւ 2010 թվականներին:

«Միլանդայի արծնապատ կտավները բնորոշում են ազատ մտածելու արտիստական արտահայտչամիջոցների նրա գաղափարները: Նրա թափանցիկ վրձնահարվածները արտահայտում են ինքնուրույն կենսունակություն եւ զգացմունքային թրթիռներ: Բնությունից ներշնչվելով, նա կարողանում է ձեռք բերած շարժումներն ու էներգիաները գույների, գծերի եւ ձեւերի միջոցով փոխանցել կտավին եւ նրանում պատկերված թեմային: Նրա ոճը աբստրակտ-էքսպրեսիոնիստական է: Դրանով նա վարպետորեն կարողանում է արտահայտել բնության եւ մարդու միջեւ գոյություն ունեցող կապը: Նրա ստեղծագործությունները տեսողական երկխոսություններ են, որոնք իմի են բերում աշխարհընկալման նրա դատողությունները» գրված է հաղորդագրության մեջ: Նա նաեւ կատարողական արվեստներիՙ պարի եւ երաժշտության բնագավառներում է ընդգրկված:

Գոսֆորդի արվեստների մրցանակաբաշխությունը ամենամյա միջոցառում է, որն արդեն մեծ համբավ եւ ժողովրդականություն է վայելում: Գոսֆորդի շրջանային արվեստի պատկերասրահը անցած տասը տարիների ընթացքում կազմակերպել է 230 ցուցահանդեսներ եւ ընդունել 1,5 միլիոն այցելուների:

Այս տարվա մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել 517 արվեստի գործեր, որոնցից ժյուրիի անդամներըՙ Մակքուերի համալսարանի արվեստի պատկերասրահի ավագ կուրատոր Ռոնդա Դեյվիսի գլխավորությամբ, ընտրել են 154 ստեղծագործություններ ցուցադրման համար: Այդ 154 աշխատանքներից համընդհանուր մեկ մրցանակի է արժանացել մեր հայրենակիցըՙ Միլանդան, ով սեպտեմբերի 10-ին պատկերասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Գոսֆորդի քաղաքապետից անձամբ կստանա իր 10 հազար դոլարի մրցանակը:

Իսկ 154 ավարտական փուլ հասած գործերի ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 21-ը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4