Ալեքսան Ավետիսյանն աշխատանքը կշարունակի ՀԱՕԿ-ի փոխնախագահի պաշտոնում
Վերջին շրջանում բավական լարված մթնոլորտ էր ստեղծվել ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայում, որի անդամների մեծամասնությունն անվստահություն էր հայտնել կազմակերպության նախագահ Ալեքսան Ավետիսյանինՙ պահանջելով նրա հրաժարականը, մեղադրելով նրան ֆինանսական չարաշահումների մեջ:
Եվ ահա երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ նիստը, որին ներկա էին մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսան Ավետիսյանը:
Գագիկ Ծառուկյանը բացման խոսքում նշեց, որ Մարիուս Վիզերը հարգելով մեզ, մտահոգվելով ստեղծված իրավիճակով, թողել է գործերը եւ ժամանել է Երեւան, ինչի համար շատ շնորհակալ են: Նա ծանոթացել է իրադրությանը, զրուցել կողմերի հետ: ՀԱՕԿ-ի նախագահը նշեց, որ ինչպիսի որոշում էլ որ կայացնի Վիզերը, ինքը կհամաձայնվիՙ հարգելով նրան:
Ալեքսան Ավետիսյանը հակիրճ ներկայացրեց ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր գործունեությունը, նշելով, որ եթե 1992-ին մարզաձեւով ընդամենը 340 հոգի էր զբաղվում, ապա այսօր պարապողների թիվը 3500 է: Միջազգային մի շարք մրցումներում հայ ձյուդոյիստները մրցանակակիրներ են դարձել: Նա ընդունեց, որ աշխատանքի ընթացքում եղել են բացթողումներ, որոնք էլ դժգոհության տեղիք են տվել: Ալեքսան Ավետիսյանը հայտարարեց, որ համաձայն կլինի ՀԱՕԿ-ի նախագահի եւ Մարիուս Վիզերի ցանկացած որոշմանը, պատրաստ է շարունակել աշխատել հանուն ձյուդոյի զարգացմանՙ այս պահից վայր դնելով ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի իր լիազորությունները:
Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդակցելով Մարիուս Վիզերի հետ, եկել են համաձայնության հետեւյալ տարբերակի շուրջը: Նախ, հաշվի առնելով Ալեքսան Ավետիսյանի աշխատանքային զգալի փորձը մարզաշխարհում, նրան աշխատանքի ընդունել ՀԱՕԿ-ի փոխնախագահի պաշտոնում: Իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի աշխատանքներն իր հսկողության տակ է առնելու Մարիուս Վիզերը, որը մինչեւ հոկտեմբերի վերջն իր ներկայացուցչին է ուղարկելու Հայաստանՙ բոլոր ծախսերը վերցնելով իր վրա: Մեր ֆեդերացիայի կողմից ընտրված անձնավորությունն էլ համատեղ կաշխատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչի հետ: Փաստորեն, ֆեդերացիան կգլխավորեն 2 հոգի: Իսկ մինչեւ ընտրությունը, ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները դրվեցին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի վրա: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ նշեց, որ միջազգային ֆեդերացիան ձյուդոյի բարձրակարգ մարզիչ է գործուղելու Հայաստան, որի ծախսերն անձամբ հոգալու է Գագիկ Ծառուկյանը: Նա կգլխավորի Հայաստանի հավաքականը, կօգնի մեր մարզիչներին:
Մարիուս Վիզերը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին, որն ըստ նրա ոչ միայն հզոր, այլեւ ազնիվ մարդ է, շատ մեծահոգի ու ներդրումներ է կատարում հայկական սպորտում: Նա նշեց, որ ծանոթացել է ֆեդերացիայի անդամների բողոքներին եւ ենթադրում է, որ դրանց մեծ մասը ճիշտ են, սակայն միայն դատավորը կարող է հստակ գնահատական տալ կատարվածին: Նա տեղեկացրեց, որ ստուգումներից պարզվել է, որ 2004-ից Ալեքսան Ավետիսյանը ֆրանսիական «Նորիս» ֆիրմայի հետ պայմանագիր ունի կնքած որպես Հայաստանում այդ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ եւ կազմակերպել է այդ ֆիրմայի արտադրանքի վաճառքը: Այս փաստն առիթ է, որպեսզի այսուհետ արգելվի որեւէ երկրի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի դառնալու ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչ:
Միջազգային ֆեդերացիայի նախագահը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով կհաջողվի Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում ստեղծված այս իրավիճակը շտկել եւ նպաստել Լոնդոնի օլիմպիական խաղերին հայ ձյուդոյիստների պատշաճ նախապատրաստությանը: