«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2010-10-08 | #184, 2010-10-09 | #185, 2010-10-12


ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

8 հարյուր գրամանոց փոքրիկը, որը ծնվել է մեկ ամիս առաջ, եւ որից հրաժարվել է հարազատ մայրը, այժմ Նոյեմբերյանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում է, որտեղ պայմանները պարզապես աղետալի են: Ցածր ջերմաստիճան, կիսավեր լվացարաններ, հիգիենիկ, մեղմ ասած, վատ իրավիճակ: Բժիշկները ամեն ինչ անում են փոքրիկ աղջնակի քաշը նորմայի բերելու, նրա կյանքը փրկելու համար, որը, ցավոք, հիվանդանոցի ներկա պայմաններում պարզապես հրաշք է թվում:

Հենց այս իրավիճակում է Նոյեմբերյանի հիվանդանոցն այսօր, սակայն հոկտեմբերի 10-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների շնորհիվ, ՀՀ կառավարության աջակցությամբ հիվանդանոցը ստացավ նոր, վերակառուցված շենք, իսկ, ինչպես վստահեցրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը. «Շուտով հիվանդանոցը կստանա նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումներ, որոնց մի մասն արդեն իսկ Հայաստանում է, իսկ մյուս մասը Հայաստան կուղարկի Գերմանիայի հայ բժիշկների միությունը»:

Նոյեմբերյանի հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի հայ համայնքների նվիրատվությունների շնորհիվ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անձամբ 100 հազար դոլարի նվիրատվություն է արել. «Առհասարակ Հայաստանին օգնելու ավանդույթը Լիբանանում դեռեւս նախկին վարչապետ, այժմյան վարչապետի հայր Ռաֆիկ Հարիրիի օրերից է մնացել: 1988-ի երկրաշարժի ժամանակ նա անձամբ 500 հազար դոլար նվիրաբերեց երկրաշարժից տուժածներին: Իսկ այժմ, երբ վարչապետ Սաադ Հարիրին լսեց հայկական այս ձեռնարկի մասին, անմիջապես ցանկություն հայտնեց օգնելու», ասաց Լիբանանի վարչապետի խորհրդական, նրա անձնական ներկայացուցիչ Արա Սիսեռյանը:

Նոյեմբերյանի վերակառուցված հիվանդանոցը, որը եռահարկ շինություն է, բացառիկ կարեւորություն ունի մարզի համար: Այն քաղաքի եւ շրջակա գյուղերի միակ առողջապահական հաստատությունն է, որը կարող է սպասարկել ավելի քան 30 հազար բնակչի: Հիվանդանոցը կունենա պոլիկլինիկա` ֆիզիոթերապեւտիկ սրահով, ատամնաբուժարան, թերապեւտիկ, վերակենդանացման, վիրաբուժական, մանկաբարձական, գինեկոլոգիայի, ինֆեկցիոն եւ ախտորոշիչ բաժանմունքներ եւ ընդհանուր առմամբ 30 հիվանդասենյակ: Բոլոր 30 սենյակներն ունեն սանհանգույցներ` ապահովված տաք եւ սառը ջրով: Շենքի ջեռուցումը կապահովվի նորակառույց կաթսայատան միջոցով: Կառուցվել է նաեւ վերելակ, որը Նոյեմբերյանում գործող միակ վերելակն է: Բարեկարգված է նաեւ հիվանդանոցի շրջակայքը: Նվիրատուներից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը նշեց. «Շատ կարեւոր է, որ մենք Շվեյցարիա-Լիբանան-Գերմանիա-Ավստրալիա համատեղ ջանքերով կարողացանք ստեղծել այս հիվանդանոցը: Շատ եմ ուզում, որ այն ծառայի հատկապես որպես ծննդատուն, որ այստեղ ծնվեն մեր զավակները, մեր ապագա արծիվները»: Ի դեպ, մինչեւ այժմ Նոյեմբերյանի հիվանդանոցը տարեկան ընդունել է շուրջ 400 ծնունդ, իսկ վերակառուցումից հետո կոլեկտիվն ակնկալում է, որ ծնունդների թիվը կավելանա եւս 80-ով: Բժիշկները ծնելիության ցածր մակարդակի պատճառներից մեկը համարում են նաեւ այսօր գործող ծննդատան ոչ բարվոք վիճակը:

ՀՀ կառավարության պատվիրակության անդամ, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նույնիսկ հետաքրքվեց բժիշկներից, թե որքա՞ն է կազմում բժիշկ-գինեկոլոգի ամսական աշխատավարձը. «300 հազար դրամ», նշեց բժիշկներից մեկը: Գեւորգյանը` դիմելով Քուշկյանին, նշեց. «Դե, եթե հաշվի առնենք, որ մեր աշխատավարձը 300 հազարից քիչ է, կարելի է այսուհետեւ գինեկոլոգ աշխատել»:

Արմեն Գեւորգյանը նաեւ նշեց, որ նմանատիպ ծրագիր կառավարությունը կիրականացնի նաեւ մարզի մեկ այլ բնակավայրում` Բերդում, ինչպես նաեւ Սյունիքի մարզում: Առողջապահության նախարարն իր խոսքում ընդգծեց, որ հիվանդանոցի շինարարությունն իրականացնելիս հաշվի են առնվել նաեւ բժշկական նրբությունները. «Շատ շուտով կունենաք գերժամանակակից ռենտգեն համակարգ»: «Հայաստան» համամահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նույնպես երաշխավորեց, որ հիվանդանոցին սարքավորումներ տրամադրելը առանձին ծրագիրը, որն իր վրա է վերցրել հիմնադրամը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ, շնորհակալություն հայտնելով հիմնադրամին, նվիրատուներին եւ բոլոր շինարարներին, ընդգծեց, որ ընդհանուր առմամբ Նոյեմբերյանի վերակառուցված հիվանդանոցը 113 բժշկի կապահովվի աշխատանքով:

Նասիբյան Կոլյայի որդին` Միքայելը

Հիվանդանոցի բակում միջին տարիքի մի մարդ շարունակ ուղղում էր տեղադրված կիսանդրու առջեւի ծաղկեպսակը: Կիսանդրին գյուղական բժիշկ Կոլյա Նասիբյանինն է, որի անունուվ էլ կոչվում է Նոյեմբերյանի վերակառուցված հիվանդանոցը, իսկ միջին տարիքի տղամարդը Միքայել Նասիբյանն էր` «բժշկի որդին», ինչպես նրան դիմում են ծանոթները: «Մասնագիտությամբ էլեկտրիկ եմ, սակայն բժշկությունը հեռու չի գնացել մեր ընտանիքից. աղջիկս սովորում է բժշկական համալսարանի երկրորդ կուրսում, հարսս բժշկուհի է, եղբորս որդին նույնպես ապագա բժիշկ է», մեր զրույցում ասած Միքայել Նասիբյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Նոյեմբերյան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4