Ո՞ւմ է պատկանում Երուսաղեմը: Արաբական-մուսուլմանական աշխարհի պնդմամբ` իսլամական սրբավայր է, հրեաները, քրիստոնյաները քաղաքն անվանում են քրիստոնեության գլխավոր սրբավայր: Ե՛վ հրեաների, ե՛ւ արաբների համար Երուսաղեմը ազգային միասնության խորհուրդ ունի, սեփական ինքնությունը, սոցիալական, արժեքային համակարգերը պահպանելու նշանակություն:
Ո՞ւմ է պատկանում Ղարաբաղը, եթե այս հարցն ուղղենք հայերին ու լինենք առավել անկեղծ` ներկայացնելու պատասխանները, ապա «Էլի՞ Ղարաբաղ» պատասխանը թերեւս շատ տարածվածը կլինի, կլինեն նաեւ ոմանք, ովքեր կպատասխանեն` «Ոչ ինձ», սակայն, անշուշտ, «Հայկական տարածք է» պատասխանը կլինի գերակշռող: Իսկ եթե ադրբեջանցիներին ուղղենք այս հարցը, ավելի ճիշտՙ Ադրբեջանի քաղաքացիներին, իսկ դրանք տարբեր բաներ են, ապա, կլսենք բավական հետաքրքական եւ հակասական պատասխաններ. «Ադրբեջանն ամենեւին էլ միակլան չէ, այնտեղ ապրում են «հակաալիեւականներ, թալիշներ, լեզգիներ, լեռնային հրեաներ եւ այլք: Ադրբեջանի քաղաքական, սոցիալական, արժեքային համակարգը շատ փխրուն է, եւ Ղարաբաղով նրանք փորձում են ստեղծել թուրքական ինքնության միավոր` համեմելով այդ ամենը Ադրբեջանի «բազմադարյա» պատմությամբ», երեկ հրավիրած ասուլիսում նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այստեղ հարկ է նկատել, որ Ղարաբաղը, եթե «թուրքական ինքնության միավոր է», ապա հայերիս համար ազգային միասնության խորհուրդ ունի, հետեւաբար միայն իշխանությունների «բարի կամքով» հարցին լուծում տալը անհնար է. ժողովուրդների, եթե կուզեք, հոգեբանության փոփոխություն է պետք: Օրինակ հայերի շրջանում, Ադիբեկյանը նկատել է, ԼՂ հարցը առաջնայինից դարձել է 11-12-երորդը` հավասարվելով, ասենք, էկոլոգիական հարցերին: Սոցիոլոգը հանգամանքը պայմանավորում է նրանով, որ հայերի կարծիքով հարցը լուծված է, հետեւաբար առաջնային հետաքրքրություն չի ներկայացնում: «Իսկ Ադրբեջանում «մեր հողն է, պետք է հետ բերենք» մոտեցումը դեռ բավական տարածված է», սակայն երբ ադրբեջանցիների հետ ունենում ենք անձնական շփումներ, ապա նրանք ասում են, որ եթե պատերազմը վերսկսվի, հայկական տանկերը 5 օրում կմտնեն Բաքու, քանի որ, ըստ իրենց, հայը խորամանկ է, նպատակային եւ այլն: Ադրբեջանցու հոգեբանությունում պահպանվում է վախը հայի նկատմամբ»:
Ադիբեկյանի այս ասածները հետաքրքրական են այլ առումով. փաստորեն, եթե ադրբեջանցին գիտի, որ հայը նպատակային է, եթե նա վախենում է հայից, ապա պատերազմ վերսկսելու կոչերը պարզապես դատարկաբանություն են` սեփական ազգի մարտունակությունը բարձրացնելու փորձ: Բացի այդ, երբեք չի լինում այնպես, երբ հարձակվողը նախօրոք հայտարարում է իր հարձակման մասին: «Ադրբեջանցիները, լինելով երիտասարդ ազգ, փորձում են ինքնահաստատվելու համար ռեւանշի հասնել, սակայն խոսելով Ադրբեջանի մասինՙ չպետք է մոռանալ, որ այդ երկիրը ոչ թե բռունցք է, այլ պարզապես մատներ», նշեց Ադիբեկյանը:
«Հայկական մատները» Ադրբեջանում
Բաքուն մշտապես համարվել է բազմազգ քաղաք: Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ ոչ միայն, ապրել են բազմաթիվ հայեր, որոնք, բնականաբար, ամուսնացել են ադրբեջանցիների հետ, երեխաներ են ունեցել: Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում` հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներում, բազմաթիվ հայ-ադրբեջանական ընտանիքներ կան, որոնք օտար են թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Իսկ ի՞նչ պետք է լինի նրանց երեխաների հետ: «Կգա մի պահ, երբ խառնամուսնությունների զավակների գործոնը մեծ ազդեցություն կունենա ԼՂ հարցում. մենք պետք է մեծ հույս ունենանք դրա վրա», նշեց Ադիբեկյանը:
Անկախ նրանիցՙ հարեւանդ լավն է, թե վատը, դու շփվում ես նրա հետ, թեկուզ չխոսելով: Չի կարող այնպես լինել, որ դուք չունենանք ընդհանուր խնդիրներ, այո` նաեւ ընդհանուր հաջողություններ: «Մեհմանի եւ Գայանեի», կամ «Վարդանի ու Մահսաթիի» զավակները մեր ընդհանուր խնդիրներն են ու հաջողությունները` միաժամանակ: Հենց նրանք պետք է կամրջեն երկու ժողովուրդներին, քանի որ մենք դեռ ապրելու ենք կողք կողքի` դեռ դարեր:
«Եթե հողի համար արյուն ես թափել, ուրեմն այն քոնն է»
Սա գիտեն բոլորը` ե՛ւ Ռուսաստանը` իր պատմության պատերազմներով, երբեմն հանուն ազգերի փրկության, երբեմն տարածքներ նվաճելու համար մղված, գիտի նաեւ ԱՄՆ-ը, որը մեքսիկացիների հետ պատերազմից հետո միայն գրավեց Տեխասի նահանգը, գիտի ամբողջ Եվրոպան, գիտեն անգամ Կոստանդնուպոլիս նվաճած թուրքերը, ե՛ւ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են վերջիններիս եղբայրները: «Այնպես որ, բոլորովին էլ պատահական չէ, որ ոչ միայն հայերը, այլեւ օտարները սկսել են ներդրումներ անել Ղարաբաղում: Ես չեմ կարծում, որ, օրինակ, կանադացին, ներդրում կանի ԼՂ-ում` առանց իր դեսպանատան հետ խորհրդակցելու, որն էլ թերեւս «հանգստացնում է» նրան, հակառակ պարագայում ինչո՞ւ պետք է օտարը վտանգի իր ֆինանսական միջոցները», նկատեց Ադիբեկյանը: Սոցիոլոգը նաեւ հավելեց, որ ինքը մոտակա 2 տարում լուրջ փոփոխություններ է տեսնում Ղարաբաղում. «Եվ դա կանեն օտարները», ասաց Ադիբեկյանը:
Ղարաբաղի եւ ղարաբաղցիների ճակատագիրն է, որ բոլոր փոփոխությունները այս երկրամասում կատարել եւ կարծես կատարում եմ օտարներ: Հենց օտարների «կատարմամբ» Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին, սակայն այստեղ մի էական նրբություն կա. Ղարաբաղը չի տրվել Սովետական Ադրբեջանին որպես սեփականություն, որպես ադրբեջանական տարածք, այլ տրվել է, որպեսզի մնա Ադրբեջանի տարածքում որպես ինքնավարություն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ