Էդվարդ Նալբանդյանը հիշեցնում է, որ Թուրքիան պետք է ապացուցի իր բարի մտադրությունները
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թուրքիան պետք է ապացուցի իր բարի մտադրությունները, քանի որ ինքն է հետ կանգնել իր խոստումներից: «Թուրքիան հետ է կանգնել իր խոստումից» վերնագրով «Wall street Journal»-ի երեկվա համարում հոդված է հրապարակել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ներկայացնելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահն ու առկա իրավիճակը` նախարար Նալբանդյանը նշում է. «Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Ըստ հոդվածագրի, Հայաստանն առաջնորդվում էր այնպիսի ապագայի տեսլականով, որում սերունդները կապրեն խաղաղության եւ անվտանգության պայմաններում: «Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի նախագահի կողմից, եւ դա մեզ թույլ տվեց վստահ ներդրում կատարել հաշտեցման երկարատեւ գործընթացի մեջ», գնահատել է Նալբանդյանը:
Հայաստանի դիրքորոշումն, ըստ արտգործնախարարի, արտացոլված էր «հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների» հայտնի մոտեցման մեջ: Դա էր Թուրքիայի հետ բանակցությունները սկսելու հիմնական սկզբունքը: «Այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` սկսած շվեյցարացի միջնորդներից մինչեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս կիսում է այս մոտեցումը»:
Նալբանդյանի ներկայացմամբ, դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: «Անկարան ոչ միայն խուսափեց արձանագրությունները վավերացնելուց, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը», նշում է Հայաստանի ԱԳ նախարարը հայտնի պարբերականի էջերում:
«Թվում է` մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձեւացնում են, թե միշտ պահպանում են pacta sunt servanda (պայմանագրերը պետք է կատարվեն) սկզբունքը, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ ստորագրած համաձայնագրերը վավերացնելուց եւ իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, ու որ նրանք պարզապես պահանջում են, որ մենք կատարենք այս կամ այն բանը, նախքան նրանք կկարողանան առաջ գնալ վավերացման գործընթացում: Արդյո՞ք սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն», գրել է Նալբանդյանը:
Թուրքիան, ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: «Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրեւ միջնորդներ, այլ ցանկանում են անմիջականորեն բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ` լուծում գտնելու համար», նշել է Նալբանդյանն, ըստ էության, եզակի անգամ բարձրաձայնելով, թե ինչ է ցանկանում Թուրքիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մեջ ներգրավվելու հայտարարություններ անելիս:
Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալմանը կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ, ըստ Նալբանդյանի, վնասում է երկու գործընթացներին էլ: «Սա այն դիրքորոշումն է, որը քանիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, թուրքական կողմը` մեկ ուրիշ»:
Թուրքիան ձեւացնում է, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է «համապարփակ լուծում» ունենան, մեկ անգամ եւ բոլորի համար: «Սա գեղեցիկ արտահայտություն է, բայց որքանո՞վ է իրատեսական: Սա զուտ հռետորաբանություն է. լոկ բառեր եւ ոչ գործողություններ»:
«Թուրքիան նաեւ երեսպաշտորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես ծխածածկույթ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, մենք գործընթացի սկզբից թե՛ թուրք գործընկերների հետ շփումներում, թե՛ հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը», հայտարարում է Նալբանդյանը:
Թերեւս ավելի շուտ ներքին լսարանին, քան արտաքին աշխարհին ուղղելով խոսքը` Նալբանդյանն ընդգծել է, որ ճշմարիտ հաշտեցումը չի նշանակում մոռանալ անցյալը եւ երիտասարդ սերունդներին հրամցնել ժխտման հեքիաթներ: «Չնայած Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց դրա ճանաչումը` իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով նախապայման»:
Հայաստանն, ըստ Նալբանդյանի, նախաձեռնեց այդ գործընթացը եւ ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Հանգամանքների բերումով, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման գործընթացը: Հայաստանը դեռ մնում է կարգավորման գործընթացում, ինչը աշխարհի ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց:
Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններն ավարտվել են արձանագրությունների ստորագրմամբ: «Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցությունների որեւէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատեւ գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումն է`առանց հետագա ձգձգման: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան վերստին պատրաստ կլինի կարգավորման գործընթացում առաջ գնալ առանց նախապայմանների: Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներ հիշեցնում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանն իր բաժինն արել է, եւ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել»: