«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգային հարցերի մասնաշենքի Լինդսի Ռոջերս դահլիճում տեղի է ունենալու ժնեւաբնակ քաղաքագետ-հետազոտող դոկտ. Վիգեն Չթրյանի դասախոսությունը «Փոքրիկ պատերազմներ եւ մեծ խաղ» վերնագրով: Ըստ այս մասին տեղեկացնող հաղորդագրությանՙ Կոլումբիա համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի, նույն համալսարանի հայկական կենտրոնի, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի, եւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի հովանավորությամբ անցկացվող դասախոսությունը քննարկելու է «Կովկասյան հակամարտությունները եւ խաղաղության հուսահատական որոնումները» թեմանՙ հիմնելով Չեչնիայի, Դաղստանի, Ինգուշիայի եւ Ղարաբաղի իրադարձությունների վրա:

Ներկայումս դոկտ. Չթրյանը Ժնեւում աշխատում է CIMERA ընկերությունում: Նախկինում որպես եվրոպական թերթերի թղթակից աշխատել է Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Նրա հետաքրքրությունների շրջանակը լայն է եւ ընդգրկում է խաղաղության հաստատումը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, ազգայնականությունը եւ այլն: 2002-2005 թվերին ղեկավարել է Երեւանում իր հիմնած «Կովկասյան մեդիա ինստիտուտը»: Հեղինակն է 2009-ին Կոլումբիա համալսարանի հրատարակած «Պատերազմը եւ խաղաղությունը Կովկասում: Էթնիկական հակամարտությունները եւ նոր աշխարհաքաղաքականությունը» գրքի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4