«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


«ԱՐԱՐԱՏԻ» ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ ՈՒ ԼԵԳԵՆԴԻ ԱՐԴԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական ամենահայտնի «Արարատ» կոնյակն այսուհետեւ կներկայանա նոր դիզայնով` նոր շիշ, նոր պիտակներ, նոր տուփեր: Այն կպահպանի Արարատ լեռան պատկերը, սակայն շշի վրա ավելացվել է նոր խորհրդանիշ` փյունիկ թռչունըՙ զուգորդված A տառի հետ: Նոր բրենդի պատրաստման համար ծախսվել է մոտ 1 մլն դոլար, աշխատանքներին մասնակցել են հոլանդացի, իտալացի, անգլիացի, հայ եւ ռուս մասնագետներ: Եվս 1 մլն դոլար ներդրում է կատարվել Երեւանի կոնյակի գործարանում նոր բրենդով ապրանքի արտադրության եւ պահեստավորման տեխնիկական հարցերը լուծելու համար: Ռեբրենդինգի աշխատանքները կոորդինացրել է լոնդոնյան «Այդենտիկա» գործակալությունը:

Երեկ հրավիրած ասուլիսում «Պեռնո Ռիկար» խմբի Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի մարկետինգի տնօրեն Սիրիլ Կլակենն ասաց, որ նոր դիզայնով իրենք ավելի են ընդգծել «Արարատ» կոնյակի հայկական ծագումը` այն ներկայացնելով արդիական մեկնաբանությամբ: Դիզայնի փոփոխությունները հատկապես մեծ են սուպեր-պրեմիում դասի («Նաիրի», «Վասպուրական» եւ այլն) կոնյակների դեպքում, որոնց ներկայիս դիզայնը Կլակենն անվանեց «կանացի», թեեւ կոնյակ առավելապես խմում են տղամարդիկ: Նոր դիզայնը, ըստ Կլակենի, խմիչքին ավելի տղամարդկային տեսք է տալիս` շշի ավելի ուռուցիկ տեսքի եւ խցանի նոր ձեւի միջոցով:

Ըստ Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանի կոնյակի ռեբրենդինգը գների վրա ազդեցություն չի թողնի: Երեք եւ հինգաստղանի կոնյակների հայաստանյան գները չեն փոխվի, սակայն որոշ չափով կթանկանան բարձր դասի կոնյակները, կապված ավելի շուտ ոչ թե ռեբրենդինգի, այլ հիմնականում սպիրտի պատրաստման ինքնարժեքի թանկացման հետ:

Ամեն դեպքում, հայկական կոնյակնՙ ի դեմս «Արարատի», այսուհետեւ կներկայանա շշերի վրա հայկական ճարտարապետության զարդանախշերով, Մասիսով եւ նոր խորհրդանիշ փյունիկով: Երկու տարվա աշխատանքով ստեղծված այս նորարարությունները, ըստ գործարանի ներկայացուցիչների, ավելի մեծ հավակնությունների վկայություն են, որոնք, նախագծի սկզբնական փուլում անցկացված հարցումների արդյունքներով, հաճելի եւ ընդունելի են գնահատվել հարցումների մասնակիցների 80 տոկոսից ավելիի համար:

Ինչ վերաբերում է Երեւանի կոնյակի գործարանի համար թիվ մեկ շուկա հանդիսացող Ռուսաստանում այնպիսի օրենսդրության ընդունմանը, կոնյակն ընդհանրապես չի կարող էժան լինել 190-210 ռուբլուց, այսինքն` 7 ԱՄՆ դոլարից, ապա ԵԿԳ-ի արտադրանքը Ռուսաստանում ամենաէժանը վաճառվում է 650 ռուբլով, ասել է թե ռուսական իշխանությունների նման քայլը որեւէ կերպ չի վերաբերում այս ապրանքանիշին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4