«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ՀՐԱԺԵՇՏ ԿԱՐՍԻՆ

Ներկայացնում ենք մի հատված «Ազգ»-ի նախկին լրագրող, այժմ «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի գրքից, որը լույս կտեսնի առաջիկայում: «Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» աշխատությունը համապարփակ ու ամբողջական անդրադարձ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին` սկսած 1918 թվականից մինչեւ մեր օրերը: 1921 թ. այս օրը` հոկտեմբերի 13-ին, ստորագրվեց Կարսի պայմանագիրը:


Հաղթական Քյազիմ Կարաբեքիր փաշան Լատվիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն ու անդրկովկասյան երեք հանրապետությունների բոլշեւիկ ներկայացուցիչներին սպասում էր Կարսի իր նստավայրում: Արդեն գրեթե մեկ տարի քաղաքը քեմալականների ձեռքում էր: 1920թ. դեկտեմբերի լույս երեքի գիշերը Կարաբեքիրի ու Ալեքսանդր Խատիսյանի ստորագրած Ալեքսանդրապոլի դաշնագիրն ասում էր. «Կարսի նահանգը եւ Սուրմալուն համարվում են վիճելի մինչեւ երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը: Հանրաքվեի ժամանակ այնտեղ պետք է մտնի հայ-թուրքական խառը ժանդարմերիա»:

Սակայն ամեն ինչ արդեն կանխորոշվել էր. 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը վճռել էր Կարսի ճակատագիրը: Ակնհայտորեն, ռուսների ու թուրքերի բարեկամությունը լավ էր ստացվում, երբ այն իրականացվում է հայերի ողբերգության ու հայկական տարածքների հաշվին: Խորհրդային ներկայացուցիչ Գանեցկին ու անդրկովկասյան երեք հանրապետություների ներկակյացուցիչները Կարս էին մեկնել` վերահաստատելու մի քանի ամիս առաջ Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը: Հենց այս շրջանում էր, երբ քեմալականները կարողացան ձեռք բերել տասներկու կիլոմետր հողաշերտ եւ անմիջական կապ ստեղծեցին Նախիջեւանի հետ:

Սեպտեմբերի 26-ին Կարս ժամանած պատվիրակությանը կայարանում դիմավորում են քաղաքի ազգաբնակչությունը, քաղաքային ու նահանգային իշխանություների ներկայացուցիչներ: Զորահանդես ու պատվո պահակ ընդունելուց հետո Գանեցկին, Հայաստանի արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, ներքգործժողկոմ Պողոս Մակինցյանը, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչներ Բեհբուդ Շահթախթինսկին եւ Շալվա Էլիավան ու Ալեքսանդր Սվանիձեն Կարաբեքիրին այցելելուց հետո ուղեւորվեցին իրենց հատկացված բնակարանները [1]:

Նույն օրը երեկոյան Կարսի նախկին նահանգապետի բնակարանում բացվում է խորհրդաժողովը [2]: Տան առաջ բացվող հրապարակը լուսավորված էր ջահերով, զինվորական վաշտերը պատրաստ էին ողջույնի: Առաջինը խորհրդաժողովի դահլիճ էր մեկնել թուրքական պատվիրակությունը` Արեւելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշա, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Վելի բեյ, պետքարտուղարի նախկին օգնական Մուխթար բեյ եւ Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շեւքեթ բեյ: Թուրքական նվագախումբը հնչեցնում էր «Ինտերնացիոնալը»: Խորհրդաժողովի բացման հատվածին ներկա էին նաեւ Կարսի ռուս, թաթար (ադրբեջանցի) եւ հայ հյուպատոսները:

Բացման պատիվն ու առաջին ճառի իրավունքը տրված էր Կարաբեքիրին. «Թուրք ժողովուրդը կապիտալիստ եւ իմպերիալիստ պետությունների պարտադրած Սեւրի պայմանագիրը չի ճանաչում... Դուք, Կովկասի ազգություններ, թուրքական կառավարության եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ Արեւելքի հարգարժան ժողովուրդներն եք: Մոսկվայում հիմքերը դրված դաշնագիրը կրկին հաստատելը նշանակում է մշտատեւ եղբայրություն Արեւելքում» [3]:

Ապա բացման խոսքի իրավունք է տրվում Գանեցկուն, ով հայտարարում է, թե Կարսում լուծվելու է մի կարեւոր ու մեծ խնդիր. «Փառապանծ թուրք եւ հայ ժողովուրդները ոչ թե խոսքով, այլ գործով ցույց կտան, որ ընդմիշտ վերացած է նրանց փոխադարձ թշնամությունը: Նրանք ոչ թե թաքցրած սրերով են մոտենում միմյանց, այլ եղբայրական ջերմագին սիրով» [4]:

Անդրկովկասյան երեք պատվիրակությունների կողմից բացման ելույթի համար ընտրվել էր Ասքանազ Մռավյանը, որի «ուժգին ու հաստ տոնով արտասանված ճառը խոր տպավորություն թողեց»: Դիմելով «թուրք մեծապատիվ պատվիրակներին»` Մռավյանը հավաստիացնում է, որ իրենք Կարս են եկել «ոչ թշնամական զգացումներով»: Հույս հայտնելով, որ թուրք ժողովուրդը կհաղթի ու կջախջախի իր թշնամիներին, Մռավյանն ասում է. «Մենք այս խորհրդաժողովին եկել ենք ոչ որպես հաղթողներ ու հաղթվածներ... Անդրկովկասյան ժողովուրդները համոզված են, որ ներկա կոնֆերանսը կտա մեզ թուրք ժողովրդի հետ բարեկամության եւ եղբայրության դաշինքի ամուր հիմքեր» [5]:

Խորհրդաժողովի առաջին նիստի ավարտից հետո ու երեկոյան Կարսի մահմեդականներն ու զինվորականները մեծ ցույց են կազմակերպում այն բնակարանի առաջ, որտեղ իջեւանել էր Գանեցկին: Ռուս ներկայացուցչի ճառից հետո մահմեդական ազգաբնակչությանը դիմում են նաեւ Մռավյանն ու վրացի եւ ադրբեջանցի ներկայացուցիչները: «Այլեւս երկու հարեւան ազգերի միջեւ արյունահեղություն չպիտի լինի: Եկել ենք բարեկամության հիմքեր հաստատելու ձեզ հետ»,- ասում է Մռավյանը: Բոլոր ճառերն ընդմիջվում էին «խանդավառ ուռռաներով», իսկ նվագախումբը հնչեցնում էր «Ինտերնացիոնալը»: Ժողովուրդը խանդավառված կոչում էր «կեցցե հաշտությունը», «կեցցե Ռուսաստանը», «կեցցե Հայաստանը» [6]:

Հայ ժողովրդի պատմության ամենատխուր իրադարձություններից Կարսի խորհրդաժողովն ահա այսպիսի տոնակատարության էին վերածել «համաշխարհային հեղափոխության հաղթանակի» համար մարտչնող հայ բոլշեւիկները, ովքեր ամիսներ առաջ օգնել էին ռուսներին ու քեմալականներին` տապալելու Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային Հայաստանը իր ստորագրությունն էր դնում մի փաստաթղթի տակ, որով Թուրքիային էին մնում Արեւելյան Հայաստանի հողերից Արդահանը, «մինչեւ երեք տարի վիճելի» համարվող Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը [7]:

Այս տխուր դեպքերից ուղիղ 88 տարի անց` 2009թ. հոկտեմբերի 10-ին, շվեյցարական Ցյուրիխ քաղաքում արտգործնախարար Ասքանազ Մռավյանի հաջորդներից Էդվարդ Նալբանդյանը` ունենալով նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, մասնակցում էր ձեւով տարբեր, սակայն բովանդակությամբ Կարսի խորհրդաժողովը կրկնող ու Կարսի պայմանագիրը վերահաստատող մեկ այլ միջոցառման: Սակայն եթե Մռավյանն ու 1921-ի Խորհրդային Հայաստանը չունեին չստորագրելու հնարավորություն, ապա 2009-ի Հայաստանը ուներ, թեկուզ վերջին պահին, արժանապատվորեն չրխկացնել դուռն ու վերադառնալ տուն [8]:

Չնայած Կարսի խորհրդաժողովի արդյունքները կանխորոշված էին, հայ պատվիրակները Գանեցկու միջնորդությամբ փորձեցին հայ-թուրքական սահմանում գոնե որոշ փոփոխություններ կատարել հօգուտ Հայաստանի: Սեպտեմբերի 27-ին, խորհրդաժողովի երկրորդ նիստում, ռուս պատվիրակը ներկայացնում է երկու սահմանային պահանջ, որից առաջինը վերաբերում էր Անիի ավերակներին: «Անին հայերի համար ունի պատմական ու գիտական մեծ արժեք,- Կարաբեքիրին բացատրում է Գանեցկին ու ներկայացնում երկրորդ հողային պահանջը,- Կողբն իր աղի հանքերով ունի համակովկասյան նշանակություն» [9]:

Կարաբեքիրը, սակայն, անդրդվելի էր: Նա ասում է, որ իր պատվիրակությունը որեւէ իրավասություն չունի Մոսկվայի դաշնագրով գծած սահմանների մեջ փոփոխություն կատարելու եւ դրա համար պետք է հրահանգ ստանա Անկարայից: Քեմալականների Արեւելյան ռազմաճակատի հրամանատարը սպառնում է դադարեցնել խորհրդաժողովը, որին ի պատասխան Գանեցկին առաջարկում է շարունակել աշխատանքները այլ հարցերի շուրջը, մինչեւ Անկարայից ստացվի համապատասխան հրահանգ [10]:

1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագիրը մոտ մեկ տարի անց վավերացվեց խորհրդարանների կողմից: Պայմանագրի 5-րդ կետով Երեւանի նահանգի Նախիջեւանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի «խնամակալության ներքո»: Թուրքիան Վրաստանին զիջեց Բաթում քաղաքն ու Սեւ ծովի աջարական հատվածը, սակայն դրա դիմաց ստացավ Սուրմալուի գավառը, Կարսի մարզն ու Արդահանի ու Արդվինի շրջանները, որոնց նկատմամբ հավակնություններ ուներ նաեւ Վրաստանը:

Մեկ օր անց` 1921թ. հոկտեմբերի 14-ին, Կարսից Երեւան են վերադառնում ռուսական, ադրբեջանական եւ հայկական պատվիարկությունները եւ ուղեւորվում ներկա լինելու Հայկոմկուսի մայրաքաղաքի կազմակերպության ընդհանուր ժողովին: «Ժողովականները նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով»,- գրում է բոլշեւիկյան մամուլը: Հիվանդության պատճառով ներկա չէր միայն Վրաստանի պատվիրակության ղեկավարը: Գանեցկին հայ բոլշեւիկներին ներկայացնում է խորհրդաժողովի արդյունքները, հաստատելով, որ «Կարսի դաշնագրով վերացվում է նաեւ Հայաստանի աշխատավորների թշնամի Խատիսյանի կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրը»:11

Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրման պահից չէր կարող ունենալ իրավական ուժ, քանի որ մինչ այդ արդեն Հայաստանում տեղի էր ունեցել խաղաղ իշխանափոխություն: Տարածքային կորուստի առումով Կարսի դաշնագիրն ավելի աննպաստ էր Հայաստանի համար, քան Ալեքսանդրապոլինը, քանի որ հենց Կարսի պայմանագրով Հայաստանը զրկվեց Սուրմալուի գավառից ու Կարսի մարզից` ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր հողաշերտից:

Երեւանում գտնվելու հաջորդ օրերին եւս Գանեցկին հայ բանվորներին ու գյուղացիներին ներկայացնում էր Կարսի խորհրդաժողովի արդյունքները. «Խորհրդաժողովի այս ընթացքը ապահովված էր ոչ միայն նրանով, որ այն կանխորոշված էր Մոսկվայի խորհրդաժողովում, այլ այն փաստական բարեկամական հարաբերություններով, որոնք ստեղծվել են թուրք եւ անդրկովկասյան ժողովուրդների միջեւ»:12

Կարսի խորհրդաժողովի թերեւս միակ դրական արդյունքը, որ ունեցավ հայ ժողովրդի համար, հայ գերիների վերադարձի թույլտվությունն էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմից հետո, երբ մեկը մյուսի հետեւից ընկնում էին Կաղզվանը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլն ու բազմաթիվ այլ բնակավայրեր, հազարավոր հայեր գերի ու պատանդ ընկան ու քշվեցին դեպի Արեւմտյան Հայաստանի խորքերը, որտեղ արդեն հաստատվել էին քեմալականները Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ: Արդեն 1921թ. հոկտեմբերի սկզբին մոտ 400 հայեր ազատվեցին թուրքական գերությունից ու վերադարձան Ալեքսանդրապոլ:

1922թ. հունվարի 30-ին Երեւանում գումարվում է ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարը, որը միահամուռ կերպով ընդունում է դիմում` ուղղված Թուրքիայի աշխատավորությանը: Նույն տարվա ապրիլի 9-ին Երեւանում բացվում է Անդրկովկասի արեւմտահայ աշխատավորների համագումարը, որը նույնպես կոչ է ուղղում թուրք աշխատավորներին: Բեմականացված այս իրադարձությունները, սակայն, իրականությանը քիչ առնչություններ ունեին: Դիմումներով ու կոչերով բարեկամություն չէր կարող հաստատվել: 1923թ. հոկտեմբերին հայերը հարձակվեցին Երեւանի թուրքական առաքելության շենքի վրա եւ հանեցին թուրքական դրոշը:13

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


1. «Խորհրդային Հայաստան», 4 հոկտեմբեր, 1921թ., թիվ 186:

2. Մինչեւ 1920թ. հոկտեմբերի Կարսի անկումը նահանգի նահանգապետ է եղել Ստեփան Ղորղանյանը: Կարսի քաղաքապետը Համազասպ Նոհրատյանն էր:

3. «Խորհրդային Հայաստան», 6 հոկտեմբեր, 1921թ., թիվ 188:

4. Նույնը:

5. Նույնը: Մռավյանը թուրք ժողովրդի թշնամիներ ասելով հավանաբար նկատի ունի հույներին, որոնց դեմ քեմալականները պատերազմում էին Փոքր Ասիայից արեւմուտք ընկած շրջաններում:

6. «Խորհրդային Հայաստան», 6 հոկտեմբեր, 1921թ., թիվ 188:

7. Սուրմալուն` այսօրվա Իգդիրը, պատմության ընթացքում երբեք մաս չէր կազմել Օսմանյան կայսրությանը եւ միշտ եղել էր Երեւանի նահանգի կազմում մինչեւ 1921թ.: Տասնհինգերորդ դարի կեսերից, երբ Օսմանյան կայսրությունը ընդարձակվում էր դեպի Արեւելեք, Սուրմալուն Պարսկաստանի մաս էր կազմում, երբ այնտեղ հաջորդաբար հաստատվել էին Կարակոյունլուները, Աղկոյունլուները, Սաֆավիները, Զանդ եւ Ղաջար դինաստիաները:

8. 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ եվրոպական մի քանի երկրների բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական նախաստորագրված երկու արձանագրությունները, որոնք, սակայն, չանցան խորհրդարանների վավերացման փուլն ու չմտան ուժի մեջ:

9. «Խորհրդային Հայաստան», 19 հոկտեմբեր, 1921թ., թիվ 199: Կողբը այսօր վերանվանված է Թուզլուջա, գտնվում է Արաքսի աջ ափին:

10. Անի ավերակներն ու հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ սարը հետ ստանալու նախնական բանակցություններ վարվել են նաեւ 1999 թվականին ամերիկացիների միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը այս հարցով շոշափել է թուրքերի տեսակետը` արժանանալով ամենակոպիտ պատասխանի: Անին ու Արարատը հետ ստանալու խոսակցությունները ուղեկցվում էին ղարաբաղյան կարգավորման տարածքային փոխանակման տարբերակի շուրջը վարվող բանակցությունների հետ միաժամանակ:

11. «Խորհրդային Հայաստան», 16 հոկտեմբեր, 1921թ., թիվ 197:

12. Նույնը:

13. Այս մասին գրել է Լոնդոնի «Թայմսը» 1923թ. հոկտեմբերի 23-ի համարում: Տես` Mary Kilbourne Matossian, The Impact of Soviet Politics in Armenia, Leiden: E. J. Brill, 1962, p. 79: Գրքի այս գլխի առնչությամբ օգտակար խորհուրդների համար հեղինակը շնորհակալություն է հայտնում Միչիգանի Դիբորն համալսարանի դոկտոր Արա Սանջյանին:


Նկար 1. Կարաբեքիրի արձանը Կարսի երկաթգծի կայարանի դիմաց:

Նկար 2. Վագոնը, որտեղ կնքվել է Կարսի պայմանագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4