Ճարտարապետների ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է հոլանդացի գեղանկարիչ Ռալֆ Հայնեի կտավների ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, բացելով ցուցահանդեսը, նշեց. «Առաջին անգամ է, որ ցուցադրվում են պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց հեղինակը հոլանդացի է, սիրահարված հայ մշակույթին, հատկապես ճարտարապետությանը»:
Պրն Գրիգորյանը, բարձր գնահատելով աշխատանքները, անդրադարձավ ճարտարապետական հուշարձանների ճիշտ ներկայացման այն ոգուն, որը նկարիչը փորձել է ներկայացնել իր գույներով, ընդգծելով հայի պատմությունը, մշակույթը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը ողջունեց երիտասարդ նկարչին ու նշեց. «Հանձին Ռալֆ Հայնեի, մենք կարծես ունեցանք հայ մշակույթի մի նոր դեսպան, որի կարիքը շատ ունենք»:
Շնորհակալական խոսք ասաց օրվա հերոս Ռալֆ Հայնեն իր աշխատանքների ցուցադրությունը կազմակերպելու համար եւ նշեց. «Կրկնակի ուրախ եմ, որ հայկական ճարտարապետությունը իմ աչքերով ներկայացնում եմ հենց Հայաստանում, ու ձեր կարծիքները ինձ համար շատ կարեւոր են իմ հետագա աշխատանքները իրականացնելու գործում»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հոլանդիայի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ Սվետա Աբրահամյանը, որի միջնորդությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց յուրօրինակ ցուցահանդեսը:
«Ազգի» հետ զրույցում պրն Գրիգորյանը նշեց, որ այս ցուցահանդեսը նվեր է երեւանցիներին, Երեւանի օրվա կապակցությամբ, եւ այդ շարքի առաջին միջոցառումն է: Իսկ երիտասարդ նկարիչ Ռալֆ Հայնեն «Ազգին» պատմեց, թե ինչպես է ծանոթացել հայկական մշակույթին: Նիդերլանդների Տեյխելեն քաղաքում 1978-ին ծնված պատանին տարրական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վենլո քաղաքի գիմնազիայումՙ գծագրության ու նկարչության բաժնում: 2000 թվից սկսել է նկարել ու փորձել է Ռեմբրանդտի եւ Յոհան Վերմեերի գործերը վերարտադրել: Չորս տարի առաջ որպես զբոսաշրջիկ այցելում է Եգիպտոս ու պատահաբար նկատում է քրիստոնեական եկեղեցի, մտնում, երկար ուսումնասիրում է: «Երբ իմացա, որ այդ եկեղեցին հայկական է, որոշեցի նախ հայերեն սովորել: Ուսումնասիրեցի հայկական մշակույթը, ճարտարապետությունը, որոնք ինձ համար հայտնություններ էին: Հենց այդ սերն ու նվիրվածությունը ինձ տարան Հայաստան: Եղա Գեղարդում, Հաղպատում, Սանահինում, Գոշավանքում, Տաթեւում: Այդ ուղեւորությունն ինձ հուշեց, որ ես նկարեմ հայկական եկեղեցիների ու մատուռների շարք», դժվարությամբ, բայց հայերենով պատմում է երիտասարդ նկարիչը, որը Հայաստան էր եկել իր տիկնոջՙ Իրիսի եւ հինգամսական Ժակլինի հետ:
Ռալֆի հետ մեր զրույցը շատ հետաքրքրական ու բովանդակալից էր: Նա պատմում էր, որ 2008-ին հայաստանյան 2-րդ այցելության ժամանակ նկարել է Խոր Վիրապը, այնուհետեւ այցելել է Իրանՙ Սուրբ Թադեի եւ Սուրբ Ստեփանոսի եկեղեցիները նկարելու: «Իսկ անցած տարի, շարունակում էր պատմել երիտասարդ նկարիչը, ճանապարհորդեցի Արեւմտյան Հայաստան եւ Արցախ: Տեսա Աղթամար, Գանձասար եւ Անի եկեղեցիները: Անին ինձ շատ հուզեց ու ոգեւորեց, որից էլ ծնվեց «Անիի շարքը»:
Ռալֆը այնքան էր տպավորվել Անիով ու Աղթամարով, որ վերջինիս գմբեթին խաչ էր նկարել: Իմ այն հարցին, թե ի՞նչը դրդեց խաչով նկարել, ասաց. «Ձեր պատմությանը տեղեկանալովՙ որոշեցի խաչով նկարել:
Երբ ներկաները ցուցահանդեսի բացումից հետո մոտեցան հենց այդ կտավին, ծափահարեցին հոլանդացի նկարչին իր ազնիվ նկրտումների եւ աշխարհի շատ երկրներում իր շուրջը 20 անհատական ու խմբակային ցուցահանդեսներում դիմանկարների, նատյուրմորտների հետ հայկական ճարտարապետական կոթողները, եկեղեցիները ներկայացնելու համար:
«Իհարկե, սա դեռ իմ աշխատանքների ավարտը չէ, ես ձեր երկիրը, պատմությունն ու մշակույթն այնքան եմ սիրում, որ առանց դրանց չեմ պատկերացնում իմ հետագա աշխատանքները», հպարտորեն ասում էր Ռալֆ Հայնեն:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 15-ը, եւ խորհուրդ ենք տալիս այցելել ու զմայլվել հրաշալի աշխատանքներով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ