Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Նախնական փուլի մրցումներին մասնակցեցին 7 թիմեր, որոնց մեջ լավագույնը ճանաչված ակումբը պետք է սուպերգավաթը վիճարկեր ՖԻՄԱ-ի հետ:
Ինչպես տեղեկացանք հանդբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, նախնական փուլում թիմերը բաժանվել էին 2 ենթախմբի: Առաջին ենթախմբում լավագույնն Արցախի պետական համալսարանի թիմն էր, որը հաղթեց մրցակիցներին: Առաջին խաղում արցախցիները 19-7 հաշվով պարտության մատնեցին Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի թիմին, երկրորդ հանդիպումը շահեցին Վանաձորի մանկավարժական ինստիտուտի թիմից (17-8):
2-րդ ենթախմբում հաջող հանդես եկավ Երեւանի պետական համալսարանի թիմը, որը պարտության մատնեց Երեւանի ճարտարագիտական համալսարանին (21-8) ու Գավառի համալսարանին (28-5): Եզրափակիչում ԵՊՀ-ի թիմը 23-15 հաշվով առավելության հասավ արցախցիների նկատմամբ եւ իրավունք ստացավ ՖԻՄԱ-ի հետ վիճարկելու սուպերգավաթը: Վճռորոշ խաղում ՖԻՄԱ-ի հանդբոլիստները դրսեւորեցին իրենց վարպետությունը եւ հաղթելով 23-18 հաշվով, դարձան սուպերգավաթակիրներ: Ուսանողական մարզական խաղերի մրցանակակիրներն արժանացան հուշագավաթների ու մեդալների: