Եվ որո՞նք պետք է ընդգրկվեին, բայց բացակայում են
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից բյուջե 2011-ի ներկայացումը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում որոշակիորեն տարբերվում էր նախորդ տարիների ներկայացումից, քանի որ, բացի զուտ բյուջետային ցուցանիշները ներկայացնելուց, նա անդրադարձավ նաեւ տնտեսության դիֆերսիֆիկացման ուղղությամբ կառավարության քաղաքականությանը եւ 2011-ի համար նախատեսված հիմնական թիրախներին:
Երեւի ավելորդ է նշել, որ տնտեսության մեկ ճյուղից մեծ կախվածության հետեւանքով 2009-ին տնտեսական մեծ անկում ունեցանք, եւ ակնհայտ է, որ բացի շինարարությունից, հարկ է խթանել տնտեսության մյուս ճյուղերի, հատկապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը: Որո՞նք են այս ուղղությամբ Տիգրան Սարգսյանի մատնանշած միջոցառումները եւ որո՞նք են ոչ պակաս կարեւորություն ունեցող այն քայլերը, որոնք բացակայում են 2011-ի թիրախային նպատակների մեջ:
Ըստ վարչապետի, 2011-ին ներկայացվելու է կառավարության ինդուստրիալ քաղաքականության տրամաբանությունը, որն ուղղված է լինելու արտահանման խթանմանը: Այդ շրջանակներում նախատեսվում է արդեն փետրվար-մարտին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ազատ տնտեսական գոտու բացումը, որտեղ կիրականացվի գյուղմթերքների գնումը, փաթեթավորումը, լաբորատոր ստուգումը եւ արտահանումը հենց օդանավակայանից: Այդ նպատակով կառուցվում է նաեւ սառնարանային համալիր: Սննդարդյունաբերության արտադրանքի ոլորտում Տիգրան Սարգսյանի մատնանշած մյուս ծրագրերն են հայկական պանրի եւ ձկան արտահանման աջակցությունը:
Հաջորդ թիրախը, որը նշել է վարչապետը, զբոսաշրջության զարգացումը, որը մասնավորապես իրականացվելու է Սյունիքի մարզում: Նա հիշատակել է օրերս գործարկված Տաթեւի ճոպանուղին, որպես այդ տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման համալիր բիզնես ծրագրի առաջին քայլ եւ տեղեկացրել, որ հաջորդ փուլը լինելու է Ջերմուկի ծրագիրը:
Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) մշակած 23 ծրագրերը նույնպես ուղղված են լինելու տնտեսության դիվերսիսֆիկացմանը: Դրանիցից Տիգրան Սարգսյանն առանձնացրել է չինական կողմի հետ համատեղ իրականացվելիք բազալտի վերամշակման եւ ԱՄՆ դրամաշնորհովՙ այրվող թերթաքարի ձեռնարկությունների ստեղծումը: Եթե այս ծրագրերն իրագործվեն, ապա հասկանալի է, որ դրական կազդեն տնտեսության դիվերսիֆիկացման առումով: Սակայն գործակալության երկար տարիների գործունեության գործնական արդյունքների բացակայությունը որոշակի վերապահումների տեղիք է տալիս այդ ծրագրերի իրատեսական լինելու առնչությամբ: Բավական է միայն հիշատակել ընդամենը երեք-չորս ամիս առաջ ԶՀԳ կողմից ազդարարվող «Սիս, Մասիս եւ նոր Հայաստան» մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ծրագիրը Եղվարդի ջրամբարի շրջակայքում հանգստավայր ստեղծելու մասին եւ հաջորդած լռությունը դրա հետագա ճակատագրի վերաբերյալ:
Վերադառնանք սակայն իրական հատվածի խրախուսմանն ուղղված վերեւում նշված մյուս ծրագրերին: Միանշանակ է, որ մասնավորապես գյուղմթերքների վերամշակման եւ սննդարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ավելի ճկուն կդարձնեն մեր տնտեսության կառուցվածքը, կնպաստեն եւ գյուղատնտեսության, եւ արդյունաբերության զարգացմանը հատկապես Երեւանից դուրս: Սա կարեւոր է նաեւ տարածքային համաչափ զարգացման առումով: Նույնը կարելի է ասել նաեւ Սյունիքի մարզի զբոսաշրջության զարգացման համար, որը կնպաստի մեր երկրի հարավի զարգացմանը:
Սակայն երբ վարչապետը խոսեց կառավարության ինդուստրիալ քաղաքականության մասին, սպասումներն այնպիսին էին, որ նա նախեւառաջ կկարեւորի մեր երկրի բնական հարստությունների եւ ձեւավորված կառուցվածքի հիման վրա եղած արդյունաբերական հզորությունների զարգացումը: Խոսքը երեք-չորս տարի առաջ հռչակած հանքարդյունաբերության որակական զարգացման, հանքարդյունաբերության եւ քիմիական արդյունաբերության կլաստերի ստեղծմանՙ պղնձի հանքաքարի փոխարեն մաքուր պղնձի ձուլման, այդ նպատակով պղնձաձուլարանի կառուցման, պղնձի հումքից վերջնական արտադրանքի ստացմանՙ այդ թվում քիմիական ձեռնարկությունների հնարավորություններն օգտագործելով, եւ ապա նոր ստացված արդյունքի արտահանման մասին է: Եթե մոլիբդենը գոնե մշակվում է եւ դառնալով ֆեռոմոլիբդեն արտահանվում անհամեմատ բարձր գնով, ապա մեր պղնձարդյունաբերական կոմբինատները դեռ շարունակում են արտահանել պղնձի որոշ պարունակություն ունեցող հանքանյութը միայն:
Հրատապ է նաեւ քիմիական այն հզորությունների արդյունավետ օգտագործումը, որոնք պահպանվել են խորհրդային ժամանակներից: Իհարկե «Պոլիվինիլացետատն» ու «Քիմռեակտիվների գործարանը» վերականգնել արդեն անհնար է եւ կարիքն էլ չկա, բայց «Նաիրիտի» եւ «Վանաձոր-քիմպրոմի» համար, ի վերջո, պետք է գտնել արդյունավետ գործելու տարբերակներ: Այդ դեպքում ոչ միայն տնտեսության դիվերսիֆիկացման աստիճանը էապես կբարձրանա, այլեւ երկրի արդյունաբերական հզորությունը, ինչպես նաեւ կբարելավվի սոցիալական կացությունը, քանի որ այս ձեռնարկությունները մեծաքանակ աշխատատեղեր են ապահովում:
Հաջորդ տարվա թիրախներից վարչապետը մատնանշել էր նաեւ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող եւ նախատեսված քայլերը, որոնց, սակայն, նախկինում անդրադարձել ենք եւ դեռ առիթ կունենանք անդրադառնալու առաջիկայում: