«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ջերմորեն շնորհավորում եմ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման տասնամյակը: Անցած տարիների ընթացքում կազմակերպությունը ծավալել է բեղուն գործունեություն եւ իրականացրել է բազում հաջողված ծրագրեր: Եվ այսօր Ռուսաստանի հայերի միությունը հանդես է գալիս որպես հայությանն ու մեր ժողովրդի ներուժը միավորող ամենազանգվածային կառույցներից մեկը:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանի հայերի միությունն իր հայրենանվեր ու կարեւոր դերակատարմամբ փաստում է ոչ միայն Հայկական աշխարհի գոյությունն ու կենսունակությունը, այլեւ վկայությունն է այն հեռանկարի, որը կարող է ունենալ Հայկական աշխարհն ու համայն հայությունը` ջանքերի միավորման ու գաղափարական միասնության դեպքում:

Իր աշխատանքը միությունը կառուցել է առանցքային սկզբունքների` հայրենասիրության ու հայապահպանության վրա` հետեւողականության ու ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գործելու անհրաժեշտության գիտակցմամբ: Կազմակերպությունը տասնամյա գործունեության ընթացքում իր ուշադրության կենտրոնում է պահել Ռուսաստանում ապրող հայերի խնդիրներն ու նրանց շահերի պաշտպանությունը եւ լայնամասշտաբ ծրագրեր իրականացրել Հայաստանում եւ Արցախում` նպաստելով երկու հայկական պետականությունների սոցիալական, կրթական ու հոգեւոր առաջընթացին:

Կրկին շնորհավորելով Ռուսաստանի հայերի միության տասնամյակը` մաղթում եմ նորանոր հաջողություններ հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ վարչապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4