«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ «100%-ԱՆՈՑ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Թե ինչպիսին էին իրենց նախապատրաստման եւ ընթացքի մեջ Վրաստանում մայիսի 30-ին անցկացված տեղական մարմինների ընտրությունները, «Ազգը» քանիցս անդրադարձել է` ներկայացնելով ինչպես տեղի ունեցած խախտումները, այնպես էլ հիմնական այն քաղաքականությունը, որ տարվում է Վրաստանի հայաբնակ շրջաններում, ընդ որում` հետագայում ընտրությունների «90-100 տոկոսանոց արդյունքների» ներկայացմամբ:

Հոկտեմբերի 26-28-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հերթական` 19-րդ նստաշրջանը, որի օրակարգում, ի շարս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Վրաստանում վերջին տեղական ընտրությունների մասով զեկույցն ու դրա քննարկումը:

Հետաքրքրական կլիներ տեղեկանալ, թե ինչպես են Եվրոպայի խորհրդի այս մարմնում ընթանալու քննարկումները, երբ Վրաստանում, մասնավորապես ազգային փոքրամասնությունների առնչությամբ տեղական իշխանություններում ընտրությունները տարվում են հնարավորինս նրանց առավել շահագրգիռ հատվածը դուրս թողնելու ուղղությամբ:

Ավելին, վրացական իշխանությունների համար ձեւավորված «պրակտիկայով», գրեթե բոլոր տեսակի ու մակարդակի ընտրություններում ազգային փոքրամասնությունների կողմից տրված քվեները հաշվվում ու անկախ արդյունքներից գրվում են հօգուտ գործող իշխանությունների` այնպիսի բարձր մասնակցությամբ, որ անծանոթների մեջ տպավորություն կարող է ստեղծվել, թե Ջավախքից ոչ մեկը այս վերջին տարիներին չի արտագաղթել, այլ` հակառակը:

Նշենք, որ Կոնգրեսի աշնանային նստաշրջանում քննարկվելու են նաեւ հարցեր` նվիրված 2011-2012 թթ. քաղաքական առաջնահերթությունների որոշմանը, Կոնգրեսի կառուցվածքին եւ աշխատանքային մեթոդներին, նաեւ Էստոնիայում, Ռուսաստանում, Մոնտենեգրոյում տեղական կառույցների գործունեությանը եւ այլն:

Կոնգրեսում հրավիրյալի կարգավիճակով ելույթ ունեցողների շարքում կլինի նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որի հետ աշխատող քաղաքական խորհրդում գեթ մեկ հայ չկա, չնայած Վրաստանի մայրաքաղաքում հայերի թվաքանակը բավարարում է գոնե մեկ ներկայացուցիչ ունենալու համար: «Ազգը» ժամանակին փոխանցել էր թիֆլիսահայերի դժգոհությունն ու տեղական ընտրությունների հայ թեկնածուների բացակայությունը` որպես ապտակ ընդունելու գնահատականը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4