Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է Գերմանիայում բազմամշակութային հասարակություն կառուցելու փորձերի լիակատար ձախողումը: «Գերմանական ալիք» ռադիոկայանը հաղորդում է, որ Մերկելը նման հայտարարությամբ հանդես է եկել Պոտսդամում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության ժողովում:
Կառավարության ղեկավարը ներգաղթյալներից պահանջել է սովորել գերմաներեն եւ ինտեգրվել Գերմանիայի հասարակությանը: «Նրանք, ովքեր ուզում են դառնալ մեր հասարակության մասը, պարտավոր են ոչ միայն կատարել մեր օրենքները, այլեւ խոսել մեր լեզվով», հայտարարել է Մերկելը:
Դրա հետ մեկտեղ կանցլերը ընդգծել է ներգաղթի եւ հատկապես որակյալ մասնագետների անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, ամեն տարի կենսաթոշակի է անցնում 200 հազար գերմանացի, ինչը երկրում աշխատուժի պակաս է ստեղծում: Ընդսմին Մերկելը նշել է, որ ներգաղթյալներին պետք է դիմել լոկ այն ժամանակ, երբ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են գերմանացիների որակավորումը բարձրացնելու եւ նրանց աշխատանքի տեղավորելու նպատակով:
Իր ելույթում կանցլերը նաեւ մեկնաբանել է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի խոսքերը: Օրերս Վուլֆը հայտարարել էր, որ «իսլամը դարձել է Գերմանիայի մի մասը», եւ օրինակ էր բերել ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին:
Բազմամշակութային մոդելի ձախողման մասին ուրբաթ օրը հայտարարել էր Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ, Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը: Ավելի վաղ նա պահանջել էր սահմանափակել ներգաղթը Թուրքիայից եւ Մերձավոր Արեւելքից:
Օգոստոս-սեպտեմբերին Գերմանիայում աղմկալի սկանդալ էր ծագել Կենտրոնական բանկի վարչության նախկին անդամ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Թիլո Սառացինի «Գերմանիա. ինքնաոչնչացում» գրքի կապակցությամբ: Գրքում մասնավորապես նշվում է, որ գերմանական մշակույթը մերժող եւ Գերմանիայի հասարակությանը չմերվող ներգաղթյալների թվի աճը հանգեցնում է երկրի անկմանը: