«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՍԱԱԴ ՀԱՐԻՐԻԻ ԱՅՑԻ ՆՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոկտեմբերի 16-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, երկուստեք կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկելու վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին փոխանցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:

Սաադ Հարիրի այցը պետք է տեղի ունենար հոկտեմբերի առաջին տասնօրյակում: «Ազգի» տեղեկություններով, Հարիրին Հայաստան այցը հետաձգել էր Լիբանանում քաղաքական իրավիճակի սրման պատճառով: Լիբանանի վարչապետի այցելությունը, ըստ մեր տեղեկությունների, տեղի կունենա առաջին իսկ հարմար ժամանակահատվածում:

Նախնական հայտարարության համաձայն` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի գլխավորած պատվիրարակությունը պաշտոնական այցով Հայաստանում պետք է լիներ հոկտեմբերի 7-ին` երկօրյա այցի շրջանակներում: Նախատեսվում էր, որ Լիբանանի վարչապետի այցի ընթացքում կողմերը պետք է քննարկեին 6 տարի առաջ ստեղծված համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Լիբանանի վարչապետի` Հայաստան այցելության ընթացքում նախատեսված էին հանդիպումներ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4