«ԲեՏեԷՌ»-ությունն ու մարդու իրավունքները
Ժողովրդավարությունը բավականին ընդգրկուն հասկացություն է, որ իր ազդեցությունն ու բովանդակությունն է ձեռք բերում տարբեր առիթներով եւ տարբեր մակարդակներում: Երեւանում երեկ մեկնարկած Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը բավականին ներկայացուցչական էր, սակայն առավել պետք է լիներ:
Իսկ այդ լինելուն խանգարել էր փաստացի հենց ժողովրդավարությունը, որի դրսեւորումներից մեկն էլ Ֆրանսիայում ավիափոխադրումների ոլորտի գործադուլն էր: Հենց այդ գործադուլի պատճառով ֆորումի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն չունեցավ անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն, որին թերեւս Հայաստանում բավականին սպասողներ կային:
Ֆորումը գումարվում է 2005 թվականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրա եւ համարվում է կազմակերպության կարեւորագույն ամենամյա միջոցառումներից: Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել տարբեր երկրների եւ Եվրոխորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Առանց Չավուշօղլուի մեկնարկած ֆորումը ողջունող առաջին խոսքը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանինն էր: Ֆորումի «Հեռանկարներ 2020. ժողովրդավարությունը Եվրոպայում. Սկզբունքներ եւ մարտահրավերներ» խորագրով նիստին բացման խոսքում Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի, Շվեդիայի եւ Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երեւանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
Խոսելով Եվրոպայի խորհրդի ստեղծման նախադրյալների եւ կազմակերպության գործունեության մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման եւ խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին:
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի դերակատարությանը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությանը, Նալբանդյանը նշեց. «Շուտով մեր երկիրը կնշի Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակը... Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով»:
«Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը այդ ուղին հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնելու համար, քանի որ հնարավոր խոչընդոտները առավել հեշտ է հաղթահարել, երբ կա աջակցության ու զորակցության զգացումը», եզրափակեց նախարարը:
Բացման խոսք ասաց նաեւ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության փոխարտգործնախարար Զորան Պետրովը, նաեւ ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտը: Իսկ Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը հարկ համարեց ընդգծել, որ Սերբիայի խորհրդարանն առաջին եվրոպականն էր, որ ողբերգական իրադարձությունների համար ներողություն խնդրեց: Ավելին, Սերբիան ժողովրդավարության օրինակ է, եւ, ըստ Երեմիչի, ժողովրդավարությունն ու երկխոսությունը բարձր դասող մի երկիր:
Որեւէ կասկած չարտահայտելով Սերբիայում ժողովրդավարության մակարդակի առնչությամբ, այդուհանդերձ, Կոսովոյի հարցում սերբական մոտեցումը համատեքստում նկատի ունեցող Երեմիչը թերեւս չափազանցում էր, քանի որ Կոսովոյի հարցում Սերբիային այլ բան, քան «ժողովրդավար» լինել, չի մնացել: