«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2010-10-19 | #191, 2010-10-20 | #192, 2010-10-21


ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` «ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՀԱՇՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

Գերմանիան աշխարհին եւ տարբեր երկրների հետ հարաբերություններին թերեւս միշտ նայել ու նայում է այն տեսանկյունով, որի դեպքում չի կարող հաշվի չառնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքները հենց Գերմանիայի համար: Սա է թերեւս հիմնական այն անկյունաքարը, որ հիմք է տվել Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆին Թուրքիային կոչ անելՙ «ընդունել իր անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ»:

Իսկ այսպիսի հայտարարությունը Գերմանիայի նախագահն արել է հոկտեմբերի 19-ին` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: Նա խոսել է իրանական, կիպրական, հայկական հարցերի, Թուրքիայի եվրանդամակցության, այդ երկրում քրիստոնյա փոքրամասնությունների կարգավիճակի եւ մի շարք այլ խնդիրների մասին: Վուլֆը նշել է, որ Գերմանիան, կողմնակից լինելով Թուրքիայի եվրոինտեգրմանը, միեւնույն ժամանակ սպասում է, որ Անկարան կատարի հանձն առած պարտականությունները:

Գերմանական գործակալությունները տեղեկացնում են, որ նույն օրը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում Վուլֆը նշել է հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու թուրքական ջանքերի մասին եւ քաջալերել է Թուրքիայինՙ ձեռնարկելու Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլեր:

«Կարծում ենք, որ Կիպրոսի խնդրի լուծման անհրաժեշտություն կա: Դա ոչ միայն կղզու տնտեսական զարգացման տեսանկյունից է կարեւոր, այլեւ կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ձեւավորմանը: Ձեր երկրին հայտնում ենք մեր աջակցությունը նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացում», ասել է Գերմանիայի նախագահը: Վուլֆը, խոսելով սահմանի բացման անհրաժեշտության մասին, միեւնույն ժամանակ, ակնարկով անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին, նշելով. «Անհրաժեշտություն կա ձեւավորելու այնպիսի միջավայր, որտեղ չեն արհամարվի վիճահարույց հարցերը»:

Գերմանիայի նախագահը Թուրքիային հորդորել է հարգել իր երկրում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները, ինչը Եվրոմիությանը անդամակցելու Թուրքիայի ճանապարհի առանցքային խնդիրներից է: «Մենք ակնկալում ենք, որ մահմեդական երկրներում քրիստոնյաները ունենան նույն իրավունքները` բացահայտ դավանելու իրենց կրոնը, կրթելու նոր հոգեւորականների եւ կառուցելու նոր եկեղեցիներ», Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Քրիստիան Վուլֆը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4