ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Ելմիրա Սուլեյմանովային` Հայաստանում բնակվող Անդրեյ Ծատուրյանի Բաքվում գտնվող ապահովագրված տան վերադարձման կամ փոխհատուցման հարցի վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբՙ նամակում ասված է. «Երեւան քաղաքի Բագրատունյանց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցիցՙ ինքըՙ Անդրեյ Իսակովի Ծատուրյանը (ծնված 1938 թ.), կինըՙ Նելլի Սուրենի Ծատուրյանը (1938), եւ երկու երեխաներըՙ Արթուր Անդրեյի Ծատուրյանը (ծնված 1968 թ.), եւ Սուսաննա Անդրեյի Ծատուրյանը (ծնված 1971 թ.): Նշել է, որ 1988 թ. ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքըՙ թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988 թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքըՙ խնդրել է պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում: Հաշվի առնելով վերոգրյալը Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա ո՞ր թվականից եւ ի՞նչ իրավական հիմնավորմամբ»:
Հ. Ա.