Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ» աշխատանքային խմբի ղեկավար Թեսա Հոֆմանը Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ նամակով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Կելլենբերգին:
ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների հիման վրա հակիրճ ներկայացնելով հարցի էությունը` Հոֆմանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու Բաքվում եւ Հայաստանում նրա ներկայացուցչություններին ուղղված Հայաստանի պաշտոնատար անձանց եւ իրավապաշտպանների բոլոր դիմումներն ու խնդրանքներն այդպես էլ արդյունք չտվեցին: Երեք շաբաթվա ընթացքում, երբ Մանվել Սարիբեկյանը Բաքվում գերության մեջ էր, ընդհուպ վերջինիս վաղաժամ մահը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն, ինչպես նաեւ կազմակերպության տեղական ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան հանդիպել նրա հետ եւ ոչ էլ կարողացան որեւէ կերպ բարելավել տղայի վիճակը»:
«Այս երիտասարդ տղայի վաղաժամ մահը դաժան կտտանքներից է, ուղղակի սպանություն», panorama.am կայքէջի փոխանցմամբ, նամակում նշել է Հոֆմանը: «Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը, ինչպես նաեւ կազմակերպության կենտրոնական ղեկավարությունում մանրամասնորեն տեղյակ են ադրբեջանա-հայկական երկարատեւ հակամարտությունից եւ Ադրբեջանում լայնորեն տարածված «հայատյացության» մասին: 20-րդ դարում Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում բազմիցս հայերի հանդեպ զանգվածային բնաջնջման եւ բռնությունների դեպքեր են արձանագրվել (Բաքու, 1918 թ., Շուշի, 1920 թ., Սումգայիթ, 1988 թ., Մարաղա/Ղարաբաղ, 1992 թ., Բաքու, 1990թ.,), ինչպես նաեւ մեկ անձի սպանություն ազգային պատկանելության հողի վրա (Գուրգեն Մարգարյան` փետրվար, 2004 թ., Բուդապեշտ)»:
Ըստ նամակի, այս համատեքստում երիտասարդ հայ տղայի գերեվարումն ու ազատազրկումն ադրբեջանական բանտում, ինչպես նաեւ նրա նկատմամբ կտտանքների կիրառման կասկածները պետք է անհապաղ անհանգստացնեին Կարմիր խաչի կազմակերպության տեղական ներկայացուցչություններին: «Մենք ակնկալում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան արձագանքը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ: Ավելին, մենք կցանկանայինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հավաստիացումներ ստանալ Մ. Սարիբեկյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լիարժեք հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին: Մենք նաեւ կցանկանայինք իմանալ, արդյոք դուք սատարո՞ւմ եք հետաքննության մեջ Հայաստանի Հանրապետության փորձագետների մասնակցության վերաբերյալ հայկական կողմի պահանջը», նշված է Հոֆմանի նամակում:
Ա.Հ.