Սակայն երկնիշ աճ արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,8 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 2 տրիլիոն 386 մլրդ դրամ: Տնտեսական աճի տեմպը շարունակել է նվազելՙ հունվար-մայիս ամիսների 8,8 տոկոսից հասնելով 2,8 տոկոսի: Միաժամանակ, հարկ է նկատել, աճի նվազման տեմպը եւս փոքրացել էՙ հունվար-օգոստոսի նկատմամբ իջնելով ընդամենը 0,3 տոկոսային կետով: Այսինքնՙ տնտեսական աճի ցուցանիշը սկսում է կայունանալ 2-3 տոկոսի շրջակայքում:
Ինչպես բազմիցս ենք նշել, այս տարվա տնտեսական աճի ցուցանիշն այլ կլիներ, եթե ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների հետեւանքով գյուղատնտեսության մեջ տեղի չունենար աննախադեպ անկումը: Դրան էլ հարկ է ավելացնել շինարարության ծավալների դեռեւս պահպանվող անկումը: Ընդ որում, շինարարության ծավալների որոշակի վերականագնումը պայմանավորված է հիմնականում պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարությամբ աղետի գոտում, ճանապարհների եւ ջրագծերի կառուցմամբ: Մասնավոր կառուցապատողների մեծ մասը դեռ սպասողական վիճակում է:
Ըստ տնտեսության ճյուղերի, հետեւյալ ցուցանիշներն են արձանագրվել: Արդյունաբերությունում շարունակվում է պահպանվել երկնիշ տնտեսական աճը, որն այս անգամ կազմել է 10,9 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրություն հունվար-սեպտեմբերին աճել է 19,4 տոկոսով: Հիմնականում արդյունաբերության մեջ արձանագրված աճի շնորհիվ է ընդհանուր տնտեսական աճ արձանագրվել, ինչը դրական պետք է համարել երկու պատճառներով: Նախ, որ իրական հատվածում է բարձր աճ արձանագրվում, ապա, որ դա վկայում է տնտեսության որոշակի դիվերսիֆիկացիայի մասին: Փաստորեն, չնայած գյուղատնտեսությունը եւ շինարարությունն անկում են արձանագրում, բայց այլ ճյուղերի, առավելապես արդյունաբերության, մասամբ նաեւ ծառայությունների շնորհիվ տնտեսական աճ, այնուամենայնիվ, արձանագրվում է: Իհարկե, դրան նպաստել են նաեւ համաշխարհային տնտեսության կացության բարելավումը եւ մետաղների միջազգային գների բարձրացումը: Սակայն միայն սրանով բացատրել արդյունաբերության աճը ճիշտ չէ, քանի որ մեր հանքարդյունաբերական կոմբինատներին կառավարության կողմից անցյալ տարի տրամադրվել էր 40 մլն դոլարի վարկ, որը կարեւոր նշանակություն ունեցավ ճգնաժամային իրավիճակից նրանց դուրս գալու եւ հետագա գործունեության վերականգման համար:
Շինարարությունում, ինչպես արդեն նշեցինք, անկում է արձանագրվելՙ 5,2 տոկոսով: Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 17,9 տոկոս: Այս ճյուղերի իրավիճակին արդեն վերեւում անդրադարձանք: Միայն ավելացնենք, որ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ գյուղատնտեսությունում արձանագրվել է 28,3 տոկոս աճ, իսկ շինարարությունումՙ 19,9 տոկոս աճ:
Ծառայությունների ոլորտում այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 7,4 տոկոս աճ, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբՙ 3,1 տոկոս աճ: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 0,4 տոկոս աճ, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ 7,1 տոկոս աճ: Այս ճյուղերում արձանագրված ցուցանիշները արտացոլում են բնակչության կենսամակարդակի վիճակը: Միաժամանակ, հարկ է ավելացնել, որ աճի տեմպերն այստեղ ավելի բարձր կարող էին լինել, եթե ավելի ճշտորեն արձանագրվեր իրական պատկերը: Իսկ դրա համար հարկ էր գոնե պահպանել ՀԴՄ-ների կտրոնների բոնուսների համակարգը: Մինչդեռ, դրանց խորդանշական դառնալուց հետո, այս ոլորտների շրջանառությունները դարձյալ սկսել են հեռանալ իրականությունից:
Միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 7,9 տոկոսով եւ կազմել 106 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմում է մոտ 85 հազար դրամ, իսկ մասնավորումՙ մոտ 133 հազար դրամ: Առաջինում աճը կազմել է 4,2 տոկոս, երկրորդումՙ 9,3 տոկոս: Ակհայտ է, սակայն, որ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն իրականում շատ ավելի բարձր է, քանի որ մասնավոր ընկերությունների գերակշիռ մասը իրենց հաշվետվություններում աշխատակիցների աշխատավարձերի չափը նվազեցված են ցույց տալիս:
Արտաքին առեւտրաշրջանառությունն աշխուժանում է: Այս տարվա 9 ամիսներին ավելացել է 23,6 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 383 մլն դոլար: Արտահանումը կազմել է գրեթե 705,3 մլն դոլար, արձանագրելով 43,9 տոկոս աճ: Արտահանումը զգալիորեն ավելացել է նաեւ սեպտեմբերին օգոստոսի համեմատՙ 25,1 տոկոսով:
Ներմուծումը կազմել է 2 մլրդ 678 մլն դոլար, աճելով 19,2 տոկոսով: Սակայն սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ ներմուծումը նվազել է 1,3 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, սակայն, շարունակել է խորանալ եւ մոտեցել 2 մլրդ դոլարի սահմանինՙ կազմելով մոտ 1 մլրդ 973 մլն դոլար:
Այսպիսով, այս տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր երկրի տնտեսությունը վերականգնվում է անցյալ տարվա ճգնաժամից, ինչպես նաեւ, որ տնտեսական աճի տեմպը թեեւ նվազել է, բայց սկսել է կայունանալ եւ որակապես փոխվել: Այսինքնՙ այն ներկա պահին արձանագրվում է արդյունաբերության աճի շնորհիվ: Մյուս կողմից, շինարարության, հատկապես մասնավոր շինարարության ոչ մեծ ծավալները խոսում են այն ամսին, որ այս ոլորտը դեռ ուշքի չի եկել ճգնաժամից հետո, ինչպես նաեւ, որ պահանջարկն էլ այստեղ դեռ հեռու է նախաճգնաժամային մակարդակից: Հետեւաբար, ինչպես շինարարության զարգացման, այնպես էլ նրա նկատմամբ պահանջարկի խթանման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերն այստեղ դեռ բավարար չեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ