«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2010-10-20 | #192, 2010-10-21 | #193, 2010-10-22


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ

Բաց նամակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ,

դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն,

դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Եվլախ քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներին: Ինչպես ընդունված է նման դեպքերում, նա հանդես է եկել ելույթով: Այդ մասին Ադրբեջանի նախագահի գրասենյակը տարածել է պաշտոնական հաղորդագրություն:

Ես չեմ անդրադառնում նախագահ Ալիեւի ելույթի «պատմագիտական» ընդգծումներին: Դա գիտական շրջանակների խնդիրն է:

Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի գրասենյակը օտարախոս հանրության համար ռուսերեն եւ անգլերեն տարածած հաղորդագրության մեջ որոշակի խմբագրական միջամտություններ է արել: Արդյունքում միջազգային մեդիա միջոցները հնարավորություն չեն ունեցել տեղեկանալու նախագահ Ալիեւի ելույթի մի էական հատվածին: Այն ներկայացրել է Բաքվում լույս տեսնող Bizim yol («Մեր ուղին) ոչ իշխանամետ պարբերականը` միայն ադրբեջաներեն լեզվով:

Ելույթի հիշյալ հատվածում նախագահ Ալիեւն ասել է. «Իմ անմիջական կարգադրությամբ է քանդվել Բաքվի 26 կոմիսարների հուշահամալիրը»:

Հիշեցնեմ, որ այդ հուշահամալիրը Բաքվում խորհրդային իշխանության տարիներին կառուցվել էր այն տեղում, որտեղ ավելի վաղ ամփոփվել էին 26 կոմիսարների աճյունները:

Խոսքը վերաբերում է մինչեւ թուրքական զորքերի կողմից 1920թ. սեպտեմբերի 15-ին Բաքվի օկուպացումը գործած կառավարության անդամների վերահուղարկավորմանը: Նրանք, ըստ պաշտոնական վարկածի, գնդակահարվել էին թուրքմենական Ախչա-Կույմա անապատում:

Ադրբեջանի նախագահը պաշտոնապես ասել է, որ ինքն է կարգադրել քանդել հուշահամալիրը: Նա փաստորեն դարձել է պատմամշակութային հուշարձանի ավերման, պատմական հիշողության բնաջնջման նախաձեռնող:

Այդ ամենը տեղի է ունեցել հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրերով հեռու քաղաքում: Իսկ պատճառն այն է, որ 26 կոմիսարների մեծ մասն ազգությամբ հայ է եղել: Կառավարությունը գլխավորել է Կովկասում հայտնի բոլշեւիկ Ստեփան Շահումյանը:

Ուշագրավ է, որ նման արտառոց հայտարարություն արել է մի երկրի առաջնորդ, որը միջազգային հեղինակավոր ամբիոններից խոսում է հանդուրժողականության եւ համակեցության մասին, ինչպես նաեւ հարուցում հակամարտության գոտում միջազգային գնահատողական առաքելություն իրականացնելու միջնորդություն:

Սեփական կարգադրությամբ պատմամշակութային հուշարձան ավերող եւ պատմական գործիչների գերեզման պղծող պաշտոնատար անձը մի՞թե իրավասու է խոսելու հումանիտար իրավունքից:

Ակնկալում եմ, որ այս դիտարկումը պարզ պատկերացում կարող է տալ Ադրբեջանում իշխող քսենոֆոբիայի եւ պատմամշակութային կեղծարարության իրական չափերի մասին, որը, սակայն, այդ երկրի իշխանությունները ջանադրաբար քողարկում են միջազգային հանրությունից` չխորշելով անգամ նախագահի ելույթը «ընտրովի» ներկայացնելու էժանագին հնարանքից:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4