Ադրբեջանի կատարած պատմական կեղծարարությունների մասին երեկ խոսեցին «Արմատ» ակումբի բանախոսները:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը ասուլիսի սկզբում նախ խոսեց վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության իրենց բաժնի մասին. «Մեր բաժինը 2 տարի էՙ սկսել է իր աշխատանքները, արդեն մի տարի էՙ առավել ակտիվ ենք»: Մհեր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինստիտուտի կազմում գործող բաժինն ունի պաշտոնական կայք` www.armin.am: «Ուսումնասիրելով համացանցը` տեսանք, որ հայագիտական նյութերի ուսումնասիրման հարցում լուրջ բացեր կան», ասաց Մհեր Հովհաննիսյանը: Հայագիտության եւ տեղեկատվության բաժնի նպատակն է համացանցում հայագիտական նյութեր տարածելն ու հակահայագիտական նյութերը վերհանելը: Armin.am կայքն ունի էլեկտրոնային գրադարան: «Կարողացանք հայագիտական շուրջ 2 տասնյակ գրքեր տեղադրել, որոնց մեծ մասը մեր ինստիտուտի հրատարակություններն են», ասաց Մհեր Հովհաննիսյանը: ԵՊՀ-ի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քարտեզագրության բաժիններից մեկը հայոց պատմության դասընթացին զուգահեռ քարտեզներ է մշակել, որոնք եւս տեղադրվել են համացանցում: Մ. Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց. «Շուտով մեր ինստիտուտը հրատարակելու է հակահայագիտական ուղղվածություն ունեցող թուրքական ու ադրբեջանական կայքերի տեղեկատու գրքույկ»:
Հայագիտական բաժինը ներկայացնելուց հետո բանախոսներն անդրադարձան Ադրբեջանի կեղծարարություններին: Պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանն անհանգստությամբ նշեց, որ հայաստանյան մամուլը երբեմն այնպիսի տեղեկատվություն է տարածում, որը հասարակության մեջ վախի մթնոլորտ է ստեղծում: «Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելին է, քան Հայաստանինը», եւ նմանատիպ այլ հրապարակումները հոգեբանական ծուղակներ են», ասաց Ալիկ Ղարիբյանը, ապա մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը. «Թշնամուց ավելի վտանգավոր են բանակի ներսում եղած վախկոտներն ու խուճապ տարածողները»: Բանախոսներին նաեւ անհանգստացրել էր վերջերս երեւանյան գրախանութներում վաճառվող «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանը, որտեղ Հայաստանի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հանրագիտարանում գրված է, թե Հայաստանի հիմնական լեզուները հայերենն ու ադրբեջաներենն են, հիմնական կրոնները` ուղղափառությունն ու իսլամը, մասնավորապես շիա ուղղությունը: «Մեր գրախանութներն առանց խղճի խայթի վերցրել եւ վաճառել են հանրագիտարանը», ասաց Ա. Ղարիբյանը, եւ ընդգծեց. «Եթե հայ գործարարը նման հանրագիտարան է ներկրում, գոնե Հայաստանին վերաբերող մասը թո՛ղ կարդա»:
Ադրբեջանը հանուն իր շահի խեղաթյուրում եւ կեղծում է պատմական փաստերն ու իրադարձությունները: Թե ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում կեղծարարությունների, դա ունի նաեւ հոգեբանական պատճառներ ու բացատրություններ: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ հիշյալ կեղծարարությունների պատճառները կարելի է բաժանել 2 խմբերի` քաղաքական, քարոզչական եւ ներհոգեբանական: Ադրբեջանը դիմում է մասշտաբային ստախոսությունների: «Ես սա կանվանեի ախտաբանական ստախոսություն, որը ծագում է այն դեպքերում, երբ կան շատ լուրջ հոգեկան խնդիրներ», ավելացրեց Կարինե Նալչաջյանը: Երբ մարդը մի քանի անգամ կրկնում է իր սուտը, ինքն էլ է սկսում հավատալ իր ստին եւ դառնում է այդ ստի ջատագովը: Այսօր ադրբեջանցիները դարձել են իրենց ստի ջատագովն ու սկսել են հավատալ իրենց կեղծիքներին: Մեր հարեւան երկրի բնակիչները առանձնապես հպարտանալու առիթներ չունեն, դրա համար էլ ընկել են թերարժեքության մեջ ու երեւակայական թռիչքներով սկսել են ինքնապաշտպանվել: Այնուամենայնիվ, հոգեբանը զգուշացնում է, որ պետք է զգոն լինել: Ամեն մարդ չէ, որ մանրամասնորեն կուսումնասիրի Հայաստանի պատմությունը սուտն ու ճշմարտությունն իրարից տարբերելու համար: «Եթե կեղծիքն ու սուտը համոզիչ են ներկայացվում, դրանք սկսում են իրենց գործն անել, միջազգային հանրություն կոչվածը կընդունի դրանք որպես ճշմարտություն, ուստի եկե՛ք մեր գլխի տակ փափուկ բարձ չդնենք», ասաց Կ. Նալչաջյանը: Վերջինիս կարծիքով` մենք պետք է ակտիվ ու նախաձեռնող լինենք: Հոգեբանը նաեւ մի հետաքրքրական դեպք պատմեց, որից կարելի է հետեւություն անել, որ ադրբեջանցիների համար սուտն ու գողությունը նույնիսկ գովելի արարքներ են: Ադրբեջանական ընտանիքում, երբ երեխան իր կյանքում առաջին գողությունն է անում, օրինակ` հարեւանի հավն է գողանում, երեխայի բարեկամների համար դա դառնում է տոնակատարության առիթ: Երեխայի առաջին գողությունը նրանք անվանում են «սֆթա»: «Ադրբեջանցիներն իրենց ավանդույթներում գողությունը համարում են գովելի արարք ու հիմա էլ իրենց առաջանորդների, պետական մակարդակով են զբաղված գողությամբ», նշեց Կ. Նալչաջյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ