Փարիզից Երեւան ուղիղ գծով մոտ 4000 կմ է, Փարիզից Լոս Անջելես` 10.000 կմ-ից ավելի: Անգամ տնտեսվարությունից հեռու յուրաքանչյուր հայաստանցի կվկայի, որ Ֆրանսիայից երկու ուղղություններով արտահանվող նույն ապրանքը բարձր կենսամակարդակ ունեցող Լոս Անջելեսում առավել թանկ գնով պետք է վաճառվի: Բայց մի շտապեք նման եզրակացության գալ, քանզի Ֆրանսիայից ներմուծում իրականացնող երկու երկրներում տարբեր տրամաբանություն է իշխում: ԱՄՆ-ում կարծես նախապատվությունը տալիս են շահույթի առումով ներմուծված ապրանքից ժամ առաջ ազատվելուն, ՀՀ-ում ներմուծողները գերադասում են ապրանքները ցուցափեղկերում պահելով իրենց ձեռնտու գնով վաճառել: Հայաստանյան գնորդը նրանց համար հիմնականում կուտակումները բազմապատկելու աղբյուր է, այլ ոչ` առ եւ տուրի յուրօրինակ գործընկեր: Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ, ծանոթացեք:
«Պերիեն» աշխարհի չորս կողմերում վաճառվող հանքային ջուր է: Այս հանքային ջուրը ներկայացնող լուսանկարը վերցրել ենք Նորթ Հոլիվուդի Շարման փողոցի «Բլեք Ջեյ» լոսանջելեսցիների կողմից հայկական համարվող սուպերմարկետի գովազդային թերթիկից. հայկական դրոշակների առկայությունը պայմանավորված է սեպտեմբերի 21-ի անկախության օրվա հիշատակմամբ:
Հիմա ուշադիր նայեք ներկայացված գնին. 4 շիշ 330 գրամանոց «Պերիե»-ները գնահատված են 2 դոլար 49 ցենտ, որը ՀՀ արժույթով կազմում է 900 դրամ, 1 շշի արժեքը` 225 դրամ: Հիմա եկեք գուշակենք, թե ՀՀ այս ապրանքը ներմուծելու պարագայում ինչ գնով է հարկավոր վաճառել շահույթ ակնկալելու նպատակով: 10000 կմ եւ 4000 կմ հեռավորությունների տեղափոխման ծախսերի տարբերությունը հուշում է, որ անգամ 200 դրամով վաճառքը որոշակի շահույթ պետք է երաշխավորի: Դա մերՙ գնորդներիս, տրամաբանությամբ: Բայց պարզվում էՙ գնորդներիս ու ներմուծողների տրամաբանությունը բացարձակապես տարբեր է, որի ապացույցն է այս նույն հանքային ջուրը Երեւանի կենտրոնից մի փոքր հեռու գտնվող սուպերմարկետներից մեկում 529 դրամով վաճառելը: Կենտրոնին համեմատաբար մոտ սուպերմարկետում այն վաճառվում է 690 դրամով: Թվի որեւէ սխալից խուսափելու նպատակով ներկայացնենք նաեւ տառերով. հինգ հարյուր քսանինը դրամ եւ վեց հարյուր իննսուն դրամ:
Համանման պատկերի ենք հանդիպում գերմանական «Հեյնեկեն» գարեջրի հարցում, որը ԱՄՆ-ում վաճառվում է ՀՀ 400 դրամին համարժեք դոլարով, ՀՀ-ում` 500 դրամից բարձր արժեքով. նկատենք, որ Գերմանիայից Լոս Անջելես գրեթե 11000 կմ է, մինչեւ Հայաստան` մոտ 3500 կմ:
Անշուշտ, ներմուծվող ապրանքի գինը միայն ներմուծողի պահանջ-ցանկությունից չէ, որ կախված է, այլեւ պայմանավորված է երկրի հարկային ու մաքսային օրենսդրություններով: Բայց այսպիսի տարբերությունը, կոնկրետ ԱՄՆ-ի դեպքումՙ 2,5 անգամ բարձր գինը, որեւէ տրամաբանության, թող թույլ տրվի ասել, չի ենթարկվում: Պետական որեւէ համապատասխան պաշտոնյա թե միջազգային մասնագետ-փորձագետ-խորհրդատու արդյոք ի զորո՞ւ է որեւէ փաստարկ ներկայացնել ի պաշտպանություն, ասենք, 529 դրամ գնի: Արդյոք այս թվից գանձվող հարկերից ու մաքսատուրքերի՞ց է նաեւ գոյանում ՀՀ բյուջեն, որից տրվող աշխատավարձերի, կրթաթոշակների ու կենսաթոշակների չափերը հայտնի են հայաստանաբնակներիս: Մենք լավ թե վատ տեղեկացված ենք նաեւ ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի 1 բնակչի հաշվով բյուջետային գումարներից: Եթե առաջինում այն 2008-ին 10000 դոլար էր, մեր պարագայում նոր-նոր մոտենում է 1000 դոլարի սահմանին:
Եվ հարցը` ի՞նչ է կատարվում Հայաստանում, հնչում է ինքնաբերաբար: Պատասխան, ցավոք, չկա, քանզի չկա պետական այն պաշտոնյան, ով պարտավոր է դնել այսօրինակ հարցը եւ լուծում տալ դրան: Օրինակՙ խոստումներ հնչեցին, թե կարտոֆիլի բերքահավաքից հետո այս գյուղմթերքի գինը կընկնի: Եթե դրանք հնչեցնողը նկատի ուներ 1 կգ-ի դիմաց այսօրվա 180-220 դրամ գինը, կարծես այն հեռու է գնորդի սպասումից, քանզի նախորդ տարում կարտոֆիլի գինը կիսով չափ պակաս էր: Իսկ հիմա ներկայացնենք այս ապրանքի գինը ԱՄՆ-ում. լուսանկարում պատկերված 10 լայբը 4,5 կգ-ն է, որը գնահատված է 1 դոլարով: ՀՀ դրամի վերածելու արդյունքում 1 կգ-ն ստացվում է 80 դրամ, որպիսի գնի մասին մենք ստիպված ենք երազել: Հավատացեք, նույն պատկերն է կաղամբի ու պղպեղի, մրգերի ու պահածոների, բազմաթիվ այլ ապրանքատեսակների ու խմբերի առումով, որոնց թերթի էջի սղության պատճառով կանդրադառնանք այլ անգամ: Տողերիս հեղինակը «սարսափելի է» ցանկանում գնահատել ճաշերի պարտադիր բաղկացուցիչ մաս կազմող սոխի 1 կգ-ի գինը Հայաստանում, որը գրեթե 1 դոլար է: Լուսանկարում պատկերվածը Լոս Անջելեսի «Վալլարատու» սուպերմարկետի գովազդային թերթիկից է վերցվել. 6 լայբը, որը ՀՀ քաշային արտահայտությամբ 2,7 կգ է, նույնպես 1 դոլար է: Յոթերորդ տասնամյակն ապրող ՀՀ քաղաքացիս ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ ուժեր ու գործընթացներ են ուղղորդում երկիրը, երբ է հույսի ու լույսի ինչ-որ նշան երեւալու հայկական իրականությունում: Պատահական չէ, որ իմ ոչ ընդգծված հոռետեսությունը ամեն պահի է հանդիպում շրջապատիս բացարձակ մեծամասնության ակնհայտ վրդովմունքին ու զայրույթին. այս երկիրը ապագա չունի:
Հեղինակն առայժմ այս կարծիքին հակադրվողների շարքում է:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ