«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2010-10-21 | #193, 2010-10-22 | #194, 2010-10-23


ԿՈՎԿԱՍԻ ՄՈԼԱԳԱՐԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Պատմությանը հայտնի բոլոր բռնապետները տառապել են թերարժեքության բարդույթով: Ներոնը գրչակ էր եւ հրդեհեց Հռոմը, Թամերլանը կաղ էր եւ աշխարհից վրեժխնդիր եղավ... Այսպես կարելի է հասնել նորագույն ժամանակներին` Լենին, Հիտլեր, Ստալին, Մաո: Իլհամ Ալիեւն, իհարկե, թվարկածների մակարդակին դեռեւս «չի ձգում», բայց ակնհայտորեն ձգտում է հասնել:

Պարզվում է, որ նրան էլ թերարժեքությունը խորթ չէ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում սովորելու տարիներին, ինչպես վստահելի աղբյուրներն են վկայում, նա լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք կարգավորվել են միայն հոր միջամտությամբ:

Մեկ անգամ, սակայն, նույնիսկ Կրեմլից հնչած զանգն է անզոր եղել. հայտնի քաղաքագետ եւ մեկնաբան Վալենտին Զորինը, որ ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր էր, «թագաժառանգին» անբավարար է նշանակել: Եվ Իլհամն ստիպված «ուսումնառությունը շարունակել է» Կիեւում:

Այս ձախողումն, ըստ երեւույթին, նրա հոգեկանը խեղել է: Մարդն, ինչպես ասում են, «կոտրվել է» եւ այլեւս չի վերականգնվում: Անվերջ մղվում է ինքնահաստատման: Ուզում է ձերբազատվել «կաղ բադիկի» բարդույթից: Եվ, իհարկե, ոչնչի չի հասնում: Որովհետեւ ինչ էլ անի, թե՛ հպատակները, թե՛ մերձավորները, թե՛, մանավանդ, միջազգային հանրությունը նրան ընկալում են որպես Հեյդար Ալիեւի որդու: Հոր ստվերը նրանից միշտ մի քանի քայլ առաջ է:

Այսպես անվերջ շարունակել անհնար է: Եվ Իլհամ Ալիեւը վճռական որոշում կարծես ընդունել է` հաղթահարել «խեղկատակ թագաժառանգի» բարդույթը: Եվ, դժբախտաբար, դրա համար ընտրել է անհուսալի տարբերակ`«լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, պատմության մեջ մտնել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնող առաջնորդ»:

Այս իմաստով նրա ընդդիմախոսը ոչ Հայաստանն է, ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ էլ միջազգային հանրությունը: Իլհամ Ալիեւը մրցապայքարի մեջ է հոր` «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի հետ: Նա կռվում է հոր ուրվականի դեմ:

Առանձնության պահերին Իլհամ Ալիեւն ամենայն հավանականությամբ զբաղվում է ոգեկոչությամբ: Իսկ երբ հոր ուրվականը որեւէ տրամաբանական լուծում չի առաջարկում, նա կորցնում է բանականության վերջին նշույլները եւ շտապում կառավարության արտահերթ նիստ գումարել, որպեսզի հերթական անգամ «վստահեցնի, որ ադրբեջանական հողում երկրորդ հայկական պետություն չի ստեղծվելու»:

Որեւէ մեկն, իհարկե, նրան լրջորեն չի հավատում: Որովհետեւ մտագարություն է «չի ստեղծվելու» ասել մի պետության մասին, որ արդեն ստեղծված է, գործում է: Իսկ կառավարության անդամների մեջ, պետք է հուսալ, կան գիտակից մարդիկ, որ իրականությունը տեսնում եւ գնահատում են: Բայց նրանք այնքան խելոք են, որ «հիմարի հետ չեն վիճում»: Քանի որ իշխանություն ունեցող «հիմարը վտանգավոր գազան է»: Ամեն պահ կարող է հոշոտել իր «իմաստնությանը» կասկածողին:

Հո չե՞ն գժվել, որ հակաճառեն: Մանավանդ որ «խելագարը» ոչ միայն ինքն է հարստանում, այլեւ հնարավորություն է տալիս, որ իր մտավարժանքներն անծպտուն լսողներն էլ «մատ լիզեն»: Շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող «ռազմական ծախսերից», օրինակ, միայն 1,1-ն է ուղղակի հատկացվելու բանակին: Մնացածը կիրացվի «պաշտպանության բնագավառում պետական այլ նպատակային ծրագրեր» ձեւակերպմամբ: Ինչո՞ւ չօգտվել: Եվ, պարզվում է, լավ էլ օգտվում են:

Դատարանն ապացուցել է, որ «անհայտ անձի կողմից» սպանված գեներալ Ռաիլ Ռզաեւի ծառայողական սեյֆում «հայտնաբերվել է 200000 եվրո»: Եվ իրավահաջորդը` սպանված գեներալի որդին, պահանջում է, որ դատախազության կողմից «որպես իրեղեն ապացույց» առգրավված գումարը վերադարձվի իրեն: Կարծես հանգուցյալ գեներալն այդ փողերը «հետ էր գցել» աշխատավարձից:

Ահա այսպես: Դատավորի կնոջը մայրաքաղաքի կենտրոնում խեղդամահ են անում, իրավապահներն իսկույն «պարզում են», որ «հանցագործը նախկինում դատված Խալիդա Ահմեդովան է, որին սպանվածը ամսական 5 տոկոս դրույքով 10 000 մանաթ էր պարտք տվել»: Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն ադրբեջանական ընտանիքների ընդամենը 1,5 տոկոսն է, որ ամսական 1500 մանաթ դրամական եկամուտ ունի:

Իսկ Կովկասի մոլագարը կառավարության նիստում հրապարակում է «իրական արդյունքներ»: Եվ նախարարները լսում ու «հավատում են, որ մոտ է այն օրը, երբ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ինչ գնով էլ լինի»:

«А народ безмолствует»,- կասեր ռուս դասականը:

Այդպես եղել է միշտ. երբ երկրի առաջնորդը մոլագար է, մարդիկ գերադասում են լռել: Կամ աղաղակել` «հայլ Հիտլեր»: Կամ` «կեցցե ընկեր Ստալինը»:

Անձի թերարժեքությունը բացառապես իր խնդիրն է այնքան ժամանակ, քանի դեռ այլոց նկատմամբ ոտնձգությունների չի դիմում: Երբ նրա արարքները հատում են «թույլատրելի կոմպլեքսավորվածության» սահմանը, հասարակությունը նրան մեկուսացնում է:

Քաղաքական «մանիակը» նույնպես ենթակա է մեկուսացման: Պետության ինքնիշխանությունը եւ պաշտոնեական անձեռնմխելիությունը տվյալ դեպքում ստորակա են համամարդկային շահերին, միջազգային անվտանգությանը: Մոլագարի հետ չեն բանակցում: Նրան ուղարկում են «հարկադիր բուժման»:

Կովկասի մոլագար Իլհամ Ալիեւը կարծես ենթակա է լուրջ ախտորոշման: Ինչպիսի՞ն կլինի քաղաքական «կոնսիլիումի» վճիռը` մեծապես դրանից է կախված տարածաշրջանի ժողովուրդների ապագան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4