«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2010-10-21 | #193, 2010-10-22 | #194, 2010-10-23


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ ԹԵ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ, ԱՅԼՙ ԹԻՐԱԽ

Նրանք իշխանություններից կյանքի անվտանգության երաշխիքներ են պահանջում

Որքան էլ 99,9 տոկոսով մահմեդական լինի Թուրքիայի բնակչությունը, վերջին տարիներին քաղաքական որոշ շրջանակներ, օգտագործելով որեւէ եկեղեցու վերանորոգումը կամ տարեկան մեկ-երկու ժամով արարողության համար բացումը, սկսեցին խոսել երկրի քրիստոնեացման վտանգի մասին: Ընդ որում սա այն դեպքում, երբ կրոնական գործերի վարչության պետ, պրոֆ. Ալի Բարդաքօղլուն, ինչպես օգոստոսի 23-ին նշել էր «Վաթան» թերթը, հայտարարեց, որ մի քանի եկեղեցու բացումով Թուրքիան քրիստոնեական երկիր չի դառնա, եւ օրինակ բերեց եվրոպական երկրներին, ընդգծելով. «Ներկայումս մենք ավելի քան 3 հազար մզկիթ ունենք Եվրոպայում»: Բայց ապարդյուն: Երկրի քրիստոնեացման մտացածին վտանգի պատճառով Թուրքիայի ազգային շահերի համար հանկարծ լուրջ սպառնալիք դարձան նաեւ բողոքականները, որոնց անտանելի կացությունը «Բողոքականները սպառնալի՞ք են, թե՞ սպառնալիքի թիրախ» վերնագրով զեկուցագրում ամփոփել է Բողոքական եկեղեցիների միությունը:

Հոկտեմբերի 6-ին քրդական լրատվական գործակալությունըՙ firatnews.com, անդրադարձել էր զեկուցագրին, վկայակոչելով գործակալությանըՙ հոկտեմբերի 9-ի համարում անդրադարձավ նաեւ «Ազգը» : Այս զեկուցագիրը բողոքականների օրինակով լրացնում է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների էթնիկ եւ կրոնական խմբավորումների սահմանադրական իրավունքների ոտնահարման, նրանց հանդեպ իրականացվող հալածանքների մասին մեր պատկերացումները:

Բողոքական եկեղեցիների միության պատրաստած այս զեկուցագիրը հոկտեմբերի 5-ին Անկարայում հրավիրված ասուլիսով հանրությանն են ներկայացրել Թուրքիայում բողոքականների իրավական եւ սոցիալական խնդիրների միության նախագահ Զեքաի Թանյարը, գլխավոր քարտուղար Ումուդ Շահինը եւ «Մարդու իրավունքների օրակարգ» միության նախագահ, փաստաբան Օրհան Քեմալ Ջենգիզը:

Ասուլիսում Թանյարն ուշադրություն է հրավիրել սահմանադրական փոփոխությունների փաթեթում դավանանքի ազատություններն ընդարձակող հոդվածների վրա, ապա ասել է, որ հակառակ դրան, օրենքներով այդ նույն ազատությունները սահմանափակվում են, այսինքնՙ այն, ինչ տալիս են բացեիբաց, ձեռքի տակով հետ են վերցնում: Նա հիշեցրել է նաեւ երկրում բողոքականներին սեւացնելու նկրտումով ծավալվող քարոզչության մասին եւ ավելացրել է. «Հատկապես 2000-ից ի վեր, մամուլը բողոքականներին իբրեւ սպառնալիք է մատուցում հասարակությանը: Դա վտանգում է մեր ապրելու իրավունքը: Այդ քարոզարշավի հետեւանքով 2007-ին Մալաթիայում մորթեցին 3 բողոքականի: Դասագրքերով 8-րդ դասարանի աշակերտներին ներշնչում են, որ այս մարդիկ սպառնալիք են եւ թշնամի: Մեր ցանկությունը այս մտայնությունից թուրք հասարակության ձերբազատումն է»:

Վերջում Թանյարն ընդգծել է, որ օրենքը թեեւ բողոքականներին տալիս է ժողովարան (եկեղեցի) բացելու իրավունք, սակայն պրակտիկայում դա չի կիրառվում, եւ իրենք զրկվում են այդ իրավունքից, հետեւաբար, լինելով օրինական, զուտ դավանանքի պատճառով համարվում են օրենքից դուրս:

Փաստաբան Ջենգիզը Թուրքիայում բողոքականների դեմ ծավալվող սեւ քարոզչությունը պայմանավորել է «խորքային պետության» հարվածային ուժը հանդիսացող «Էրգենեքոն» կառույցի ձեռնարկումներով: Նա մասնավորապես նշել է. «Ահաբեկչական «Էրգենեքոնի» կորիզը, օգտագործելով լրջորեն զինված ուժերի գլխավոր շտաբին, մամուլին եւ մյուս լրատվամիջոցներին, թուրք ժողովրդի ենթագիտակցության մեջ ամրապնդեց «Թուրքիան օկուպացված է, կա երկիրը մասնատելու առաջադրանքով գործող միսիոներական հատուկ խումբ» ըմբռնումը: Թերթերն օգտագործվել են, գլխավոր շտաբում ճեպազրույցներ են կազմակերպվել բողոքականների դեմ, որպեսզի բողոքական քարոզիչների «վնասաբեր» գործունեության միջոցով ազգայնամոլ դարձնեն շարքային մահմեդականներին: Բողոքական քարոզիչները արդյունավետ միջոց եւ նպատակահարմար խորհրդանիշ են Անատոլիայի միամիտ մահմեդականներին հրահրելու, նրանց ազգայնամոլություն ներարկելու առումներով»:

Ինչ վերաբերում է զեկուցագրին, ապա դա կազմված է «Թուրքիայում բողոքականների առջեւ ծառացած խնդիրներ», «Դավանանքի համար հալածանքների թիրախ դարձած բողոքականների վկայություններ» եւ «Առկա խնդիրների կարգավորման առաջարկներ» բաժիններից:

Զեկուցագրի առաջին բաժնում մատնանշվում է.

«Ժողովարանների 99 տոկոսը չունեն իրավական անձի կարգավիճակ,

հակառակ կառուցապատման օրենքում կատարված փոփոխությունների, վողոքականներին աղոթարան կառուցելու հողատարածք չի հատակացվում: Անպատասխան են մնում քաղաքապետարան ներկայացված բոլոր դիմումները: Ստամբուլի ժողովարանը ներկայումս Թուրքիայում բողոքականների իրավական անձի կարգավիճակ ունեցող միակ եկեղեցին է,

երկրում չեն պաշտպանվում բողոքականների քաղաքացիական իրավունքները, չեն կանխարգելվում ատելության հրապարակային դրսեւորումները: Դատարանները հրաժարվում են ընթացք տալ այդ դրսեւորումների դեմ հարուցված հայցերին,

ինքնին մի մեծ խնդիր են դարձել տարրական եւ միջնակարգ դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվող կրոնի դասերը: Որքան էլ քրիստոնյա երեխաներն ազատվեն այդ դասերից, դրա համար դպրոցում խտրականության են ենթարկվում եւ արժանանում են «գյավուր» կոչմանը,

որոշ դեպքերում թուրք ուսուցիչները դասարանցիների առջեւ քրիստոնյա աշակերտին մահմեդականություն ընդունելու կոչ են անում,

բողոքականների 60 տոկոսը գործազուրկ մնալու եւ կյանքից զրկվելու մտավախությամբ ստիպված անձնագրում նշում է, որ մահմեդական է,

երկրում իրավական անձի կարգավիճակից զուրկ են նաեւ բողոքականների գերեզմանները»:

Քանի որ զեկուցագրի երկրորդ բաժինը տուժածների անձնական վկայություններով առաջին բաժնի հիմնավորումն է, ուստի անցնում ենք «առկա խնդիրների կարգավորման» բաժնին, որտեղ բողոքականները թուրքական պետությունից պահանջում են.

«Թուրքիայում միջազգային ստանդարտների մակարդակի բարձրացնել մտքի, կրոնի եւ դավանանքի ազատությունը,

ապահովել երկրում տարբեր դավանանքի տեր քաղաքացիների հավասարությունը, վերացնելով այն խտրականությունը, որն առաջացել է սուննի մահմեդականներին մատուցվող հոգեւոր ծառայությունների պատճառով,

կանխարգելել քաղաքական գործիչների բողոքականներին ուղղված սեւ քարոզչությունը, որպեսզի բողոքականները որպես ազգային անվտանգության սպառնալիք չընկալվեն երկրում,

վերացնել անձնագրում դավանանքի մասին նշումների վանդակը,

վերացնել աղոթարան ձեռք բերելու առջեւ ծառացած խոչընդոտները,

դասագրքերից հանել վիրավորական, նսեմացուցիչ եւ թշնամանք հրահրող այն բոլոր արտահայտությունները, որոնք օգտագործվում են հասարակության որոշակի հատվածի համարՙ դարձնելով հարձակումների թիրախ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները»:

Ի՞նչ արձագանք կստանան Բողոքական եկեղեցիների միության զեկուցագրում շարադրված պահանջները Թուրքիայումՙ չգիտենք: Բայց որ բողոքականների առջեւ ծառացած խնդիրները յուրահատուկ են նաեւ ազգային հայ, հույն, հրեա փոքրամասնություններին, ասորիներին, ալավիներին, եզդիներին, քրդերին, զազաներին, այսինքնՙ բացառությամբ սուննիների, էթնիկ եւ կրոնական բոլոր խմբավորումներին, ակնհայտ է: Եթե Թուրքիան չի հարգում ազգային փոքրամասնությունների հանդեպ Լոզանի պայմանագրով ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպե՞ս պետք է հարգի էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքները, երբ վերջիններս ամրագրված որեւէ կարգավիճակ էլ չունեն: Եթե Թուրքիայում իրավազուրկ են երկրի բնակչության 1/4-ը կազմող քրդերն ու 20 միլիոնի հասնող ալավիները, ի՞նչ կարող են ակնկալել 4000-ից մինչեւ 6000 գլխավորապես Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում կենտրոնացված բողոքականները, որքան էլ 200 տարվա ներկայություն ունենան երկրում:

Ի դեպ, այս բողոքականներից շուրջ 500-ը, ըստ Բողոքական եկեղեցիների միության, հայ են: Ըստ երեւույթին հենց այդ հանգամանքն էլ նպաստել է, որ 4-6 հազար բողոքականներ պետականորեն որպես սպառնալիք դիտարկվեն 75 միլիոնանոց Թուրքիային, եւ պետությունը թուրք հասարակության ենթագիտակցության մեջ ամրապնդի բողոքականներից բխող երկրի քրիստոնեացման եւ դրա միջոցով մասնատման այսպես կոչված վտանգը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4