«Եզակի» է բնորոշում ճանաչված լրագրողուհի Ֆլորենս Ավագյանը այն հնարավորությունը, որ Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանի 17 տարեկան երկու ուսանողներին տրվել էՙ այցելելու Նյու Յորք եւ մասնակցելու Սբ Ներսես հայկական ճեմարանում անցկացվող ամառային կոնֆերանսին:
Երուսաղեմից Նյու Յորք ուսանողներին հրավիրելու գաղափարը մտահղացել է հինգ տարի առաջ Սբ Վարդան հայկական եկեղեցու ավագ քահանա հայր Մարտիրոս Չեւյանը: «Դա նրանց համար եզակի առիթ է եւ ոգեւորիչ միաժամանակ, քանի որ մենք ընտրում ենք լավագույն ուսանողներին», նշել է նա: Հայր Չեւյանը ինքն էլ հայթայթում է անհրաժեշտ ֆինանսավորումըՙ գտնելով ազգասեր բարերարներ դրա համար:
Այս տարվա ընտրյալները Վազգեն Փանոսյանն ու Կարինե Հակոբյանն էին: Վազգենի հոր կողմից նախնիները Ուրֆայից եւ Վանից են եղել, իսկ մայրըՙ քրիստոնյա արաբ: Նրա համար այս փորձառությունը հայկական արմատներին ավելի մոտենալու առիթ է եղել: Իսկ Կարինեի ընտանիքը Մարաշից է գաղթել Երուսաղեմ: Երկուսն էլ հույս ունեն հաջորդ տարի ընդունվել եբրայական համալսարան: Թարգմանչաց վարժարանի տնօրեն վերապատվելի Նորայր Գազազյանի հավաստմամբՙ երկուսն էլ ակադեմիական բարձր առաջադիմություն են ցուցաբերել ուսման ընթացքում:
«Անցած հինգ տարիների փորձառության վրա հիմնվելովՙ կարող եմ ասել, որ արդյունքները չափազանց դրական են: Այն, ինչ այստեղից վերցնում են նրանք, փորձում են փոխանցել իրենց հասակակիցներին Երուսաղեմում, եւ դա ամրապնդում է նրանց կապը ինչպես այդ երկրի, այնպես էլ քրիստոնեության եւ հայկականության հետ», եզրակացնում է հայր Չեւյանը, որի ջանքերը այս ուղղությամբ գնահատում են այս ծրագրում ներգրավված բոլոր անդամները:
Հ. Ծ.