6-րդ տուրում կկայանա «Միկա»-«Էկոնոմիստ» վճռորոշ մրցախաղը
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում «Միկայի» երկու թիմերն էլ իրենց մրցախաղերն առաջին անգամ ավարտեցին ոչ-ոքի: Տղամարդկանց թիմն առաջին միավորը կորցրեցՙ չկարողանալով հաղթել չեխական «G-Team-ին»: Մեր շախմատիստները ձեռքից բաց թողեցին միանձնյա առաջատար դառնալու լավ հնարավորությունը: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Մաթեուշ Բարտելին: Գաբրիելը մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց: Նախորդ չորս պարտիաներում Սարգսյանը հաշտություն էր կնքել մրցակիցների հետ: Չեխերից միակ հաղթանակը տոնեց Ժիրի Ստոչեկըՙ առավելության հասնելով Արման Փաշիկյանի նկատմամբ, որը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Մյուս չորս պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին: Առաջին կես միավորը կորցրեց Լեւոն Արոնյանը Վիկտոր Լազնիչկայի հետ պարտիայում: Մինչ այդ «Միկայի» առաջատարը 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Հրաչեկ-Հակոբյան, Մարկոս-Մելքումյան, Հաբա-Անդրեասյան պարտիաները:
Կանանց «Միկա» թիմի մրցակիցն առաջատարներից մեկն էրՙ ռուսական AVS-ը: Առաջին խաղատախտակի վրա բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան հաղթեց Էլինա Դանիելյանին, որը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանըՙ առավելության հասնելով Մարիա Մուզիչուկի նկատմամբ: Հարիկա Դրոնավալի-Կատերինա Լահնո, Լիլիթ Մկրտչյան-Նատալյա Պոգոնինա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Տղամարդկանց մրցաշարում «Միկան» 5 տուրից հետո 9 միավորով 2-րդ տեղում է: Բոլոր պարտիաներում թիմը վաստակել է 21,5 միավոր: Աղյուսակը 10 միավորով (ընդհանուրըՙ 22) գլխավորում է անցյալ տարվա չեմպիոն Սարատովի «Էկոնոմիստը», որն անչափ կարեւոր հաղթանակ տոնեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող ադրբեջանական ՍՈԿԱՐ-ի նկատմամբՙ 4-2: «Էկոնոմիստի» կազմում հաղթանակներ տարան Պավել Էլյանովը, Դմիտրի Անդրեյկինը եւ Ալեքսանդր Մոիսեենկոնՙ պարտության մատնելով համապատասխանաբար Շահրիյար Մամեդյարովին, Ալեքսեյ Շիրովին եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավին: ՍՈԿԱՐ-ից միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Ալեքսանդր Գրիշչուկըՙ պարտության մատնելով Եվգենի Ալեքսեեւին: Տոմաշեւսկի-Ռաջաբով, Նի Հուա-Կասիմջանով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
ՍՈԿԱՐ-ը, Չեռնիգովի, Սանկտ Պետերբուրգի շախմատի ակումբի, Մոսկվայի շախմատի տան թիմերը, «Յուգրան» եւ «G-Team»-ը վաստակել են 8-ական միավոր: Սանկտ Պետերբուրգի թիմը 3,5-2,5 հաշվով հաղթեց բոսնիական «Բիհացին»: Թիմի հաղթանակն ապահովեց Վադիմ Զվյագինցեւըՙ պարտության մատնելով Մուհամեդ Բորիչին: Մյուս պարտիաները, այդ թվում Մովսիսյան-Սարիչ մրցախաղը, ավարտվեցին ոչ-ոքի:
6-րդ տուրում կկայանա մրցաշարի կենտրոնական հանդիպումը «Միկայի» եւ «Էկոնոմիստի» միջեւ, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ունի չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում: Հիշեցնենք, որ անցյալ տարի Մակեդոնիայում կայացած Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկան» միակ պարտությունը կրել էր հենց «Էկոնոմիստից»ՙ 5-րդ տուրում զիջելով 2,5-3,5 հաշվով: Հենց այդ պարտությունն էլ վճռորոշ եղավ ոսկե մեդալների համար մղվող պայքարում: «Միկան» գրավեց 2-րդ տեղըՙ չեմպիոնի տիտղոսը զիջելով «Էկոնոմիստին», որը բոլոր 7 մրցախաղերում էլ հաղթել էր մրցակիցներին: Այնպես որ «Միկան» պետք է ձգտի ռեւանշի հասնել նախորդ տարվա պարտության դիմաց:
Կանանց մրցաշարում 8 միավորով առաջատարը Ռուսաստանի AVS-ն է: 7-ական միավորով հաջորդ տեղերում են Մոնտե Կառլոյի թիմը, «Միկան», Սանկտ Պետերբուրգի շախմատի ակումբի շախմատիստները եւ Թբիլիսիի «Սամայան»: Վերջինս անդրանիկ պարտությունը կրեցՙ 0,5-3,5 հաշվով զիջելով Սանկտ Պետերբուրգի շախմատի ակումբի թիմին: Մոնտե Կառլոյի թիմը 3-1 հաշվով հաղթեց BAS-ին: 6-րդ տուրում «Միկայի» մրցակիցը կլինի մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոնտե Կառլոյի թիմը: AVS-ը կմրցի Սանկտ Պետերբուրգի շախմատի ակումբի թիմի հետ, իսկ «Սամայայի» շախմատիստուհիներն ուժերը կչափեն «Գիպրորեշտրանսի» հետ: