«Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք», հոկտեմբերի 23-24-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդունված բանաձեւում առաջին անգամ ընդգրկվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այս դրույթը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովին, որ տեղի ունեցավ շվեյցարական Մոնտրո քաղաքում` կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:
Ելույթ ունենալով գագաթաժողովում` Հայաստանի արտգործնախարարն, ըստ ԱԳՆ հաղորդագրության, կարեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը` բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեան Երեւանում անցկացնելու որոշման կապակցությամբ եւ ընդգծել, որ այդ որոշումը նաեւ կազմակերպության յուրահատուկ գնահատականն է Հայաստանին` որպես ակտիվ անդամի եւ վստահելի գործընկերոջ:
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակութային բազմազանությանը նվիրված «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացված էր հայ հոգեւոր եւ դասական երաժշտության կատարումներով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ