Միջազգային մի շարք լրագրողական կազմակերպություններ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զեկույց են հրապարակել «Կարծիք արտահայտելու ազատությունն Ադրբեջանում վտանգված է» թեմայով: Դրանում, ըստ «Ազադլիգ» ռադիոկայանի, մասնավորապես նշված է, որ Ադրբեջանը չի կատարում արտահայտման ազատությունն ապահովելու գործում ստանձնած միջազգային պարտավորությունները:
Զեկույցի հեղինակներից «Article 19» կազմակերպության գործադիր տնօրենն այդ կապակցությամբ նշել է, որ Ադրբեջանում լրագրողների վրա հարձակվողները վստահ են, որ կմնան անպատիժ: «Ադրբեջանում առկա վախի եւ անպաշտպանվածության մթնորոտի պատճառը նման հանցագործությունները չբացահայտելն է»: Ըստ «Article 19»-ի, վախի այդ մթնորոտը խիստ անցանկալի է նոյեմբերի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար:
Զեկույցը պատրաստվել է սեպտեմբերին Ադրբեջան այցելած առաքելության հավաքած փաստերի հիման վրա: Փաստաթղթում Ադրբեջանի կառավարությանը խորհուրդներ են տրվում եւ նշվում, որ վախի մթնոլորտը երկրում վերացնելու եւ արտահայտման ազատության պայման ստեղծելու համար կառավարությունը պետք է ապահովի լրագրողների դեմ իրագործված հանցագործությունների արդարացի հետաքննությունը, ազատ արձակի ձերբակալված լրագրողներին ու բլոգերներին, վերացնի զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նորմերը:
Զեկույցը պատրաստել են Ադրբեջանի գծով Միջազգային համագործակցության խումբ ստեղծած ներքոհիշյալ կազմակերպությունները` «Articlle 19», «Freedom House», «Indexon Censorship», «International Federation of Journalistis», «Media Diversity Institute», «Open Society Foundations», «Press Now», «Reporters Without Borders», «World Association of Newspapers and News Publishers»:
Ա. Հ.