«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2010-10-22 | #194, 2010-10-23 | #195, 2010-10-26


«ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՆՎԻ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՐՑԸ, ԱԿՆՀԱՅՏ ԿԴԱՌՆԱ, ԹԵ ՈՐՔԱՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ»

Հայտարարել է Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, պրոֆ. Հալաչօղլուն

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի հոդվածը, որը ստորեւ ներկայացնում ենք, Կ. Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանի քրոջ թոռների քրիստոնեական ակունքներին վերադարձի առնչությամբ «Հյուրիեթի» սեպտեմբերի 21-ի համարի հրապարակման արձագանքն է: Հոդվածը սեպտեմբերի 23-ին հրապարակվել է «Թուրքական օջախների» պաշտոնական կայքէջում: Առաջին հայացքից թեեւ ժամանակավրեպ է թվում, սակայն Հալաչօղլուն հոդվածում վերստին անդրադառնում է ծպտյալ հայերին, պահանջում է ինքնության ինքնակամ բացահայտում, պայմանավորելով երկրում քրդական ահաբեկչության անջատողականության հարցերի, ինչպես նաեւ ալավիների հիմնախնդրի լուծումը այս հայերի բացահայտմամբ:

Ավելին, նա կարծիք է հայտնում, որ ծպտյալ հայերի բացահայտման դեպքում ակնհայտ կդառնա, որ խնդիրը ոչ թե բնաջնջումն է, այլ դավանափոխությունը, այսպիսով հօդս կցնդի հայերի ցեղասպանության թեզը: Այսինքն, ծպտյալ հայերի բացահայտման նրա շահագրգռությունների նպատակը թուրքական ժխտողականության հիմնավորումն է եւ երկրի մասնատման վտանգի չեզոքացումը, քանի որ նա այդ հայերին համարում է ազգային անվտանգության սպառնալիք Թուրքիային:

Սակայն ինչպիսի նկրտումներ էլ ունենա Հալաչօղլուն կամ ինչ առաջադրանք էլ կատարի, այնուամենայնիվ պատճառ է դառնում, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ արծարծվի նաեւ ծպտյալ հայերի հարցը: Դա կհանգեցնի՞ այս լուրջ հարցի պատշաճ մակարդակով ուսումնասիրությանը, թե՞ ոչՙ չգիտենք: Բայց որ ուսումնասիրության նախապայմանը հարցի վերարծարծումներն են, ակնհայտ է: Ահա թե ինչ է գրել Հալաչօղլուն.

«Սեպտեմբերի 21-ի համարում «Հյուրիեթ» թերթը «Արդեն անձնագրում նշում են, որ քրիստոնյա են» վերնագրով հրապարակեց Վանից ուղարկված մի թղթակցություն, որի առարկան իրականում Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցու ժամերգությունն էր: Թղթակցության մեջ նշվում էր, որ Թուրքիայում շնորհիվ Աղթամարի եկեղեցական արարողության եւ երկրի ժողովրդավարացման, այն հայերը, որոնք ստիպված քողարկում էին իրենց ինքնությունը, ազգային ակունքներին վերադառնալու հնարավորություն ստացան: Մի՞թե դա այդպես է: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ թղթակցության մեջ հիշատակվում էին Թուրքիայի հայերի պատրիարքի տեղապահ, գերաշնորհ Արամ Աթեշյանի քրիստոնեական ակունքներին վերադարձած զարմիկների անունները, որոնց միջավայրում ճանաչել են իբրեւ քուրդ մահմեդականների: 2007-ին Կեսարիայում մասնակցելով մի գիտաժողովի, ասել էի, որ ծպտյալ բազմաթիվ հայեր ներկայանում են իբրեւ քուրդ կամ ալավի: Ասածներս այնպիսի թոհուբոհ են առաջացրել, ներառյալ ռասիզմը, ինչով ասես ինձ չվիրավորեցինՙ ենթարկելով Լինչի դատաստանի: Մինչդեռ ե՛ւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեզի պաշտպանողները, ե՛ւ հայկական սփյուռքը մշտապես հարց են բարձրացնում, թե ո՞ւր են կորել հայերը: Ես այդ խոսքերով ոչ քուրդ, ոչ էլ ալավի քաղաքացիներին էի վիրավորում, այլՙ վավերագրերով ապացուցում էի, թե որտեղ են հայերը: Ասածներս ամբողջությամբ հենվում էին ամերիկյան արխիվային փաստաթղթերի վրա, որոնցում անուն առ անուն, գյուղ առ գյուղ արձանագրված են բոլոր տվյալները: Արխիվային այդ փաստաթուղթը «Քրդացած հայեր» վերնագրով զեկուցագիրն է, որը պատրաստել են հայկական ծագումով պաշտոնյաները: Զեկուցագրում նշվում է, թե հայկական որ համայնքը քրդական որ աշիրաթի անունն է յուրացրել, բնակության վայրերով հանդերձ, ընդ որումՙ գյուղ առ գյուղ: Ինձ երբեք չհարցրեցին, թե որտեղից եմ քաղել այդ տվյալները, պարզապես մեղադրեցին ռասիզմի մեջ: Հարց է ծագում. այսօր ի՞նչ է պատահել, որ բոլորը, առանց այլեւայլի, կարողանում են խոսել մահմեդականի անվան տակ քողարկված հազարավոր հայերի մասին: Նրանց հանդեպ «միջավայրի ճնշումը» հերյուրանք է, որովհետեւ այդ միջավայրի բնակիչները բոլորին գիտեին, հիրավի գերաշնորհ պատրիարքի գլխավորությամբ, բոլորին էր հայտնի, թե ովքեր ծպտյալ հայ են եւ որ գյուղերում են բնակվում: Նույնիսկ երջանկահիշատակ Հրանտ Դինքն էր ասել, որ սկսած 1977-ից միսիոներները բուռն ջանքեր են գործադրում հայտնաբերելու համար ծպտյալ հայերին: Իմ պատկերացմամբ, ծպտյալ հայերի թիվն այսօր առնվազն 500 հազար է Թուրքիայում:

Հայ լինելը հանցանք չէ, ոչ էլ նսեմացուցիչ հանգամանք: Թուրքիայում ունենք հայկական ծագումով քաղաքացիներ, որոնց հետՙ նաեւ սերտ հարաբերություններ: Իմ կարծիքովՙ հայկական ծագումով մեր քաղաքացիների բուն խնդիրը ծպտյալ հայերն են, ինչպես նաեւ ցեղասպանության դատարկաբանությունը մեջտեղ բերողները: Պատմությունը ականատես է եղել բազում տհաճ իրադարձությունների, որոնցից սակայն ոչ մեկը այսպիսի փտախտի չի հանգել, այն էլՙ այսքան երկար ժամանակ: Պետք է ճշգրտել, թե ովքեր են հարցը (ծպտյալ հայերի) անձնավորել: Եթե հիշում եք, ես խնդիրը (քուրդ եւ ալավի ինքնությամբ ներկայացող հայերի) չէի անձնավորելՙ մտածելով, որ եթե իրենք իրենց բացահայտեն, ավելի ճիշտ կլինի: Հիմա էլ նույն կարծիքին եմ: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պարզաբանումը ենթադրում է նրանց բացահայտման անհրաժեշտությունը: Ցավոք, վերջին շրջանում Թուրքիան դարձավ էթնիկականության դրախտ: Բուն ռասիզմը հենց երկրում մարդկանց զանազանման համար նախադրյալներ ստեղծելն է: Իրավիճակը երկրում ընթանում է մոտ ապագայում Թուրքիայի տարբաժանման հունով: Իսկ դա ենթադրում է հայերին քողարկված ձեւով գույքի տրամադրումն ու փոխհատուցման համար նախադրյալների ստեղծումը:

Երբ հարցը (ծպտյալ հայերի) կատարելապես լուսաբանվի, ակնհայտ կդառնա, թե որքան անտեղի են ցեղասպանության հայկական պնդումները: Ավելին, Թուրքիան ահաբեկչության եւ քրդական անջատողականության հարցերում լուրջ տեղաշարժեր կարձանագրի, հարցի լուսաբանման դեպքում կբացահայտվեն նաեւ այն դավերը, որոնք դյութում են զուտ թուրքական ծագում ունեցող մեր ալավի քաղաքացիների դեմ: Խնդիրն այն է, թե մենք որքա՞ն ենք պատրաստ առանց վախենալու առերեսվել հարցի հետ կամ ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, թե՞ ոչ: Ինչպես Աղթամար կղզու եկեղեցու խաչի պարագայում, որը, ըստ գերմանական աղբյուրների, 1907-ին Հայաստանից եկած Միշելյան ավազակախմբի պարագլուխը, եկեղեցին կողոպտելուց հետո տեղից հանել եւ որպես նվեր տարել է իր տիկնոջը: Թե չէ քաջ գիտենք մեր շրջապատում առկա հազարավոր հայերի գոյության մասին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4