«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2010-10-22 | #194, 2010-10-23 | #195, 2010-10-26


ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՏՄՊՊ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

«Ազգ» թերթի ս.թ. հոկտեմբերի 22-ի համարում տպագրվել է «ՊԱՆՐԻ ԳՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ» հոդվածը, որում հեղինակն օգտագործել է խեղաթյուրված կամ չճշտված փաստեր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) գործունեության մասին:

Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռված իրավունքից եւ հարգելով հանրության` ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը, տեղեկացնում ենք, որ հոդվածում ներկայացված իրողությունները չափազանցված են եւ կատարված եզրահանգումները ոչ միանշանակ են ներկայացնում իրականությունը:

Լրագրողն անդրադարձել է վերջին օրերին պանրի շուկայում նկատված գների փոփոխություններին` Հանձնաժողովին մեղադրելով շուկայում հակամրցակցային համաձայնությունը չբացահայտելու եւ տնտեսվարողներին չպատժելու համար:

Տնտեսության ոլորտում հմտացած լրագրողն առանց հիմնավորման գնաճը կոչում է հակամրցակցային համաձայնություն` նույնը նաեւ պետական մարմնից պահանջելով:

Միաժամանակ, լրագրողը նաեւ որեւէ տնտեսական հիմք չի փնտրել հասարակությանը լիարժեք տեղեկատվություն տալու, թե ինչն է իրականում պատճառ դարձել պանրի գնի բարձրացման, եւ փոխարենը իր ենթադրությունները համեմել է անհիմն մեղադրանքներով:

Կցանկանայինք հիշեցնել հարգելի հեղինակին, որ հակամրցակցային համաձայնության արձանագրումը բացառապես ՏՄՊՊՀ գործառույթն է, ուստի նույնիսկ սենսացիոն նյութ գրելու մասնագիտական ազնիվ մղումով հորինված հայտարարություններն առանց Հանձնաժողովի հավաստման որեւէ հիմք չունեն:

Հարգելով հասարակության հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, եւ հաշվի առնելով պանրի` որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար:

Այդ նպատակով Հանձնաժողով են հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:

Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է:

Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կապված սեզոնայնության գործոնից, կերի գնի բարձրացումից, ինչպես նաեւ կաթի ծավալների կրճատումից, գյուղացիական տնտեսությունների կողմից վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով:

Եթե լրագրողը նպատակ հետապնդեր բազմակողմանի վերլուծություն անելու եւ ոչ թե մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելու, թերեւս կարող էր այս շուկայի տնտեսվարողների շրջանում սեփական հարցումն անցկացնել: Ի վերջո, եթե հոդվածագիրն անկարող էր գտնել սեփական հարցադրման պատասխանը, թերեւս կարող էր դիմել գյուղատնտեսության կամ պարենային արտադրության ոլորտի մասնագետներին, որոնք մատչելի եւ սպառիչ կերպով կբացատրեին, որ ոլորտում առկա են իրողություններ, որոնք, ցավոք, կարող են հանգեցնել պանրի գնի աճին:

Փոխարենը լրագրողը նշում է գնագոյացման մի շարք գործոններ` մոռանալով, որ պանիրը նախ եւ առաջ գյուղատնտեսական արտադրանք է, եւ դրա գնագոյացման համար կարեւոր է ուսումնասիրել հատկապես գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները:

Վերադառնալով Հանձնաժողովի գործառույթներին, թեեւ տարբեր առիթներով ստիպված եղել ենք հայտարարելու, որ ՏՄՊՊՀ-ն գների կարգավորման գործառույթ չունի, սակայն, ձեւավորված ոչ ճիշտ ավանդույթի համաձայն, լրագրողները շուկայում ցանկացած ապրանքատեսակի գնի փոփոխության վերաբերյալ պարզաբանման համար դիմում են Հանձնաժողովին:

Հանձնաժողովը գների փոփոխությունը դիտարկում է բացառապես իբրեւ մրցակցության սահմանափակման հնարավոր գործողություն եւ բացառապես բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում:

Հետեւաբար պատասխանելով «Ազգի» լրագրողի հարցադրմանը, Հանձնաժողովն արձանագրել է, որ այդ շուկան կենտրոնացված չէ եւ ազատ մրցակցային է:

Նշենք նաեւ, որ պանրի շուկան նախորդ 10 տարիների ուսումնասիրության արդյունքներով երբեւէ բարձր կենտրոնացվածություն չի ունեցել:

Ավելին` բոլորովին վերջերս շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ, որտեղից ստացված տեղեկատվությունը դարձյալ հաստատել է, որ 2010 թվականի առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ զբաղվել են 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում պանրի արտադրությամբ զբաղվել են 78 տնտեսվարող սուբյեկտ: Այսինքն, ընկերությունների թիվը ավելացել է 21-ով, ինչը ազատ տնտեսական մրցակցության մասին վկայող եւս մեկ փաստարկ է:

78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է: Հատկապես որ Հանձնաժողովի կատարած դիտանցումները վկայում են, որ պանրի արժեքը փոխվել է ոչ բոլոր վաճառակետերում եւ ոչ հավասար չափով: Օրինակ, հոկտեմբերի 22-ի տվյալներով «Լոռի» տեսակի պանիրը երեւանյան խոշոր սուպերմարքեթներում վաճառվում է 1900-ից 2400 դրամի սահմանում:

Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է: Սակայն դա վերաբերում է ամենաբարձր յուղայնությամբ օժտված պանրին:

Նշենք, որ հոդվածում ներկայացված վիճակագրությունը այս դեպքում էլ չափազանցված է:

Հաշվի առնելով, որ հոդվածում առկա անճշտությունները մեծ վնաս են հասցնում Հանձնաժողովի հեղինակությանը, հաշվի առնելով վերոնշյալ պարզաբանումները եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածով եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, խնդրում ենք սույն գրությունը ստանալուց հետո օրենքով նախատեսված ժամկետում, այն տպագրել Ձեր թերթի առաջիկա համարում` որպես ՀԵՐՔՈՒՄ:

Կանխավ շնորհակալություն:

Հարգանքով`

ՀՀ ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի բաժին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4