Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը : Խոսելով 2011-ի բյուջեի մասին` Վ. Սաֆարյանը նշեց. «Ե՛վ արդյունաբերության, ե՛ւ գիտության մեջ պետք է ներդրումներ կատարվեն: Ճիշտ է, գիտության մեջ 1 միլիարդ դրամ հատկացումներ են կատարվելու, սակայն դա նորմատիվից դարձյալ ցածր է»: Ինչ վերաբերում է բյուջեի սոցիալական ուղղվածությանը, Վ. Սաֆարյանը կարծում է, որ դրա մեջ ճշմարտություն կա, սակայն այդ սոցիալական ուղղվածությունը մեզ չի գոհացնում: «Պետք է կարողանանաք ունենալ տնտեսությունը զարգացնող բյուջե, իսկ այս բյուջեն փաստորեն սպառողական է», ավելացրեց Վ. Սաֆարյանը` նշելով, որ պետք է քայլեր կատարվեն տնտեսական քաղաքականության ոլորտում շտկումներ մտցնելու համար: Վ. Սաֆարյանը տեղեկացրեց, որ եկող տարի արտահանման ծավալները 17 տոկոսով ավելի են լինելու. «Արտահանելու ենք 1,5 միլիարդ դոլարի չափով ապրանքներ, ներմուծման ծավալները դարձյալ բարձր են լինելու, ունենալու ենք շուրջ 3,4 միլիարդ դոլարի չափով ներմուծում»: Վ. Սաֆարյանը նշեց, որ տեղական արտադրությունը խթանելով` պետք է կարողանանք ավելի շատ արտահանել, քան ներմուծել:
Ասուլիսի ընթացքում Վարդան Այվազյանը խոսեց պանրի գների բարձրացման մասին: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե տնտեսական ի՞նչ բացատրություն ունի պանրի գների աննախադեպ բարձրացումը, Վ. Այվազյանը նախ նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հիշատակած «Հայկական պանիր» ծրագիրն ուղղակիորեն կապված էր արտահանման խթանման խնդրին: Ինչ վերաբերում է կոնկրետ գնագոյացմանըՙ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Պանրի հետ կապված խնդիրը չեմ ուսումնասիրել»:
Ի. Պ.