«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2010-10-22 | #194, 2010-10-23 | #195, 2010-10-26


ԳԻՏԱԺՈՂՈՎՙ «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Ծաղկաձորում ավարտվեց «Վերարտադրողական առողջության իրավիճակը Հայաստանումՙ ձեռքբերումները եւ խոչընդոտները» խորագրով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին հանրապետության շուրջ 80 մանկաբարձ-գինելոկոգներ, միջազգային կառույցներից համապատասխան մասնագետներ, լրագրողներ: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը: Պրն Հակոբյանը նշեց, թե ինչպիսի աշխատանքներն են տարվելու մինչեւ 2015 թվականը, որպեսզի նվազեցնեն մահացության ցուցանիշը, բարձրացնեն ծնելիություն ցուցանիշըՙ ստեղծված ենթակառույցներով: «Մենք պետք է կարողանանք հնարավորինս մեծացնել առողջապահությանը ուղղվող գումարները եւ գտնենք լրացուցիչ ֆինանսներ», նշեց պրն Հակոբյանը ու անդրադարձավ ոլորտի բարեփոխումներին ու առաջացած որոշ խնդիրներին, որոնք էլ ներկայացվեց գիտաժողովի մասնակիցներին: «Առաջիկայում, նշեց նախարարի տեղակալը, նախատեսվում է կազմավորել «Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչություն», որը ժամանակի հրամայականն է: Այսօր մեր երկրում բնակչության աճի նվազում է գրանցվում, չնայած որ ծնելիությունը մոտ 3 տոկոսով աճել է»: Բնակչության տարեկան աճի համաշխարհային վարկանիշում ՀՀ զբաղեցնում է 205-րդ տեղը 229 երկրների շարքում: Եթե աշխարհի շատ երկրներում մեկ ընտանիքին 2,2 երեխան համարվում է ժողովրդագրական սահման, ապա մեր երկրում մեկ կնոջը բաժին է ընկնում 1,7 երեխա, որով էլ բացատրվում է բնակչության աճի նվազումը: Մինչդեռ բնականոն վերարտադրության ապահովման համար ընտանիքը պետք է ունենա երեք եւ ավելի երեխա, ըստ հետազոտությունների արդյունքի:

Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի բովանդակալից զեկույցը վերաբերում էր «Մայրական մահացության իրավիճակը Հայաստանում, իջեցման ուղիները» թեմային: «Չնայած վերջին տարիներին մեր երկրում նկատվում է ծնելիության եւ բնական աճի որոշ ավելացում, սակայն այն շարունակում է մոտ 2 անգամ ցածր մնալ 1990 թ. մակարդակից: Եթե 1990 թ.-ին 1000 բնակչի հաշվով բնական աճի ցուցանիշը կազմել է 16,3, ապա 2009 թ.-ինՙ 5,2, այսինքն նվազել է մոտ 3 անգամ: Թերսնուցման եւ աղքատիկ սննդի հետեւանքով ՀՀ-ում ռեպրոդուկտիվ տարիքի ամեն 6-7 կնոջ մոտ հայտնաբերվում է սակավարյունություն, հատկապես հղիների մոտ եւ այդ դեպքը ավելացել են 8 անգամ: Դեռեւս բարձր է մնում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հաճախականությունը, որոնք նպաստում են որոշ բարդությունների, նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը»: Այնուհետեւ անդրադառնալով հղիների հիվանդացությանը, զեկուցողը նշեց, որ միզասեռական, սիրտանոթային, սոցիալական կախվածություն ունեցող տուբերկուլյոզը խիստ անհանգստացնող է, քանզի տարեցտարի աճում է նաեւ պտղի զարգացման արատները, հասնելով մինչեւ 18-19 %0 (պրոմիլ):

Հետաքրքրական էր ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի զեկույցըՙ «Մոր եւ մանկան առողջապահության կազմակերպումը Հայաստանում» թեմայով, որի ընթացքում նշվեց, որ յուրաքանչյուր մեկ րոպե աշխարհում 5 երեխա մահանում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, 8-ըՙ առաջին ամսվա, ծնվում է 8 մեռելածին եւ 1 կին մահանում է կապված հղիության կամ ծննդաբերության հետ: Մեր երկրում երեխաների թիվը բնակչության ընդհանուր թվաքանակում 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 0-1 տարեկան-1,2%, 0-5ՙ-21,7% եւ 0-18ՙ-27,0%: 1990-2009 թթ. 0-5 տարեկան երեխաների թիվը կրճատվել է ավելի քան 2 անգամ եւ մինչեւ 5 տարեկան երեխաների 26 %-ը ապրում են աղքատ ընտանիքներում: Վիճակագրական տվյալներով ՀՀ-ում տարեկան միջինը գրանցվում է հղիության մոտ 60.000 դեպք, որոնցից մոտ 45.000-ն ավարտվում է ծնունդով: Մայրական մահերի թիվըՙ տարեկան միջինը 10, իսկ մայրական մահացության ցուցանիշըՙ մինչեւ 30 (յուրաքանչյուր 100.000 կենդանածինի հաշվարկով), ինչը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (34-35), սակայն գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը (6): Այս տարվա ինը ամիսներին ՀՀ-ում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել ու վերլուծվել են: Ցավոք դրանցից մեկի պատճառը եղել է բժիշկների անփույթ, ուշացած օգնություն տալը: Տկն Սարիբեկյանը անդրադառնալով խնդրին նշեց այն ծրագրերը եւ գործողությունները, որոնք անհրաժեշտ են մոր եւ մանկան առողջության պահպանման համար ու տեղեկացրեց, որ շուտով գործառության մեջ կմտնի նաեւ «Վաղ մանկության առողջության պետական հավաստագիրը» 0-7 տարեկանների համար եւ այդ ուղղությամբ 3 միլիարդ դրամ է հարկավոր:

«Պտղաբերության վերահսկման իրավիճակը, հղիության արհեստական ընդհատում, բեղմնականխում» թեմայով զեկուցեց նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխ. մասնագետ Գայանե Ավագյանը: Ամեն տարի աշխարհում 19 մլն ոչ ապահով աբորտի դեպքեր են գրանցվում, որոնցից 40 %-ը մինչեւ 24 տարեկաններն են: Ամեն տարի վտանգավոր աբորտի հետեւանքներից 75-80.000 կին է մահանում, 68.000 կին վերարտադրողական խնդիրներ է ունենում ոչ ապահով աբորտների հետեւանքով եւ դեղորայքային աբորտի բարդություններից 6 կին է մահացելՙ 10 տարվա ընթացքում: ՀՀ-ում աբորտից մեկ մահվան դեպք է գրանցվել, այն էլ մահացած պտուղը հեռացնելու փորձիցՙ թմրացման ընթացքում: 2009-ին մեր երկրում աբորտների թիվը կազմել է 13797 ինքնաբեր վիժումներինըՙ 3648, արհեստական վիժումներըՙ 10149: Կանանց 37 %-ը կյանքի ընթացքում ունեցել են առնվազն մեկ աբորտ, դրանց շրջանում 64 %-ը ունեցել են 2 կամ ավելի աբորտ: Աբորտների մակարդակը բարձր է հատկապես Գեղարքունիքի մարզում (կապված արտագնա աշխատանքի մեկնող ու վերադարձողների): Այդ եւ այլ խնդիրները լուծելու համար մշակվել է ազգային ռազմավարությունների օրենսդրությունը: Մշակվել է նաեւ հակաբեղմնավորիչ միջոցներ կիրառելու, դրանց մեթոդների իմացության, տարբերությունների եւ օգտագործման մասին հատուկ ուսուցողական ծրագրեր:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4