Ռուսաստանը համաձայնել է Աֆղանստան վերադառնալ Արեւմուտքի պետությունների խնդրանքով, որոնք 21 տարի առաջ մոջահեդներին օգնեցին վռնդելու խորհրդային զորքերին: «Մոսկվան աֆղան զինվորականներին եւ ոստիկաններին սովորեցնում է պայքարել թմրամաֆիայի դեմ, ինչպես նաեւ սկզբունքորեն համաձայնել է ՆԱՏՕ-ին ուղղաթիռներ մատակարարել Աֆղանստանում դրանց օգտագործման համար», գրում է Լոնդոնի The Independent թերթը:
Ներկայումս ՆԱՏՕ-ն բանակցում է Ռուսաստանից հավելյալ ուղղաթիռներ ստանալու, ռուսական տարածքով զենք ու զինամթերք Աֆղանստան տեղափոխելու նպատակով, քանի որ Պակիստանով անցնող ճանապարհը դարձել է խիստ վտանգավոր: Բրիտանական թերթի տվյալներովՙ ՆԱՏՕ-ՌԴ արմատապես նոր համաձայնագրի մասին կհայտարարվի նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
Այս օգնության դիմաց Մոսկվան որոշ պահանջներ է ներկայացնում ՆԱՏՕ-ին: Այսպես, Բարաք Օբաման արդեն հրաժարվել է Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային համակարգի տարրերի տեղաբաշխումից, ՆԱՏՕ-ն համաձայնել է ռուսների հետ խորհրդակցել այդ տարրերը ըստ նոր ծրագրի տեղաբաշխելու հարցում: «Մոսկվան նաեւ կուզենար, որ ՆԱՏՕ-ն կատարված փաստ համարեր Վրաստանի իրավիճակը, որտեղ պատերազմից հետո ռուսական զորքերը մնում են Հարավային Օսիայում եւ Աբխազիայում», ընդգծում է թերթը: