«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


ԵԹԵ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸՙ MIT-Ն Է ՍՊԱՌՆԱՑԵԼ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ, ԱՊԱ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ ԵՐԲԵՔ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

«Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007-ի հունվարի 19-ին: Չհաշված մարդասպան Օգյուն Սամասթին, սպանության գործով ձերբակալվեցին 17 մեղադրյալներ, որոնք բոլորն էլ կալանվել էին: Շուտով կլրանա սպանության 4-րդ տարելիցը, եւ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ դա կբացահայտվի:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ դատախազությունը փոխանակ խորացնելու գործի հետաքննությունըՙ հայտնաբերելու համար սպանության բուն կազմակերպիչներին, կալանքից է ազատում ձերբակալվածներին: Այսպիսով, կալանքը որպես խափանման միջոց ներկայումս կիրառվում է 17 մեղադրյալներից Էրհան Թունջելի եւ Յասին Հայալի նկատմամբ միայն: Ինչ վերաբերում է Սամասթին, ապա նրա գործն էլ հանձնվում է անչափահասների գործերի քննության դատարան այն պատճառաբանությամբ, թե սպանությունը կատարելու պահին նա դեռ 18 տարեկան չի եղել: Այսինքնՙ միանգամայն հնարավոր է Սամասթ կոչված մարդասպանի ազատումը Դինքի սպանության 5-րդ տարելիցին:

Սամասթի հետ հավանաբար ազատ կարձակվեն նաեւ Թունջելն ու Հայալը: Այսպիսով, առանց բացահայտման կկարճվի Դինքի սպանության գործը: Սամասթի գործի հանձնումը անչափահասների դատարան հայտնի է դարձել հոկտեմբերի 26-ին դատական 15-րդ նիստում, որտեղ էլ, ինչպես նույն օրվա համարում նշել է «Թարաֆ» թերթը, ընթերցվել է Ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-ի պաշտոնական գրությունը:

Ինչպես հայտնի է, սպանությունից շուրջ երեք տարի առաջՙ 2004-ի փետրվարի 24-ին Հրանտ Դինքը հրավիրվել էր Ստամբուլի նահանգապետարան: Այնտեղ նրան 2 հոգու ներկայությամբ ընդունել էր Ստամբուլի փոխնահանգապետ Էրգյուն Գյունգորը: Նա, նկատի ունենալով Քեմալ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման մասին հրապարակումները, ասել է. «Պարոն Հրանտ, Դուք փորձառու լրագրող եք, մի՞թե ավելի զգուշավոր լինելու անհրաժեշտություն չեք զգում: Հետո, ի՞նչ կարիք կա այսպիսի հրապարակումների: Ինքներդ տեսաք, թե դրանց պատճառով ինչպես ալեկոծվեց հասարակությունը: Մենք Ձեզ ճանաչում ենք: Բայց ի՞նչ իմանա անծանոթը փողոցում: Նա կարող է մտածել, որ Դուք այդ ամենի մասին գրում եք այլ նպատակով: Մի՞թե հարկ չկա ավելի զգուշավոր լինելու»:

Փոխնահանգապետից հետո, ինչպես սպանությունից մի քանի օր առաջ, 2007-ի հունվարի 12-ին «Ակօսում» անձամբ վկայել էր Դինքը, խոսակցությանը միջամտել է հանդիպմանը ներկա տղամարդը, մյուսը կին էր: Նա փորձել է համոզել մեր հանգուցյալ հայրենակցին լինել զգուշավոր, խուսափել երկրում եւ հասարակությունում լարվածություն առաջացնող ձեռնարկումներից, ավելացնելով. «Որքան էլ հավանություն չտանք Ձեր գրածներին, այնուամենայնիվ գիտենք, որ Դուք վատ նպատակ չեք հետապնդում: Սակայն այսպես կարող են ոչ բոլորը մտածել, եւ Դուք հակազդեցություն առաջ կբերեք երկրում»:

Ակամա հարց է ծագում. ի՞նչ առնչություն ունի Ազգային հետախուզական կազմակերպության դատական նիստին ուղղված պաշտոնական գրությունը Ստամբուլի փոխնահանգապետի հետ Հրանտ Դինքի զրույցին: Այն, որ հանդիպման երկու մասնակիցները եղել են MIT-ի կադրային գործակալներ, եւ Ստամբուլի նահանգապետարանում Դինքը սպառնալիքի թիրախ է դարձել հենց նրանց նախաձեռնությամբ, Աթաթուրքի հոգեւոր հոգեդստեր ծագումը փորփրելու համար:

MIT-ի պաշտոնական գրության մեջ նշված է. «Հրանտ Դինքը Ստամբուլի նահանգապետարան է հրավիրվել մեր գիտությամբ, այնտեղ նրան զգուշացրել էին, որ Սաբիհա Գյոքչենի մասին գրածներով կարող է հասարակական գրգռվածություն առաջացնել»: «Թարաֆն» այս գրությունը որակում է «խոստովանություն»: Մենք էլ մեր կողմից ավելացնենք, որ Սաբիհա Գյոքչենը, լինելով Աթաթուրքի հոգեդուստրը, միաժամանակ խորհրդանշում էր ժամանակակից թուրք կնոջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4