Ի՞նչ եք կարծում, եթե երեխային, որը ինքնահաստատման խնդիր ունի, չպատժես գործած բացահայտ սխալի համար, ի՞նչ կանի նա «վաղը»: Իհարկե նույնը. օրինակՙ եթե գողացել է, ապա վաղն էլ կգողանա, եթե սպանել է, վաղն էլ կսպանի, եթե լկտի է` այդպես էլ կմնա: Նման երեխա ունեցող ծնողները շատ լավ գիտեն, որ ականջները ձգելը երբեմն դրականորեն է ազդում առաջին հերթին երեխայի, ապա նաեւ նրա ու ամբողջ ընտանիքի ապագայի վրա: Հետեւաբար, եթե ուզում ես, որ երեխադ աչքի չընկնի նշված ոլորտներից որեւէ մեկում, ապա անհրաժեշտ է ձգել նրա ականջները, երբ նա առաջին անգամ գողանում է, ասենք, հարեւանի հավը:
«Սֆթա»
Տեղափոխվենք տիպիկ ադրբեջանական գյուղ, տիպիկ ադրբեջանական ընտանիք: Պատկերացնենքՙ ընտանիքի հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում, եւ այդ ընտանիքում մեծանում է «փոքրիկ Ջեյհունը»: Բնականաբար, Ջեյհունը շատ է սիրում երեկոյան, տաք վառարանի առջեւ զրուցել պապիկի` ավագ Ջեյհունի հետ պատերազմի մասին, որտեղ զոհվել է իր հայրը: Եթե նա չուզենա էլ, ապա պապիկի «միջամտությամբ» կլցվի ատելությամբ դեպի հայը, հայկականը: Բակում Ջեյհունն ունի ընկերներ, որոնց պատմում է «պապիկի պատմածները», անշուշտ, հայատյացների թիվը սկսում է աճել:
Մի պահ հեռանանք փոքրիկ Ջեյհունի «հայրենասիրական դաստիարակությունից» եւ պատկերացնենք մի այլ իրավիճակ:
Հարեւանի հավերը հարեւանի բակում քուջուջ են անում: Ջեյհունը, վաղուց աչքի տակ առած լինելով դրանցից մեկը, հաշվի առնելով, որ ինքը Ադրբեջանի հերոսի որդի է, գողանում է նրանցից մեկը եւ բերում տուն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասում նրան տանը` տոհմիկ ադրբեջանական ընտանիքում: Ջեյհունին սպասում է մեծ տոնախմբություն` բոլոր հարազատների մասնակցությամբ: Բոլորը եկել են աչքալուսանքի` տղայի «սֆթա»-ի կապակցությամբ:
Հոկտեմբերի 22-ի համարում «Ազգը», հիմնվելով հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերի վրա, գրեց, որ ադրբեջանական ավանդույթներում գողությունը համարվում է գովելի արարք: Չէ՞ որ երեխան «ճարպկանում» է, կարողանում է «գլխի ճարը» տեսնել:
Ուրեմն տիպիկ ադրբեջանական գյուղում, տիպիկ ադրբեջանական ընտանիքում կա արդեն փոքրիկ գող Ջեյհունը:
«Ղարաբաղը մերն է, Զանգեզուրն էլ, Էրիվանն էլ...»
Դպրոցական տարիներին Ջեյհունի հայատյացությունը կրկնապատկվում է. նա պապիկից լսել էր «հինավուրց Ադրբեջանի» մասին, բայց դպրոցում արդեն ծանոթանում է պատմական գիտությունների թեկնածու Իլհամ Ալիեւի «փաստացի հորինվածքին»: Ջեյհունն իմանում է, որ իր պապիկը, անշուշտ, ճիշտ էր, երբ ասում էր` «Ղարաբաղը, Նախիջեւանը, Զանգեզուրը, Էրիվանը...մերն են»: Այս տարիներին արդեն դեռահասը հաստատապես որոշում է պայքարել «ստի ու կեղծիքի դեմ. պայքարել հայի դեմ»: Իսկ ամեն երեկո ավագ Ջեյհունը նրան 20 մանաթ է տալիս` Ադրբեջանի պատմությունից գերազանց գնահատականների համարՙ «Երեխային պետք է խրախուսել» ասելով:
Մի օր Ջեյհունը ընկերների հետ դպրոցի բակում ծեծում է ազգությամբ ռուս Միխայիլին, որն ընդամենը հրաժարվել էր նրանց հետ գնալ մզկիթ: Այս արարքի համար դպրոցի տնօրենը իր առանձնասենյակ է կանչում «հերոսին» ու... շնորհակալություն հայտնում ամբողջ դպրոցի անունից: Պապիկն այդ երեկո «ուրիշ գրպանից» 50 մանաթ բաշխեց «հերոս-թոռնիկին»:
Հենց դպրոցական տարիներին Ջեյհունը ծանոթանում է Մուրադի հետ, որը, սակայն, որոշ ժամանակ անց ընտանիքով մեկնում է Մոսկվա, եւ որին դեռ կանդրադառնանք:
«Քո խոսքն` ինձ համար օրենք»
Արդեն շրջանավարտ Ջեյհունը որոշում է դառնալ լրագրող: Պապիկը ոգեւորված է. Ադրբեջանում Իլհամ Ալիեւը նույնիսկ բնակարաններ է տրամադրում լրագրողներին, իհարկե` ... ոմանց, «հատընտիրներին»: Հաշվի առնելով, որ Ջեյհունը Ադրբեջանի հերոսի որդի է, թե՛ բուհում, թե՛ արդեն մասնագիտական գործունեության ընթացքում հենց նրան են վստահվում Ղարաբաղի մասին հրապարակումներն ու ռեպորտաժները. «Տղան ցավ ունի, գիտի իրական պատմությունը. այն զգում է»: Եվ ստացվում է այնպես, որ նաեւ Ջեյհունի հրապարակումներով աշխարհը ծանոթանում է «Ղարաբաղի իրական պատմությանը»: «Ադրբեջանի ազգային հերոսները» հրապարակման եւ «նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները հավուր պատշաճի» ներկայացնելու առիթով Ջեյհունը անձամբ Իլհամ Ալիեւից ստանում է բնակարանի բանալիներ: Բնակարանի մի հյուրասենյակում տեղադրվում է կրտսեր Ալիեւի լուսանկարը «Քո խոսքն ինձ համար օրենք է» մակագրությամբ. պապիկը ցնծում է:
«Դիմացն էլ, հետեւն էլ` մեր հողերն են»
Հենց այս բառերն էին Ջեյհունի մտքում, երբ նա կանգնած էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին` որպես «հզորագույն» Ադրբեջանի բանակի զինվոր: Մանուկ ժամանակվանից հայատյաց երիտասարդի համար բնականաբար որեւէ խնդիր չկա ամեն ժամի կրակ բացել «նենգ հակառակորդի» ուղղությամբ, եւ Ջեյհունը այդպես հաճախ է վարվում, չէ՞ որ «դիմացն էլ, հետեւն էլ մեր հողերն են»: Այստեղ փորձենք հասկանալ մեկ այլ բան. ո՞րն է ավելի տրամաբանական, երբ առաջինը կրակում է պաշտպանվող զինվորը, որը որեւէ խնդիր չունի, թե՞ հարձակվողը, որը խնդիր ունի ապացուցելու, ավելին` ինքնահաստատվելու, «հետ գրավելու»:
Ջեյհունի բանակային կյանքին շատ չանրադառնանք. միայն նշենք, որ նրան մի քանի անգամ ծեծում են սպաները, մի քանի անգամ ծառայակից զինվորների հետ է կռվում, բազմիցս որոշում է փախչել, երբեմն ստացվում է, բայց տանը պապիկը հորդորում է նորից վերադառնալ` «սրբազան պարտքին»: «Չէ՞ որ դու Ադրբեջանի ազգային հերոսի որդի ես», պապիկի այս խոսքերը անընդհատ Ջեյհունի ականջներում էին, սակայն նրա մտքով երբեք չէր անցնումՙ իսկ այդ դեպքում ինչո՞ւ են իրեն ծեծում հայրենի բանակի սպաները:
Մի գիշեր Ջեյհունը, որն արդեն դիպուկահար էր դարձել, նշան բռնեց եւ սպանեց Ղարաբաղի սահմանին կանգնած Վարդանին. վերջինս 19 տարեկան էր: Ջեյհունը դարձավ Ադրբեջանի հերոսի հերոս որդի:
Լրահոս
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ (Մարտակերտ) տեղակայված դիրքերի վրա հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգությունից զոհվել է Ստեփանակերտից զորակոչված ՊԲ-ի շարքային զինծառայող 20-ամյա Հարութ Աշոտի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները ճշտվում են: Հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը. «ՀՀ ՊՆ-ն խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական փորձը: ՀՀ ՊՆ-ն խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին եւ հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի նման սադրանքների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
Երեկ «Ազգը» հենց Թեհրանից տեղեկացրեց, որ ադրբեջանցի լրագրողը (հետաքրքական կլիներ պարզել անունը, միգուցե` Ջեյհուն-Հ. Ա.) վայրենաբար ներխուժել է Իրանի մայրաքաղաքում մեկնարկած Մամուլի 17-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավար եւ պոկել այնտեղից Ղարաբաղին նվիրված պաստառը: Այս կապակցությամբ մանրամասնությունները երեկ «Ազգը» ներկայացրեց` Թեհրան գործուղված մեր լրագրողի միջոցով:
Ջեյհունի ընկեր Մուրադը
Ինչպես խոստացանք, այժմ մի փոքր անդրադառնանք Ադրբեջանի հերոս Ջեյհունի ընկեր Մուրադին, որը դպրոցական տարիներից ընտանիքով տեղափոխվեց Մոսկվա: Մուրադը գնաց ռուսական դպրոց, այնտեղ ունեցավ մի քանի այլազգի, այդ թվումՙ հայ ընկերներ: Մուրադի սիրած առարկան դարձավ պատմությունը, պարզապես մոսկովյան դպրոցում այն չէր խմբագրել Իլհամ Ալիեւը: Երբ դեռ դպրոցական էր պարբերաբար հեռախոսով խոսում էր Ջեյհունի հետ` Բաքու. «Ես այստեղ հայ ընկերներ ունեմ. նրանք շատ լավն են», ասում էր Մուրադը: Ջեյհունը այլեւս չցանկացավ խոսել մանկական ընկերոջ հետ:
Մուրադն ամուսնանում է հայուհու` Անուշի հետ, այժմ նրանք ունեն երկու որդի` Ալին եւ Արտավազդը: Ալին Մուրադի պապի անունն է, Արտավազդը` Անուշի: Սակայն ոչ Մուրադի, ոչ Անուշի ընտանիքները երիտասարդ ընտանիքին չեն ընդունում. Մոսկվա-Երեւան եւ Մոսկվա-Բաքու ճանապարհները նրանց համար այլեւս չկան:
Ադրբեջանի հերոսները` իրական հերոսները, սովորաբար չճանաչված են լինում եւ անտեսված:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ