Թեհրանումՙ մամուլի եւ լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, միջոցառման մասնակից լրագրողների հետ հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին :
Հանդիպման հիմնական թեման հարեւան պետությունների հետ ԻԻՀ արտաքին հարաբերությունների զարգացումն ու ամրապնդմուն էր: Անդրադառնալով աֆղանական խնդրին եւ իրանա-աֆղանական հարաբերություններին` Մոթթաքին նշեց, որ Աֆղանստանի հետ հարաբերությունները եղել եւ շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Երկու երկրների հարաբերությունները, Մոթթաքիի հավաստմամբ, բարեկամանական են` հիմնված միանման մշակույթի, քաղաքական հայացքների եւ հետաքրքրությունների վրա: Նա ընդգծեց, որ տարբեր ոլորտներում շարունակվելու է սերտ համագործակցությունը Աֆղանստանի հետ, ինչ վերաբերում է Աֆղանստանում «օտարերկրացիների» ներկայությանը, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը խորհուրդ տվեց անհապաղ լքել տարածքն ու չմիջամտել երկրի գործերին:
Շարունակում են լարված հարաբերությունները իրանա-բրիտանական հարաբերություններում: «Եթե Մեծ Բրիտանիան շարունակի պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Իրանի, ապա հարաբերությունները երկու երկրների միջեւ կբարդանան», ասաց Մոթթաքին` հավելելով, որ ներկա դրությամբ Իրանի քաղաքացիներին գրեթե միշտ մերժում են տրամադրել անցագրային ռեժիմ Մեծ Բրիտանիա այցելելու համար: «Սակայն բրիտանական կողմի այս վարմունքը որեւէ առնչություն չունի երկու երկրների միջեւ ծագած անհամաձայնություններին», ասաց նա:
«Ազգ» օրաթերթի հարցին ի պատասխանՙ Մոթթաքին պատմական եւ արժեքավոր գնահատեց հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլը` հավելելով, որ այսօր դրանք ընթանում են երկկողմ հետաքրքրությունների շրջանակում: Նրա մեկնաբանությամբՙ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները զարգացել են` ապահովելով բարձր մակարդակ: Այդ հարաբերությունները հիմնականում ծավալվում են տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում: «Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը ապացուցող ամենաթարմ փաստը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցն էր Իրան: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին բազմաթիվ նախարարներ, որոնք հանդիպումներ են ունեցել իրանցի գործընկերների հետ ու կնքել բազմաթիվ կարեւոր պայմանագրեր: Վարչապետ Սարգսյանի` Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր մտահոգությունն է արտահայտել Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջն ընթացող աշխատանքների վերաբերյալ եւ հերթական անգամ ներկայացրել իր առաջարկությունը` հանդիսանալ միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` հակամարտությունը խաղաղ կարգավորման եւ բանակցային սեղանի շուրջը լուծելու համար», ասաց Մոթթաքին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան