Գիտնականների հաշվարկներովՙ 2020 թվականին այսօրվա նկատմամբ Հայաստանի բնակչությունը կավելանա ընդամենը 100 հազարով, մինչդեռ Ադրբեջանում բնակչությունը հիմիկվա համեմատ կաճի 1,2, Թուրքիայում 10,9, Իրանում 11, 3 մլն մարդով: Ինչպիսի՞ մոտակա եւ հեռանկարային ծրագրեր ունի կառավարությունը Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը արմատապես փոխելու ուղղությամբ: Այս հարցը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը : Վարչապետ Տիգրան Սարգսյանը դա պետության առաջ ծառացած կարեւորագույն խնդիր համարեց: Պատրաստվել է հայեցակարգ, որի քննարկումները տեղի են ունեցել վարչապետի մոտ` որի նպատակն է գնահատել պետության միգրացիոն քաղաքականությունը եւ դեմոգրաֆիական իրավիճակի շտկման եղանակները: Հասկանալի է, որ սոցիալ տնտեսական իրավիճակի վատթարացման պարագայում տեղի են ունենում միգրացիոն մեծ հոսքեր, իսկ տնտեսական իրավիճակի բարելավման պարագայումՙ ներհոսք: Սակայն, այս բոլորը նշելով, վարչապետը նկատել է, թե վերջին տարիներին արտագաղթի տեմպերը կտրուկ նվազել են` դեռեւս հաշվեկշիռը բացասական է, բայց դրական միտումներ առկա են: Նրա տեղեկացմամբ` ազգային անվտանգության ռազմավարության տեսակետից մշակվող հայեցակարգը նպատակ ունի բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում մեր հայրենակիցների վերադարձի համար: Վերջին շրջանում Միջին Ասիայից պոտենցիալ ներգաղթի միտում է նկատվել, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Ըստ վարչապետի` հարցի լուծման առումով լավագույն մոտեցում է նկատվում այն, որ պետությունը, ՀԿ-ների հետ գործակցելով, ստեղծի ենթակառուցվածքներ, գտնի համապատասխան ֆինանսական միջոցներ` որոնք կտրամադրվեն վերադարձող ընտանիքներին, որպեսզի առաջին փուլում ոտքի կանգնեն, մինչեւ ինտեգրվեն հասարակությանը:
Վիկտոր Դալլաքյանն իր կողմից, հղում անելով գիտական տվյալների, նշել է, որ Հայաստանից արտագաղթում են երեխաները` արտագաղթում է մեր ապագան, երկրորդ խումբը մինչեւ տասնչորս տարեկաններն են, իսկ արտագաղթողների ավելի քան 50 տոկոսը 20-40 տարեկաններն են:
Մ. Խ.