Երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը «Ո՞ւր ես, պետություն» վերնագրով. «Հայաստանում ամիսներ ի վեր մոլեգնում է գների համատարած աճը, որի դեմն առնելուն ուղղված «հակաճգնաժամային ծրագրերը» փաստացի ծիսական բնույթ ունեն: Մեր կուսակցության կողմից ախտորոշված հիվանդության պատճառներն ու տնտեսության առողջացումը մատնանշող քայլերը ՀՀ կառավարության կողմից չդարձան արդյունավետ գործողությունների իրականացում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ներմուծված եւ հարկադիր որդեգրված նեոլիբերալիզմի սնանկ գաղափարախոսությունն ու պրակտիկան արգելակում են երկրում համակարգային փոփոխությունների իրագործումը: Դրան ավելանում են նաեւ նեղկլանային շահերը, որոնք ազատ շուկայական հայաստանյան «դրախտը» մեր ժողովրդի մեծամասնության համար դժոխք դարձրին»: Այս նախաբանից հետո ՀԴԿ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ նվազագույնի է հասցված պետության կարգավորիչ դերը, իշխանությունները իրականում անզոր են պայքարելու օլիգոպոլիաների, մենաշնորհների, ստվերայնության եւ կոռուպցիայի դեմ, իսկ Երեւանի կենտրոնում կառուցված «պոտյոմկինյան գյուղը», պերճաշուք առանձնատներն ու զվարճավայրերը, «հրթիռային» ամենօրյա հրավառություններով համեմված «զանգվածային» խրախճանքներն ընդամենը թաքցնում են իրական Հայաստանը` աղքատ, սոցիալական անարդարության ու իրավական ամենաթողության տակ կքած ժողովրդի դեռեւս լուռ մեծամասնությանը. «Ժողովրդին պետք չէ մեծահարուստների «բարերարությունը», որի ֆինանսական աղբյուրը ներդրածին ոչ համարժեք գերշահույթն է, վարձու աշխատողին չնչին աշխատավարձ վճարելն է, չհարկված ապրանքների վաճառքն է, պահանջվող մաքսային վճարումներից խուսափելն է, եւ այլն, եւ այլն... Այս կերպ «բարեգործության» արդյունքում օր օրի բարձրանում են առաջին անհրաժեշտութան ապրանքների գները: Գողը, ով էլ որ լինի, ինչ «քաղաքակիրթ» ճանապարհով էլ գրպանի ժողովրդի հասանելիքը, պետք է նստի ճաղերի հետեւում: Սա է իրավական պետության գործառույթներից կարեւորագույնը, որի իրականացման պահանջը մշտապես ներկայացնում է հասարակությունը»:
Զգուշացնելով իշխանություններին` Դեմկուսը գործողությունների ծրագիր է առաջարկում` պետական պահուստային պաշարների ձեւավորում, անհրաժեշտության դեպքում ապրանքների ինտերվենցիա շուկայում, գյուղատնտեսության մեջ գնալ տնտեսությունների խոշորացման ճանապարհով, պատժել ստվերում գործող ձեռնարկատերերին, պրոգրեսիվ հարկի համակարգը ներմուծել` որպես օլիգոպոլիաների դեմ պայքարի միջոց. «Այս եւ ազգային-պետական անվտանգության եզրեր ունեցող առաջարկներն անտեսելու դեպքում երկրին սպառնում է սոցիալական լարվածություն, որի դրսեւորումներն արտահայտվելու են անկանխատեսելի տարբեր ձեւերով, ընդհուպ ժողովրդական ընդվզման ալիքի բարձրացում», զգուշացնում է Դեմկուսը: