«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


Digitec Expo 2010 ԿՏԱՐԲԵՐՎԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ

Հավաստիացնում են ցուցահանդեսի կազմակերպիչները

Հոկտեմբերի 29-31-ը տեղի ունենալիք Digitec Expo 2010 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման կապակցությամբ երեկ «Նովոստի» գործակալությունում մամուլի ասուլիսի էին հրավիրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին , Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Դ-Լինկ ինտերնեշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանին :

Կարեն Վարդանյանն այս Digitec-ը առանձնացրեց նախկիններից նրանով, որ մասնակիցների թիվը ավելացել էՙ 40-50-ի փոխարեն հասնելով 65-ի, եւ որ այցելուների թիվը կհասնի 15 հազարի, նախորդ տարվա 12 հազարի փոխարեն: Հաջորդ տարբերությունն այն է, որ զգալի թվով նոր ընկերություններ են ներկայանալու: Առաջին անգամ Հայաստանում Digitec-ին մասնակցելու են օտարերկրյա հայտնի ընկերություններՙ գեմանական «Կրոնեն», սինգապուրյան «Սինգապուր տեխնոլոգիս» եւ այլն: Դա Կարեն Վարդանյանին հիմք է տալիս ասելու, որ այս ցուցահանդեսը միջազգային դարձնելու առնչությամբ իրենց երազանքը իրականություն է դարձել:

Բագրատ Ենգիբարյանն էլ այն կարծիքը հայտնեց, որ Digitec-ը զարգացել է նաեւ որակապես: Այս տարի դրան մասնակցելու են նաեւ կրթական հաստատությունները, այդ թվումՙ դպրոցներ, որոնք ներկայացնելու են իրենց տեխնոլոգիական նոր լուծումները: Բացի դրանից, միջազգային ճանաչում ունեցող շատ ընկերություններ Հայաստանում սկսելու են գործել հենց Digitec-ին մասնակցելուց:

Արմեն Շահնազարյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ մասնակիցների մեջ կան ընկերություններ, որոնց անգամ իրենք չգիտեն, եւ Digitec-ը լավ առիթ է միմյանց ճանաչելու համար:

«1,5 մլն ինտերնետի բաժանորդների հայտարարությունը գովազդային է»

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիքի են նախօրեին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանում 1,5 մլն ինտերնետ օգտագործողներ կան, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ ինքը չգիտի, թե ի՞նչ մեթոդոլոգիայով է այդ հաշվարկն արել Սամվել Արաբաջյանը, եւ եթե դրանց մեջ հաշվում ենք նաեւ սմարտֆոնները, դա այլ բան է: Սակայն օպտիկական ինտերնետի օգտագործողների թիվը շատ եւ շատ ավելի փոքր է: Կարեն Վարդանյանի կարծիքով, այդ հայտարարությունն ավելի շուտ գովազդային բնույթի է: «Եթե հիմա հայտարարում ենք 1,5 մլն, եկող տարի կարելի է հայտարարել 3 մլն, իսկ հետոՙ 3 մլն-ից ավելի, այսինքնՙ մեր երկրի բնակչությունից ավելի ինտերնետ օգտագործողների մասին», ասաց նա, ավելացնելով, որ պետք է ճիշտ թիվը հիմք ընդունենք եւ փորձենք այդ ցուցանիշը ավելացնել:

«Համակարգիչ բոլորին» ծրագիրըՙ այժմ էլ նոյեմբերից

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը ե՞րբ կսկսվիՙ հարցին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նախ տեղեկացրեց, որ Հայաստանում համակարգիչների թափանցման մակարդակը 20 տոկոս է: Նա նաեւ հայտնեց, որ «Համակարգիչ բոլորին» ծրագրի փորձնական փուլն այժմ ընթացքի մեջ է, իսկ բուն ծրագրի սկիզբը հետաձգվեց, քանի որ բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ, որը պետք է ֆինանսավորի ծրագիրը: ՀԲ-ն պետք է տրամադրի 3 մլն դոլար, եթե ծրագրի պայմանները բավարարեն կառույցի պահանջներին: Ծրագիրը պետք է համաֆինանսավորի Հայաստանի կառավարությունը, որը երկու շաբաթ առաջ այդ մասին որոշում ընդունեց: Այդ պատճառներով էլ հավանական է, որ ծրագիրը սկսվի 1 ամսվա ընթացքում: Ներկայումս ընտրվել են այն 40 խանութները, որտեղ պետք է վաճառվեն այդ համակարգիչները, սկսվել է վաճառողների վերապատրաստումը, իսկ «Մայքրոսոֆտը» հայտարարել է, որ Հայաստանի համար կունենա հատուկ զեղչեր: Համակարգիչները կլինեն 6 տեսակի, իսկ մատակարար ընկերությունները կլինեն առնվազն 2-ը: «Ժամանակից առաջ անցնելով, ասեմ նաեւ, որ առաջիկայում կհայտարարվի եւս 2 ծրագիրՙ «Համակարգիչ ուսուցիչների համար» եւ «Համակարգիչ աշակերտների համար», նշեց Բագրատ Ենգիբարյանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4