«Армения и мир» ամսագրի հատուկ թողարկումը
Ռուսաստանում հայերի կյանքին եւ այդ համատեքստում կարեւորություն ունեցող այլ իրադարձությունների է անդրադառնում ՌԴ-ում տպագրվող «Армения и мир» ամսագրի հատուկ թողարկումը: Նախ նշենք, որ համարը նվիրված է Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության տասնամյակին: Այս հոբելյանին նվիրված միջոցառումների ներկայացմանը զուգահեռ ամսագրի հատուկ համարում հրապարակվել են նաեւ նյութեր Արմեն Ջիգարխանյանի, Գարեգին Նժդեհի մասին:
«Որքանո՞վ է հայ մշակույթին եւ հայերին հատուկ հոռետեսությունը կամ լավատեսությունը», այսպիսի հարցով է ամսագիրն ընթերցողներին ներկայացնում գլխավոր խմբագիր Լուսիկ Ղուկասյանը : Հարցադրումը ամեն անգամ խմբագրական գրելիս անհանգստացնում է Ղուկասյանին, թեեւ պատասխանը ամերիկացի հոգեբան Ջուլիա Նորեմի հետազոտության արդյունքն է, որի համաձայն «պաշտպանական հոռետեսությունը ռազմավարական լավատեսությունից վատ չի աշխատում եւ բնավ էլ միշտ չէ, որ պետք է լինել լավատես»:
Ամսագրում ներկայացվում են Ռուսաստանի հայերի միության անցած ուղին եւ տասնամյա հոբելյանի շրջանակներում անցկացված միջոցառումները, որոնց ֆոնին էլ ընթերցողը կարող է ծանոթանալ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ հարցազրույցին, թե ինչպես կարելի է լինել երջանիկ: Աբրահամյանը ներկայանում է որպես հաջողակ, ուրախ եւ լավատես մարդ: Ամսագրում կարելի է ծանոթանալ ոչ միայն Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի կենսագրությանն ու անցած ուղուն, այլեւ այն կազմակերպությունների ճակատագրին, որոնց ստեղծման հարցում իր մեծ ներդրումն է ունեցել Աբրահամյանը:
Ամսագրի էջերում կարելի է գտնել նաեւ հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց հերոսությամբ աչքի ընկած հայազգի զորավարների` մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի, Խուդյակովի եւ Աղանովի, ծովակալ Իսակովի մասին:
«Մշակույթ» խորագրի ներքո Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակին նվիրված հրապարակումն է` Ռուսաստանի առաջին ալիքով նրա հարցազրույցից հատվածներով: Դրան հաջորդող «Դեմքեր» խորագիրը ներկայացնում է Գարեգին Նժդեհին` նրա մտքերով, գաղափարախոսությամբ, գործած արարքներով եւ ապագայի տեսլականով: Իսկ Թուրքիայի հավատափոխ հայերի խնդիրներին անդրադարձը, որ ներկաացված է «Սփյուռք» խորագրով, անդրադառնում է այդ մարդկանց համար էթնիկ ծագմանն առնչվող խնդիրներին:
Պարբերականի թեմաներից վերջին ակորդը TV ARM RU հեռուստաալիքի հեռարձակման մեկնարկին է վերաբերում` ներկայացնելով հարցազրույց հեռուստաընկերության հիմնադիր Տաթեւիկ Աղամիրյանի հետ: Ռուսաստանում առաջին էթնիկ ռուսալեզու այս հեռուստաալիքի գործունեության նպատակը Ռուսաստանի, Հայաստանի, Ամերիկայի ու Եվրոպայի տարածքում ապրող հայերի կյանքի լուսաբանումն է, ներկայացումն այնպես, ինչպես կա:
Ա. Հ.