Մատենադարանի տնօրեն, հրատարակիչ եւ բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի նկարագիրը հաճախ զուգորդվում է ակադեմիական գերազանցության հետ: Նրա պոեզիան հարատեւորեն փորձում է անխզելի կապ ստեղծել անցյալի եւ ապագայի միջեւ: Դա այնպիսի պոեզիա է, որը Հայաստանի հողի վրա թե տարագրության մեջ հանդես է գալիս որպես մեր գոյության երաշխավոր: Երեւանի Մատենադարանում ես տնօրենի աշխատասենյակում ուշադիր լսում եմ նրա խոսքը, ծանոթանում նրա հակասական ներաշխարհին:
Կանաչը նրա պրպտուն աչքերի գույնն է: Դա նաեւ նրա ներաշխարհի անտառների գույնն է. Մակարավանքը Հայաստանի հյուսիս-արեւելքում է, Իջեւանից ոչ հեռու:
Անորոշության եւ տագնապների ներկա ժամանակներում վստահելի գրվածքներ փնտրելը, ճշմարտաբույր գրականությամբ սնվելը իսկական մարտահրավեր է: Ինչպես սփյուռքում, դա յուրահատուկ ձեւ է հաղթահարելու մեկուսացման վիճակը, որն ազդում է լեզվի վրա: Վերջինս տառապում է իրականության բարդությունը եւ հակասությունները նկարագրելու անկարողությունից: Եվ այդուհանդերձ հարկավոր է ապրեցնել այդ լեզուն, որը նկարագրում է մասնատված ժողովրդի ներաշխարհը:
Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունները շոյանքներ են, որոնք գոտեպնդում են կողմնորոշիչները կորցրած հոգիներին: Դրանք զեփյուռ են, նոր շունչ, այսօր եւս գոյատեւող հին ժամանակների արձագանք:
Գրիգոր Նարեկացինՙ ներշնչանքի անսպառ աղբյուր
Մեր գրականության մեջ տեսանելիության չափից անկախ, Նարեկացին ազդել է բազմաթիվ բանաստեղծների վրա: Օրինակ բերեմ Սիամանթոյին, Տերյանին, Չարենցին կամ Պարույր Սեւակի «Եղիցի լույս» ժողովածուն: Նրանք բոլորը լուսավորվել են Նարեկացու միստիկայի, նրա երկի շնչով, որը ընդունում է հավերժության ճշմարտացիությունը: Ես համոզված եմ, որ մենք շղթայի այն օղակն ենք, որը կապում է անցյալն ու ապագան. Նարեկացին մեզ միջոցներ տալիս ինքնակառուցվելու անցյալից չհրաժարվելով առաջ գնալուց մեր գրականությունը մշտապես նորացնելու համար:
Գրիգոր Նարեկացու երկերում նեոպլատոնականության գերակշռող տեղը Դիոնիսոսի ուսմունքի ուղղակի արձագանքն է: Նարեկացին ստեղծում է մի հիմք, որի վրա կառուցվում է մի քրիստոնեական աստվածաբանություն, աճում է մեր հավատքի միստիկան, ինչպես նաեւ մեր ստեղծագործական ունակության բոցը:
Ես ընդհատում եմ նրան.
- Այդուհանդերձ սփյուռքում նա պախարակվել է: Հիշեցեք Շահնուրի «Նահանջը առանց երգի» ստեղծագործության կերպար Սուրենին:
- Դա ճիշտ է, բայց նա կարողացե՞լ էր արդյոք ըմբռնել Նարեկացու մեծությունը, հետազոտություն կատարել մեկ ուրիշ տեսանկյունից: Ժամանակակից բանաստեղծը պարտավոր է սեփական ներաշխարհի որոնումներում հետեւել այդ ավանդույթին. խոսքը ճշմարիտ հոգեւորի, վեհության որոնման մասին է: Այսօրվա հայ բանաստեղծը պարտավոր է տոգորվել մեր առասպելներով, մեր միջնադարյան առակներով. բանաստեղծական որոնումների այդ ոլորտը մեզ թույլ է տալիս ավանդույթ վերստեղծել մեր ժառանգության հիման վրա:
Արդի պոեզիայից համապատկեր. ստեղծագործական ուժի ճգնաժամ
Անկախացմանը հաջորդած խավար տարիները միահյուսվում են բացարձակ ճգնաժամի ոգով: Այդ քաոսի պայմաններում գրական ասպարեզում հայտնվում է այսպես կոչված «ավանգարդային» բանաստեղծների մի նոր սերունդ: «Ավանդույթը նրանցով խզվեց: Մերօրյա տեքստերի մեծամասնությունը լոկ արտաքին փայլ է. պակասում են հոգին, մետաֆիզիկական խորությունը», հառաչում է Հրաչյա Թամրազյանը:
- Ի՞նչ եք ակնկալում արդի հայ բանաստեղծից եւ նրա դերից:
- Ես ակնկալում եմ, որ նա հետազոտի մի հոգեւոր կածան, գտնի մարդու ցավերի, հասարակության խնդիրների լուծումը, պատասխանը: Բանաստեղծի դերն է ձեռնարկել մետաֆիզիկական որոնում, թափանցել մարդու բարդ էության խորքը: Պոեզիան պարտավոր է գտնել մեր հարցումների պատասխանները, հարթել նոր ուղիներ: Այսօր մենք հեռու ենք դրանից: Ստեղծագործական աշխատանքը շատ մակերեսային է: Պարգեւատրում ենք երեւութականությունը, բայց չկա իսկական ստեղծագործություն:
Հրաչյա Թամրազյանի կարծիքով, Հայաստանի արդի պոեզիան դժվարությամբ է շնչում, աչքաթող է անում գլխավորը: Դա առաջ նետվող մի խառնածին գրվածք է, որն անտեսում է մարդու մետաֆիզիկական որոնումը: Առկախ է մնում մի հարց. արդյոք սա ստեղծագործական ունակությա՞ն ճգնաժամ է, թե՞ մեկենասության ճգնաժամ, որը կասեցնում է մշակույթի ծաղկումը: Թամրազյանը կարեւորում է առաջինը:
Այսօրվա պոեզիան այնքան մակերեսային է, որ լրջորեն չի ընդունվում, քանզի ճաք, չեղքվածք է առաջացնում մեր հոգեւոր աշխարհի եւ նյութական աշխարհի միջեւ: Գրելիս հարկավոր է մտածել, որ ինչ-որ մեկը լսում է մեզ, որ կա արձագանք, որ մեր խոսքը անխուսափելիորեն մեզ է վերադարձվում:
Իր խաչի վրա տառապող ժողովուրդ
Ինչպե՞ս վերաբերվել այստեղի եւ այնտեղի տառապանքին: Բանաստեղծը լիովին գիտակցում է Սփյուռքի մասնատումը: Նրան նաեւ հայտնի է, թե որքան դժվար է ստեղծել հիշատակի ճնշող բեռից զերծ մշակույթ: Ասում են, մասնատում գոյություն ունի նաեւ Հայաստանում: Ցավատանջ Հայաստան, որը պայքարում է օտարամոլության եւ ապագայի հետ կապված երկյուղների դեմ: Հրաչյա Թամրազյանը մերժում է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ ճեղքվածքի գոյության պնդումները, ընդունելով ամենօրյա փոխլրացման փորձը: «Մեր մշակույթը մեզ փրկել է մահից, բայց մենք կարող ենք այն սպանել, եթե համարենք քարացած գործիք: Շատերը այն համարում եմ (մանավանդ Սփյուռքում) երազային անցյալի փառաբանման միջոց, բայց շատ արագ մոռանում են մեր միջնադարյան ավանդույթի վիթխարի ներդրումը, ավանդույթ, որը մեր հավատքի ու հարատեւության երաշխավորն է: Եթե որպես օրինակ վերցնենք միջնադարյան խաչքարերը, ակնհայտ է, որ դրանք միանգամայն տարբեր են այսօրվաններից: Այլ կերպ ասած. սիմետրիան հակադրում է կյանքի մշակույթը եւ մահվան մշակույթը»:
Հայ գրքի հրատարակություն եւ տարածում
«Նաիրի» հրատարակչության ղեկավար Հրաչյա Թամրազյանի կարծիքով, գրքի թողարկումը անկում է ապրում, մասնավորապեսՙ պետության անբավարար օժանդակության պատճառով:
Անհնար է հրաշքներ գործել. տպաքանակը շատ փոքր է, տարածումը գրեթե զրոյական է, շուկանՙ աննշան: Անկախությանը հաջորդած մասնավորեցումներից հետո շուկան փլուզվեց: Խորհրդային ժամանակաշրջանում մենք Երեւանում ունեինք վեց տասնյակ գրախանութ, այսօր մնում է հազիվ մեկ տասնյակ: Ամեն տարի լույս են տեսնում որակյալ գրքեր, բայց ինչ գնով... Դասախոսները եւ ուսանողները չեն կարողանում ձեռք բերել իրենց համար նախատեսված աշխատությունները:
Հայաստանում չկա գրքի քաղաքականություն, ինչպես Ֆրանսիայում, որտեղ կան գրքի ազգային կենտրոն եւ մշակույթի նախարարության օժանդակություն, իսկ գրական աշնան սկիզբը նշանավորվում է 700-ից ավելի վեպերով: Թամրազյանը խոստովանում է, որ նույնիսկ Հայաստանի փոքր մասշտաբներով չի հաջողվում կիրառել համանման նախաձեռնություններ:
«Երկու տարի հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ սկսվելու է «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումը: Պետության եւ մասնավոր կազմակերպությունների օժանդակության բացակայության պայմաններում կբավարարվենք շքեղ աշխատությունների, գեղեցիկ գրքերի վերահրապարակմամբ, սակայն գիրքը որպես այդպիսին ավելի մատչելի չի դառնա ընթերցողին», շարունակում է Հրաչյա Թամրազյանը:
Ճառ ի նպաստ սթափության
«Ավելի քան երբեւէ անհրաժեշտ է մեր մշակույթին վերադարձնել իր գրավչությունը», ասում է Մատենադարանի տնօրենը: Անշուշտ, դա յուրովի թույլ կտա հաղթահարել հայ հասարակության մեջ առկա օտարամոլությունը:
Մեր ժողովուրդը պետք է սնվի իր գանձերից, գտնի իր ուղինՙ զինված լուսավորիչ հոգեւոր էներգիայով: Մինչդեռ առկա է կեղծ մասունքների երկրպագության ցավալի միտում: Մենք պետք է ընդվզենք մեր մշակույթի առաջընթացը կասեցնող կույր պաշտամունքների դեմ:
Հրաչյա Թամրազյանը հորդորում է ձերբազատվել նորմատիվային շղթաներից, շլացուցիչ ոսկե հորթից, ներկան նրան չի սարսափեցնում: Նա մեզ առաջարկում է ճեղքվածքը լցնել մեր ստեղծարար գործունեությամբ, որը մեր հոգեւոր հնարավորությունների արգասիքն է:
- Ես միշտ փորձում եմ շեշտը դնել մշակութային խնդիրների ոչ թե ընդհանրական, այլ անհատական մոտեցման վրա: Դա ինձ օգնում է հաղթահարել համահարթեցումըՙ հանուն ընդհանուր շահերի: Կարեւորում եմ Սփյուռքի եւ Հայաստանի արվեստագետների անհատական կապերը: Այդ գործակցությունը պետք է դուրս գա մշակութային այնպիսի կազմակերպությունների շրջանակներից, որոնցից է գրողների միությունըՙ անցած ժամանակաշրջանի մնացուկներից մեկը: Այդ կառույցները շնչահեղձ են անում գրողին: Գրչակիցների շրջանում ճանաչվելու համար գրողը կարիք չունի ցուցադրելու իր ստեղծագործությունը: Եթե այդ հնամոլությանը վերջ դնենք, մեր երկիրը կառաջադիմի:
Այս խոսքերով Հրաչյա Թամրազյանն ուզում է նորացնել բանաստեղծի եւ նրա իրականության դաշինքը, որը պետք է նշվի ամեն օր: Ժամանակն է հրաժեշտ տալ մեր բարեկամին: Բայց ինչպե՞ս հրաժեշտ տաս արգասավոր մտախոհությանը: Ուրախության եւ թախծի միախառնված զգացում միեւնույն ժպիտով, ինչպես նաեւ նոր հանդիպման խոստում...
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Երեւան-Փարիզ, Ֆրանս. թարգ. Պ. Ք.