Նրանք, ովքեր չորեքշաբթի երեկո Մարզահամերգային համալիրում բախտ ունեցան վայելելու Ջո Կոկերի համերգը, կարող են ինձ հետ վկայել, որ ամենից աչքառու բանը երգչի պրոֆեսիոնալիզմն էր: Շուրջ 50 տարի ռոքի եւ բլյուզի ասպարեզում հանդես եկող աշխարհահռչակ արվեստագետն այդ գիշեր կրկին ու նորից փայլեց իր կատարողական վապետությամբ, այսինքնՙ պրոֆեսիոնալիզմով: Ուրիշ ոչ մի բանով չի կարելի բացատրել այդ տարիքում (66) եւ նման ժանրում շուրջ մեկուկես ժամ առանց ընդմիջման եւ սկզբից մինչեւ վերջ նույն ուժգնությամբ եւ զգացմունքայնությամբ նրա 20 կատարումները: Նրա բոլոր ստեղծագործությունները չէ, որ ծանոթ էին հսկա դահլիճում հավաքված բազմությանը, բայց երգչին հաջողվեց ունկնդրին անընդհատ պահել իր «ափի» մեջ եւ հետզհետե, հատկապես «You Are So Beautiful» երգից հետո ուժգնացել եւ մինչեւ վերջ պահել զգացմունքային ալիքը: Դա դաս էր նաեւ մերոնց:
Մինչդեռ, համերգից առաջ ես էլ, ինչպես ինձ նման թերեւս շատերը, մտածում էի, որ Հայաստան է հրավիրվել հերթական «ժամանցված» նախկին «աշխարհահռչակը», որը զրկվել է հետաքրքրական ու շահավետ այլ հրավերներից: Ընդհակառակը, Ջո Կոկերն ապացուցեց, որ խնամքով է մոտենում իր յուրաքանչյուր ելույթին, նույնիսկ իր համար անծանոթ երկրի անծանոթ արվեստասերների առաջ: Դա նույնպես փաստ է պրոֆեսիոնալիզմի: Մանավանդ որ երգիչը շողոքորթ ոչ մի բառ չարտասանեց անծանոթ հանդիսատես-ունկնդիրներին շոյելու, գրավելու համար, ինչպես անում են շատերը: Միայն ամենավերջումՙ խոստումՙ նորից հանդիպելու:
Անշուշտ: Եթե մատչելի լինեն տոմսի գները, թեեւ մեծ էին նաեւ համերգի կազմակերպիչների տված հրավիրատոմսերի քանակը:
Իսկապես, «Ամերիաբանկի» կողմից անմոռանալի նվեր էր այս համերգը երեւանյան հասարակությանը: «Ամերիաբանկն» իր 100-ամյակի առթիվ խոստանում է հետագա նոր անակնկալներ: Սպասում ենք:
Յ. Ա.