Երեկ առավոտից youtube.com կայքում տեղադրվել էր մի տեսագրություն, որտեղ ներքեւի պլանից կարծես թե թաքնված տեսախցիկով նկարահանված էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որ խոսում է ենթադրաբար հայ համայնքի ներկայացուցիչ ակնոցավոր մի երիտասարդի հետ: Ճիշտն ասած, Բայդենի ձայնը վատ է լսվում` զուգահեռ խոսակցություն կա, որ խանգարում է լսել կարեւոր հատվածները, ինչ-որ պահ հստակ լսվում են «Հայաստանի նախագահ» բառերը: Բնօրինակը լիակատար վերականգնելու մեր ապարդյուն փորձերից հետո օգտվեցինք կայքերում տեղադրված թարգմանության սղագրությունից, որի իսկության մասին ոչինչ ասել չենք կարող: Ըստ այդ սղագրության` հայ համայնքի ներկայացուցիչ երիտասարդը Ջո Բայդենին ասում է, թե իրենք (հայ համայնքըՙ ենթադրաբար) շատ մտահոգ են, եւ ուզում է իմանալ` ո՞րն է այն մեսիջը, որ կարող է փոխանցել հայկական համայնքին: Այս խոսակցությունը տեղի է ունենում ապրիլի 24-ից առաջ: Պատասխանն, ըստ այդ սղագրության, այսպիսին է. «Ինչ որ պետք է փոխանցեք ձեր համայնքին, այն է, որ մենք չենք աջակցում: Թուրքերը պետք է գան գիտակցության, թե ո՞րն է իրականությունը: Եվ այն, ինչ պետք է մենք անենք, այն է, դուք գիտեք, այս, շարունակվող կոմպրոմիսը, որի վրա աշխատում ենք միառժամանակ... Ասեք նրանց, որ Հայաստանի նախագահն էր, որ զանգահարեց ինձ եւ ասաց. «Տեսեք, մի բարձրացրեք այս հարցը հիմա, երբ մենք բանակցությունների մեջ ենք»: Անցանք առաջ: Հիմա դա անցյալ է: Ամեն դեպքում իրականությունը մի օր երեւան կգա»:
Այս խոսակցությունը մի փոքր անորոշ է, եւ պետք է ենթադրություններ անել, թե խոսքը հատկապես ինչին է վերաբերում:
Հետեւեցին բազմապիսի վերլուծականներ առ այն, որ Հայաստանի նախագահը փաստորեն այսպիսով խոչընդոտել է «Ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին Օբամայի արտասանելուն, որ այս տեսագրությունը հաստատ Աստրախանի Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից եւ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ ամերիկյան շրջանակներից է դրվել շրջանառության մեջ` խանգարելու ԼՂ կարգավորման հարցում ռուսական նախաձեռնություններին տրվելուց եւ հիշեցնելու ԱՄՆ-ի մասին, անգամ այդ տեսանյութը «հսկիչ կրակոց» անվանողներ եղան, հիշեցին ԱՄՆ-ում ձերբակալված հանցագործ խմբին եւ այլն: Ո՞վ եւ ինչո՞ւ է այս տեսանյութը տեղադրել youtube.com կայքում ` սա իսկապես պարզելու բան է. պարզ հերքումներից բացի` հարկավոր կլինեն համոզիչ փաստարկներով ամրացված բացատրություններ` ընդհուպ Ջո Բայդենի եւ հայ համայնքի տվյալ ներկայացուցչի կողմից:
Այլապես սա խնդիր է դառնում պետության համար` պետության եւ նրա նախագահի արժանապատվության հարց է նախ, հետո կասկած է սերմանվում հասարակության մեջ, որ Սերժ Սարգսյանը հրապարակորեն խոսում է «Ե՞րբ պիտի լինի հայկական Նյուրնբերգը» եւ դրան նման պոստուլատներով, իսկ զանգի միջոցով անում է հակառակը: Լավ կլինի պարզել նաեւ տեսանյութը ինտերնետում տեղադրողի ինքնությունը, քանի որ սա արդեն միայն անձերին չի ուղղված, ասացինք արդեն` այլ հայկական պետության արժանապատվությանը:
Երեկՙ օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հերքեց տեսանյութում ասվածը. «Հայաստանի Հանրապետության նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում եւ պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»:
Առավել եւս` մեր ասած պարզումները եւ պարզաբանումները մնում են հրատապ:
Մ. Խ.