Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» զուգահեռաբար երկու հարցազրույց էր հրապարակել Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանի եւ Մոսկվայի հայ կաթոլիկների համայնքի ավագ քահանա Գեորգ Նորատունկյանի հետ: Սրբազանի հետ հոգեւոր թեմայով խոսակցությունը ծավալվել էր Ռուսաստանի մայրաքաղաքում եկեղեցական մեծ համալիրի կառուցման ֆոնի վրա: Բնավ էլ ոչ սուբյեկտիվ նկատառումներով (հաճախ եմ «Ազգի» էջերում ներկայացրել Եզրաս սրբազանի անխոնջ գործունեությունը), այլ հենց պատկանելությամբ Հայ առաքելական եկեղեցուն, ինձ շատ ավելի հոգեհարազատ էր առաջին նյութը: Իսկ ահա անսովոր, արտասովոր ու գուցեեւ էկզոտիկ տրամադրություններ էին առաջանում, երբ ծանոթանում էի հայ կաթոլիկ քահանայի մտքերին ու դատողություններին: Խոսքն, անշուշտ, չի վերաբերում ինչ-որ դատարկ դատապարտումների, թե ինչո՞ւ են հայերն ընդունել կաթոլիկություն: Դրա համար երեւի եղել են հանգամանքներ, եւ հարկ չկա այստեղ տուրք տալ պատմական էքսկուրսներին: Առավել եւս, որ քահանայի այն միտքը, որ ժամանակին Լեհաստանում եղել է մոտ 200-հազարանոց կաթոլիկ հայ համայնք եւ որի հետքն էլ չի մնացել, խորհելու տեղիք է տալիս:
Նորատունկյանի բերած տվյալներով, Ռուսաստանում ապրում է 80-200 հազար կաթոլիկ հայ, որոնք հիմնականում այստեղ են եկել անցյալ դարի իննսունականներին Վրաստանիցՙ Ախալքալակից եւ Ախալցխայից: 2001 թվականին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես-Պետրոս 19-րդը որոշել է, որ այստեղ գոյացել է մեծ համայնք եւ որ այնտեղ պետք է լինի հոգեւոր առաջնորդ: Ներկայումս համայնքներ կան Սոչիում, Ադլերում, Լազարեւսկում, Տուապսեում, Արմավիրում, Կրասնոդարում, Ուլյանովսկում, Դոնի Ռոստովում եւ այլուր: Քահանան լինում է այն վայրերում, որտեղ կա առնվազն 100 կաթոլիկ հայ ընտանիք:
Հայ կաթոլիկ համայնքները Ռուսաստանում դեռեւս պաշտոնապես գրանցված չեն, թեեւ դիմել են համապատասխան իշխանություններին: Բուն Մոսկվայում եկեղեցական կյանքին մասնակցում է ավելի քան երկու հազար ընտանիք: Ռուսաստանում ծառայության են չորս քահանա:
Նորատունկյանը հատուկ նշում է, որ կաթոլիկ հայերի եւ առաքելական հայերի միջեւ չկան այնպիսի էական տարբերություններ, ինչպես կաթոլիկների եւ ուղղափառների միջեւ: Մեզանում փոքր-ինչ տարբեր են որոշ ավանդույթներն ու ծեսերը: Հավատացյալները փոխադարձաբար կարող են լինել երկու եկեղեցիներում էլ:
Կաթոլիկ հայ քահանան թղթակցի խնդրանքով հանգամանորեն պատմում է հայ կաթոլիկ եկեղեցու կառուցվածքի, պատմության, յուրահատկությունների մասին եւ այլն: Ռուսաստանին առնչված դժվարությունների մեջ առանձնացնում է քահանաների սուր պակասը: Բանն այն է, որ Ռուսաստանը չի դիտվել որպես «հեռանկարային» երկիր, եւ ռուսերեն իմացող քահանաներ չեն պատրաստվել: Եվ երբ պատրիարքը ծառայություն է առաջարկում Ռուսաստանում, շատերը հրաժարվում են հենց այդ պատճառով: Առաջինը Ռուսաստանում ծառայել է 6 տարի, ինքըՙ Նորատունկյանը, երեք տարի, սպասվում է նորի գալուստը:
Թերթի թղթակցի այն հարցին, թե, այդուհանդերձ, Հայ կաթոլիկ եկեղեցին ապագա ունի՞ Ռուսաստանում, Նորատունկյանը պատասխանում է. «Ապագա՞: Դա միայն Աստված գիտի»: Սակայն նա հույս է հայտնում, որ ամեն ինչ կարվի, որ Ռուսաստանի համայնքը չկրկնի լեհահայերի բախտը:
Ինչպես ասվեց, իրոք հակասական մտքեր է առաջացնում այս զրույցը: Գուցե սարսափելի ոչինչ չկա, որ հայերիս մեջ կան զգալի թվով կաթոլիկներ, այդ թվում նաեւ ռուսաց հողում: Ի վերջո սա աղանդ չէ: Բայց եւ մյուս կողմից մտածում եսՙ մեր ինչի՜ն են պետք նման կրոնական տարանջատվածությունները: Փոքր ազգ ենք: Վերհիշեցի մի պատմություն: Մի անգամ «խորհրդակցություն» էր Եզրաս սրբազանի մոտ: Հեռավորարեւելյան քաղաքներից մեկից եկած քահանան պատմեց, որ կաթոլիկ մի հայ խնդրել է կնքել որդուն, բայց երբ եկել է նրա տուն, «կաթոլիկ» կինը մեծ սկանդալ է սարքելՙ խափանելով ծիսակատարությունը:
Չխենթանանք, բայց...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա